Ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց նախ պետք է պարզել՝ նա ադեկվա՞տ է, թե՞ ոչ

Ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց նախ պետք է պարզել՝ նա ադեկվա՞տ է, թե՞ ոչ

Երեկ, «Էրեբունի պլազայի» դեպքերից հետո, «Հրապարակ»-ը տրամաբանական մի հարց էր բարձրացրել․ եթե Արթուր Թորոսյանը Քոչարյանի կողմնակիցն է և օգոստոս ամսից սկսած` գրառումներ է արել, որ երկրորդ նախագահը պետք է ազատ արձակվի, ուրեմն ինչու՞ էր գնում Քոչարյանի գրասենյակի մոտ կրակելու, պատանդներ վերցնելու, որ Քոչարյանի ազատ արձակու՞մը պահանջի։ Մի քաղաքացի էլ արձագանքել էր՝ տեղեկացնելով, որ գնացել էր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից իր փողը ստանալու։ Այս և մի քանի այլ հարցերի մասին «Հրապարակ»-ը խոսել է Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-Պարոն Սողոմոնյան, սկսենք նրանից, թե այդ անձին Դուք ճանաչո՞ւմ եք։

- Նախ սկսենք նրանից, որ ես այդ անձին չեմ ճանաչում։ Երկրորդ․ կա մի կարևոր հարց, որի պատասխանը չունենալու դեպքում մնացած հարցերի պատասխանները կարող են խնդրահարույց լինել։ Խոսքս այս մասին է՝ նշված անձը հոգեպես առո՞ղջ է, թե՞ ոչ, ադեկվա՞տ է, թե՞ ոչ։ Եթե ադեկվատ է, պարզենք իր մոտիվացիաները, քննարկենք, եթե ադեկվատ չէ, ուրեմն թող համապատասխան մասնագետներն իրենով զբաղվեն։ Այդ դեպքում ես մեկնաբանելու ոչինչ չունեմ։

-Ինչ-որ կասկածներ ունե՞ք, որ ադեկվատ չէ:

-Չէ, ուղղակի այն գործողությունները, որ հիմա նկարագրվում են, և՛ մամուլում, և՛ ականատեսների կողմից, նման ենթադրության տեղիք տալիս են։ Ես ու Դուք դա չենք կարող որոշել, դա պետք է որոշեն պատշաճ, պատկան մարմինները։ Դրա համար եկեք սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է, ո՞վ է, ի՞նչ է ուզում, և այդ դեպքում, ըստ այդմ, կմեկնաբանենք։

- Իսկ փորձե՞լ եք հարցուփորձ անել՝ ձեզ մոտ գնացել-եկե՞լ է․․․
 

-Հարցն այդ տեսանկյունից ինձ չի հետաքրքրել։ Իմ զբաղմունքն էլ չէ` հետաքննել իր գործողությունները։

-Բազմաթիվ մարդիկ իր «ֆրենդլիստում», Թևանյան, Բոզոյան և այլն, նայել եք՝ կա՞ք։

-Ես Ֆեյսբուքում հաշիվ չունեմ, ու ճիշտն ասած՝ լավ էլ չեմ հասկանում, այս հարցում առանձնապես կոմպետենտ չեմ։

-Պարոն Քոչարյանը տեղյա՞կ է այդ միջադեպից։

-Կարծում եմ՝ երբ մոտակա այցելուն գնա իր մոտ, կտեղեկացնի, չգիտեմ։ Համենայնդեպս, ես այդ հնարավորությունը չունեմ։

-Մի խոսքով՝ հավատում եք, որ այդ մարդը Ձեր կողմնակի՞ցն էր, կամ չե՞ք հավատում։

- Եթե կոֆեի բաժակ նայելով լիներ, ինչ-որ բան կասեի, բայց հիմա որևէ տեղեկություն չունեմ, ո՞նց պատասխանեմ, չգիտեմ։

-Այսօր գնացե՞լ եք աշխատանքի, բոլորն այդտե՞ղ են, թե՞ գրասենյակը կնքված է։

-Չէ, ինչո՞ւ է կնքված․․․

-Դե, նախաքննություն, քննչական գործողություններ։

-Չէ, սովորական  աշխատանքային ռեժիմով աշխատում ենք։ Ի  դեպ, հիմա էլ եթե դեմ չեք, շարունակեմ աշխատել։