Դատախազն ասում է՝ տղա ջան, տեսանյութերում, որ երևում է՝ իրենք են քեզ ծեծում, դա չի նշանակում, որ դու իրենց չես ծեծել

Դատախազն ասում է՝ տղա ջան, տեսանյութերում, որ երևում է՝ իրենք են քեզ ծեծում, դա չի նշանակում, որ դու իրենց չես ծեծել

Hraparak.am-ին է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Յարմալոյանը, որին ամիսներ առաջ Լոռու մարզի առաջին ատյանի իրավասության դատարանը դատապարտել է 3․5 տարի ազատազրկման: Շուրջ 6 ամիս առաջ երիտասարդի եւ Լոռու մարզային պարեկների միջև միջադեպ է գրանցվում, որի ընթացքում Արթուրի խոսքերով՝ իրեն եւ եղբորը տասնյակից ավել ոստիկաններով ծեծի են ենթարկում, բայց արդյունքում դատապարտվում է ինքը: 4 ամիս կալանավայրում մնալուց հետո Արթուրի խափանման միջոցը փոխում են՝ ազատ արձակելով՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով: Արթուր Յարմալոյանն այս վճռի հետ չի համակերպվում, դիմել է վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու, վերաքննիչում առաջին նիստը չի կայացել, քանի որ տուժողները եւ դատախազը չեն ներկայացել, հաջորդ նիստը հունվարի 9-ին է, որից Արթուրը ևս առանձնակի ակնկալիք չունի, սակայն  ամեն գնով պայքարելու է՝ արդարության հասնելու:

«Ինչի համար պիտի քրեական հոդվածը շալակեմ , ման գամ, որ մեղավոր չեմ : Մի հատ էլ, ինձ ասում են՝ շնորհակալ եղի, լավություն ենք արել, որ խափանման միջոցդ փոխել ենք, դատախազն էլ իր հերթին՝ թե գնա, որտեղ ուզում ես՝ բողոքի»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասում է Արթուրը՝ մանրամասներ պատմելով դեպքից․

«Էդ օրը եղբորս հիվանդանոց էի տանում․ ձեռքն էր կոտրել: Սպիտակ-Գյումրի մայրուղուն երկու մեքենայով պարեկները կանգնեցրին: Իջա, հարցրեցի պատճառը, ասեցին ՝ ուժեղացված ծառայություն է, մեքենան պիտի զննենք, ասացի՝ ինչ անում եք, արեք, միայն արագ, որովհետև հիվանդանոց եմ գնում: Զննեցին մեքենան, վերջում, թե քեզ ու ուղևորին պիտի նույնականացնենք, տեսնենք՝ ով եք, ասացի՝ եղբայրս վարորդական ունի, ես չունեմ, քանի որ ձեռքը ջարդել է, ես եմ վարում, որ հիվանդանոց հասնենք,  իրենք էլ՝ թե բա, պլաշատկա պիտի ավտոն տանենք: Դե , ենթարկվեցինք, եղբայրս  տեսավ ՝ ոնց նեղվեցի, թեքվեց ինձ, ասեց՝ վեջդ մի դիր, դուխդ մի գցի: Էդ բառի վրա տենամ՝ եղբորս պոլին տվին:Ու էդենց իրանք հա եկան, դառան 4-5 ավտո, եղբորս էդ վիճակում ծեծեցին, վրան գազ փչեցին, ինձ կանդալեցին, մեքենան գցեցին, հետո ինձ տարան բաժին, 2 օր պահեցին, գործ հարուցեցին: Դատարանում եմ իմանում, որ իրենց ծեծել եմ, մեքենան ջարդել եմ: Դատախազն  ասում ա՝ 4 հոգի տուժող, 9-ը վկա կա:Դատին իրենց մեծ մասը չի եկել, առերեսում չի արվել, իրենց գրավոր ցուցմունքների հիման վրա ինձ դատում են: Շըփ-թըփ, 2 դատական նիստ են անում ու ինձ 3,5 տարի են տալիս: Ես բացատրում եմ, ասում եմ՝ ախր տեսանյութերը, ձայնագրությունները կան, որտեղ երևում է, որ տաս հոգով ինձ են ծեծում, ես ոնց եմ իրենց ծեծում, դատախազն ասում է՝ տղա ջան, տեսանյութերում, որ երևում է՝ իրենք քեզ ծեծում են, դա չի նշանակում, որ դու իրենց չես ծեծել: Դատավորն էլ կին է, միլիցուն հարցնում է՝ սա դու չես, որ խփում ես, սա էլ ես դու, մենակ քեզ եմ տեսնում, որ խփում ես, բա հետո ասում ես՝ ինքն ա մեզ ծեծել: Ու էդքանից հետո մեկ ա, էլի ինձ են մեղավոր ճանաչում: Ես որ պնդում եմ, թե էլի տեսանյութեր կան, թող դատավորը նայի, արդեն դատավորն է հակառակվում: Ասում է՝ կին եմ, անհարմար է, հավես չունեմ դրանք նայեմ,  ձեր ծեծկռտուքն ու հայհոյանքներն են»:

Նշենք, որ գործով դատախազ Պապոյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսազանգերին չպատասխանեց: Զրուցեցինք Արթուր Յարմալոյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ․ « Առաջին ատյանի դատավարությունը խայտառակություն էր: Իրականում, այդ վճռի հետ համակերպվելու չէ : 4-5 տարբեր տեսանյութ կա, որտեղ հստակ երևում է՝ Արթուրը որևէ հպում անգամ չի անում, հակառակ, պարեկներն են հայհոյում, խփում,  ու դատապարտել 3,5 տարի ազատազրկման անմեղ մարդուն: Հիմա բողոքարկել ենք վերքննիչ, տեսնենք՝ ինչ կլինի»,- Hraparak.am-ին ասաց փաստաբանը:

Ի դեպ, Արթուր Յարմալոյանը մեզ է տրամադրել նաև առկա տեսանյութերը, որոնք հարկ եղած դեպքում կարող ենք հրապարակել: