Կինոկենտրոնի նոր նախաձեռնությունն ուղղված է համավարակի հետեւանքների վերացմանը 

Կինոկենտրոնի նոր նախաձեռնությունն ուղղված է համավարակի հետեւանքների վերացմանը 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ, հետեւելով հայտարարված կարանտինի նոր կանոններին, սկսում է «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարքը՝ կինոթատրոնի ամառային (բացօթյա) դահլիճում: Ծրագրի առաջնային նպատակն է՝ մշակութային դադարից դուրս բերել հանրությանը, պարգեւել ուրախ եւ տոնական կինոտրամադրություն՝ մեծ էկրանին ներկայացնելով երաժշտական ու կատակերգական լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը․ Արման Մանարյան՝ «Կարինե», Լեւոն Իսահակյան, Հ․ Մալյան՝ «Ճանապարհ դեպի կրկես», Գ․ Մելիք-Ավագյան՝ «Երգում է Գոհար Գասպարյանը», Հ․ Մալյան՝ «Մի կաթիլ մեղրը»։ 

Այս ձեռնարկը նպատակ ունի աջակցել համավարակի հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված (ինչպես աշխարհի բոլոր կինոթատրոնները) մեր քաղաքի մշակութային օջախներից մեկին՝ «Մոսկվա» կինոթատրոնին, տրամադրելով ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը։
Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 20։00-ին, սեպտեմբերի 19-27-ը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից 2 ժամ առաջ՝ դահլիճի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից  (արժեքը՝ 1000 դրամ):