Նիկոլ Փաշինյանն ամնեզիա ունի կամ ապուշի տեղ է դնում «հպարտ» քաղաքացիներին

Շարունակելով բլոգինգում նոր «նշաձող» սահմանել, ոչ ավել, ոչ պակաս՝ Ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են՝ Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են՝ տիրի պատերազմի տրամադրությունը։
Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»։
Սա գրել է մի մարդ, որն ուղիղ 5 օր առաջ՝ հունվարի 8-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության միջոցով մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցված հայտարարությունները ու ի լուր աշխարհի ասել, որ «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»։
«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար»,- հայտարարել էր Փաշինյանը, որն այս հայտարարությունից օրեր անց, ըստ էության, երկրում «պատերազմի տրամադրություն» ձեւավորելու մեջ մեղադրում է իր քննադատներին ու, ինչպես հետպատերազմական ամբողջ շրջանում, շարունակում պատերազմով ահաբեկել սեփական հանրությանը։
«Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է» միտքը դրա մասին է։ Փաշինյանը սրանով ասում է՝ եթե ես չլինեմ, Հայաստանում կյանքը կանգ կառնի, ու կլինի պատերազմ։
Այս մանիպուլյացիայով, սոցցանցերում ամենժամյա գրառումներով ու տեսանյութերով, մայրաքաղաքի փողոցներում կյանքը վայելող զույգի մասին տեսանյութերով, ՀՀ փաստացի ղեկավարը շարունակում է փորձել հասարակության աչքին թոզ փչել ու բթացնել մարդկանց զգոնությունը՝ փոխանակ համապատասխան միջոցառումներ ու գործողություններ անի, որը ցանկացած այլ երկրի ղեկավար անհապաղ կձեռնարկեր նմանատիպ իրավիճակում։
Հայաստանում կյանքը 2020 թվականից այս կողմ, ցավոք, չի եռում, սթափ մտածող ու իրականությունը գիտակցող մի ստվար զանգվածի համար կյանքը կանգ է առել, բայց տարածաշրջանը եռում է ու եռում է՝ նոր հնարավոր պայթյունից առաջ, որն ամենացավոտ՝ հենց Հայաստանին է հարվածելու։
Որ Ալիեւն օգտվելու է եւ օգտվում է աշխարհաքաղաքական ներկա անկայուն ու շատ փխրուն իրավիճակից, որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Նա բացահայտ կերպով պատրաստվում է նոր պատերազմի, դրա մասին ուղիղ է ասում եւ անում է նախապատրաստական գործողություններ ոչ միայն քարոզչական-դիվանագիտական հարթությունում, ինչպես Փաշինյանն է խոստովանել, «լեգիտիմություն» ապահովելու համար, այլեւ գետնի վրա քայլերով՝ ռազմական բյուջեն 2025 թվականի համար ռեկորդային՝ 5 միլիարդ դոլարի հասցնելուց մինչեւ ռազմական փոխադրումներ իրականացնող անվերջ թռիչքները՝ Բաքվից Իսրայել, Թուրքիա, Պակիստան, Բուլղարիա եւ հակառակ ուղղությամբ, որ բաց աղբյուրները ֆիքսում են գրեթե ամեն օր։
Իսկ այդ ընթացքում, Փաշինյանն արդեն օրվա հինգերորդ, վեցերորդ գրառում-անհեթեթությունն է դաշտ նետում, բայց որքան էլ շարունակվի այս թատրոնը, նրա գրառման տակ մեկնաբանությունները փաստում են՝ հասարակության մի զգալի հատվածը վաղուց արդեն լուրջ չի վերաբերվում նրա մտքերին։
«Ինչպե՞ս է կառուցվում (նկատի ունի խաղաղությունը՝ խմբ․): Ինքնաներշնչմա՞մբ»,- հարցնում է օգտատերերից մեկը։ «Ձեր՝ «հրապարակային լինելու» մեջ լինել-չլինելով չի՛, որ կյանքը պետք է կանգ առնի Հայաստանում»,- գրում է մյուսը։ «Սուրբ ծնունդի օրով սոխով ձվածեղ ուտելը ճիշտ հանրային էր», «Թե բա Հայաստանում կյանքը եռում է))), դուք էլի միացրել եք Հ1-ը, մոռացել եք անջատել»։ Հիմնականում այսպիսի հեգնական մեկնաբանություններ են թողնում վարչապետի գրառման տակ մարդիկ, ոմանք էլ տրտնջում են, թե՝ «Ժամը մեկ մտածում եք, ոնց անեք, որ հարկերը բարձրացնեք», կամ՝ հիշեցնում 44-օրյա պատերազմն ու Փաշինյանի պատասխանատվությունը․ «Իսկ ձեզ ո՞վ է բարոյական իրավունք տվել մեր կյանքը կանգնեցնել 2020 թվի մեջ, ո՞վ տվեց ձեզ այդ իրավունքը, որ զրկեցիք մեր ամենաթանկերից։ Ձեր կյանքն է շարունակվում, մենք մնացինք մթի ու մղձավանջի մեջ»։
Կարծիքներ