Կա՛մ կազատվես Սենոր Հասրաթյանից, կա՛մ ինքդ կազատվես

Կա՛մ կազատվես Սենոր Հասրաթյանից, կա՛մ ինքդ կազատվես

Թեպետ երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չհրապարակվեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի ազատման հրամանը, սակայն Արցախի ռազմաքաղաքական բարձրաստիճան շրջանակներից հավաստիացնում էին, որ «հարցը լուծված է», իսկ հրամանը ժամերի, ամենաուշը օրերի խնդիր է։ 

Նախօրեի ուշ երեկոյան, երբ տարածվեցին 2015 թվականից բանակի հրամանատարությունը ստանձնած Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի պաշտոնանկության մասին ոչ պաշտոնական լուրերը, համացանցը կայծակնային արագությամբ ողողվեց նրա մասին գովեստի ու ափսոսանքի խոսքերով։ Թեեւ մեզ ասացին, որ Ղարաբաղում մարդիկ կան, որ ուրախ են Մնացականյանին հեռացնելու որոշումից, սակայն ո՛չ բողոքներն էին բարձրաձայնում, ո՛չ գոհունակությունը։ Բոլորը սպասում էին դեպքերի զարգացումներին։

Դեռեւս չկա ազատման հրամանը, ու մենք չգիտենք, թե որն է Մնացականյանին ազատելու պաշտոնական բացատրությունը։  Մնացականյանը երեկ կարճ մեկնաբանեց, որ ինքն անձամբ ազատման դիմում չի գրել, տեղյակ էլ չէ, թե իր հետ կապված ինչ որոշում կա կայացված, ինչից կարելի է ենթադրել, որ չի ցանկանում կամովին թողնել պաշտոնը, գուցե՝ անգամ դիմում գրելու առաջարկ է ստացել եւ մերժել, ինչպես գրում էին ղարաբաղյան որոշ շրջանակներում։ Արցախի պաշտոնական շրջանակներից էլ ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում լուրը՝ ասելով, որ նման հրամանի դեպքում իրենք հաղորդագրություն կտարածեն։ Փոխարենը տարբեր վարկածներ կան, համաձայն որոնց՝ Հայաստանի ներկա իշխանություններն են շահագրգռված, որ Մնացականյանը հեռանա, նրանք բանակի հրամանատարին որոշել են չներել իր խոսնակի հայտնի գրառման պատճառով, որն արվել էր Արցախի վերաբերյալ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանն ի պատասխան։ Թեեւ պարզ է, որ այդ միջադեպն ընդամենը պատրվակ է, իսկ պատճառներն ավելի խորքային են։

Երեկ նաեւ լուրեր էին շրջանառվում, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն է շտապել Հայաստան, իսկ օրվա երկրորդ կեսին այդ լուրերը հաստատվեցին․ Արցախի նախագահի կայքում տեղադրվեց հաղորդագրություն, որ Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են տարբեր, այդ թվում` «հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող» հարցեր։ Մեզ պատմեցին, որ փորձել են շտկել իրավիճակը, պաշտոնական Երեւանը, մեր տեղեկություններով, անդրդվելի է մնացել։ 

Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը․ Արցախի ՊԲ հրամանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը  ֆեյսբուքյան իր էջում ի պատասխան գրել էր․ «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ, ավելի ճիշտ՝ համազգային երեւույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: ՀԳ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»: 

Հիշեցնենք նաեւ, որ Սասուն Միքայելյանի հայտարարությունը կոշտ քննադատել էին նաեւ Արցախի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանը, ԱԽՔ Վիտալի Բալասանյանը եւ այլք։ Մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը հարթակից հորդորեց Բակո Սահակյանին «կարգի հրավիրել» իր ենթականերին, սակայն մինչ Փաշինյանի հոխորտանքները Սենոր Հասրաթյանն արդեն հեռացրել էր իր գրառումը։ Մենք նրանից փորձել էինք այն ժամանակ պարզել հեռացնելու պատճառը, սակայն Հասրաթյանը չէր մեկնաբանել։ Այնինչ հիմա է շատ բան ջրի երես դուրս գալիս։ Մեզ պատմեցին նաեւ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույն օրը կապ է հաստատել Մնացականյանի հետ ու նրան հորդորել աշխատանքից ազատել «լեզվանի» խոսնակին։ Մնացականյանի դիմադրությանն ի պատասխան՝ Տոնոյանը զգուշացրել է, որ եթե Սենորը չհեռացվի, Մնացականյանն է հեռանալու։ «Գիտեք, շատ վարկածներ են շրջանառվում, հիմա ես էդ բոլոր վարկածներին պիտի պատասխանե՞մ»,- երեկ մեր զրույցում հարցից խուսափեց Սենոր Հասրաթյանը։

- Այսինքն, ճիշտ չե՞ն լուրերը, որ Մնացականյանին հեռացնում են Ձեր պատճառով, ինքը պետք է կա՛մ Ձեզնից ազատվեր, կա՛մ ինքը գնար։

- Նման բան չկա, նաեւ չկա պաշտոնական տեղեկություն, որ Լեւոն Մնացականյանին պաշտոնից հեռացրել են։

- Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ Ձեր գրառումն ինչո՞ւ հեռացրիք, ո՞ւմ պահանջով, այն քննարկման թեմա՞ էր դարձել։

- Էդ գրառումն ինձ չի հետաքրքրում։

Կարո՞ղ է 2 Բակո Սահակյան կա, ես չգիտեմ

Խոսակցություն կա, որ պաշտոններին հրաժեշտ կտան նաեւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն՝ նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին եւ արժանացել Փաշինյանի զայրույթին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հեղափոխությունը սահուն կերպով նաեւ Արցախ տեղափոխել եւ այնտեղ էլ իրականացնել ռազմաքաղաքական իշխանափոխություն։ Սակայն Արցախի քաղաքական շրջանակներից երեկ գրեթե բացառում էին այդ հեռանկարը։ «Նախ՝ Սասուն Միքայելյանն Աստված չի, որ ով խոսի իր դեմ, վարի տան»,- ասաց մեր զրուցակիցը, երկրորդն էլ՝ եթե Արցախի ՊԲ հրամանատարը միայն ոչ ֆորմալ առումով գտնվում է ՀՀ ղեկավարության ենթակայության տակ, եւ սկսած առաջին նախագահից` ՀՀ ղեկավարները միջամտել են կադրային քաղաքականությանը, ապա մյուսների կարգավիճակը  բոլորովին այլ է։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հայաստանյան ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը նույնպես հորդորում է չհիմնվել «այլ» տեղեկությունների վրա եւ չշահարկել Արցախի հարցը․ «Կադրային փոփոխություններ միշտ են լինում, եթե լինի էլ ազատման հրաման, պետք չէ դա ընդունել ինչ-որ ենթատեքստով, արտառոց բան տեղի չի ունենա, բանակում տեղի ունեցող տեղաշարժերը մշտական երեւույթ են»։ Իսագուլյանը «միանշանակ» բացառում է, որ հայաստանյան իշխանության հորդորով Արցախում կադրային փոփոխություններ կլինեն։ Սակայն նա բացառում է նաեւ, որ Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը  երեկ հանդիպել են։ Իսագուլյանը պնդում էր, որ ինքը երեկ առավոտյան 9-ից Ղարաբաղում է ու «տետ ա տետ» հանդիպել է Բակո Սահակյանի հետ, որը չէր կարող մի երկու ժամում գալ Երեւան, նորից վերադառնալ Արցախ․ «Ժամը իննից մինչեւ հիմա (մեր զրույցը 17։00-ի սահմանում էր` Լ․ Շ.) Արցախում եմ, կարող ա երկու Բակո Սահակյա՞ն կա, ես չգիտեմ։ Եթե մինչեւ առավոտյան 9-ը հանդիպել են, ես չգիտեմ, դա ուրիշ բան»։ Պարոն Իսագուլյանն անգամ չէր հավատում, որ պաշտոնական հաղորդագրություն կա այդ հանդիպման մասին։