Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկու ամսով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը կալանավորվել է խուլիգանության հոդվածով: Նա Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի մեջ է ընկել, ապա օդ կրակել: Փաշինյանական իշխանությունները մեծ սեր ունեն զինվորականների գլխին գործեր սարքելու: 2018-ին Նիկոլ Փաշինյանի առաջին «քաղաքական» քայլը գեներալ Մանվել Գրիգորյանին «տուշոնկաների» գողության մեջ մեղադրելն ու դատելն էր: Հետո բազմաթիվ գեներալների, զինվորականների, բանակում ծառայած անձանց դեմ գործեր հարուցվեցին, կալանքներ կիրառվեցին: Արդեն 2 տարի կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ փաշինյանական ռեժիմի համար կալանքը լավագույն պատժամիջոցն է՝ ընդդիմադիր գործիչներին լռեցնելու համար։ «Իսկ, այ, եթե Տիրանի փոխարեն լիներ իշխանական մեկը, կպատժվե՞ր արդյոք, սա է խնդիրը: Ամեն բան սրանք ոչնչացնում են: Էլ, ուրեմն, խնդիր չկա, հա՞, մեր երկրում: Զինվորականներին կալանավորելը վկայում է այն մասին, որ մենք ոչնչացնում ենք այն ամենը, ինչը կապված է հայ տղամարդու հետ, ի վերջո՝ զինվորականներն են եղել հայ տղամարդու խորհրդանիշը, եւ հետո՝ Տիրան Խաչատրյանը նույնպես ընդդիմադիր էր: Ո՞վ գիտի` Տիրանը մեղավո՞ր է, թե՞ չէ, բայց արդեն հասցրել են կալանավորել: Ամեն բան անում են զինվորականի անունը ոչնչացնելու համար: Բոլորն էլ կարող են սուտ խոսել, բայց մի՞թե կարելի է մի ողջ ժողովրդի այսպես խաբել: Իսկական հերոսներին մղել են հետին պլան, ոչնչացրել նրանց, տեղ են տվել հարմարվող ու սողացող մարդկանց: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,- նշում է Եղիազարյանը: