Ասացին՝ վիրավոր է, երկու օր հետո անունը գրեցին զոհվածների մեջ. փոխգնդապետի կին

Ասացին՝ վիրավոր է, երկու օր հետո անունը գրեցին զոհվածների մեջ. փոխգնդապետի կին

Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կնոջ՝ Աննա Գրիգորյանի համար հիմա ամենադժվար, անլուծելի խնդիրը ապրելն է դարձել՝ առանց սիրելիի, ընտանիքի հոգատար հոր: Բայց երբ նայում է 10 եւ 15-ամյա որդիներին, հասկանում է՝ ապրելն անհրաժեշտություն  է: «Իմ Անդոն յուրահատուկ անձնավորություն էր, պատերազմը խլեց իմ երջանկությունը»,-դողացող ձայնով  ասում է Աննան՝ մի քանի նախադասությամբ նկարագրելով այդ երջանկությունը:

«Ամուսնացել ենք 2005 թ-ին: Մենք Թալինից ենք, Անդրանիկը եղբորս ընկերն էր, մեր տուն գնում-գալիս էր: Մեր ամուսնությունն այնքան արագ ստացվեց:Մարտին նշանվեցինք, ապրիլին ամուսնացանք, մեր կյանքի համատեղ 15 տարիները ինձ համար այնքան երկար են թվում: Անդրանիկը կյանքը շատ էր սիրում, հանգստյան օրերին անհամբերությամբ էի սպասում, արթնանում էինք երաժշտությամբ,ամեն կիրակին իր նախաձեռնությամբ տոնի էր վերածվում : Անդրանիկիս ճանաչողները ցավ են ապրում…»,-պատմում է Աննան: Ամուսնությունից հետո զույգը մեկնում է Հադրութ, որտեղ Անդրանիկը զինվորական ծառայության է անցնում:

Աննան ասում է, որ գիտեր՝ հեշտ չէ զինվորականի կին լինելը, այդ մտքի հետ ի սկզբանե չի հաշտվել: «2010թ-ին վերադարձանք Հայաստան: Ամուսնուս Նուբարաշենում ծառայության նշանակեցին: Ես շատ էի ուզում Հայաստան վերադառնալ, Հադրութում չէի կարողանում համակերպվել: Հետո Անդրանիկը որպես խաղաղապահ 7 ամսով մեկնեց Աֆղանստան: Այդ շրջանն ինձ համար նույնպես փորձություն էր: 2020թ-ի սեպտեմբերի  27-ին նա մեկնեց Արցախ»,-շարունակում է փոխգնդապետի կինը՝ հուզմունքը զսպելով:Հադրութը Անդրանիկ Մանուկյանի ճակատագիրն էր: Շուրջ մեկ ամիս կատաղի մարտերի մեջ գտնվելով Հադրութի շրջանի Դրախտիկ -Սղնախ հատվածում ՝ հոկտեմբերի 21-ին նա վերջին անգամ է խոսում կնոջ հետ:

«Ես իրեն չէի զանգահարում, ինքն էր զանգում: Այդ օրը շատ անհանգիստ էի, ես զանգեցի,զգացի ընթացքի մեջ էր, ինքն էլ էր մի տեսակ անհանգիստ, լարված: Ընդամենը մի քանի վայրկյան խոսեցինք: Ասաց՝ երեկոյան ես կզանգեմ: Միշտ առավոտյան եւ երեկոյան էինք խոսում: Չզանգեց….: Սպասեցի, ամբողջ գիշեր աղոթեցի: Առավոտյան ասացին վիրավոր է: Նույնիսկ ուրախացա, որ վիրավոր է, կարևորը՝  կենդանի: Ինձ ստել էին: Երկու օր հետո անունը գրեցին զոհվածների մեջ: Չեմ ուզում ասել, թե ինչ ապրեցինք:  Ես մինչև վերջին պահը հավատում էի, որ կենդանի է: Ընկերներից եկան, ասացին՝ իրենց ոչ ոք չի տեսել, սուտ է, թե զոհվել են: Ես շատ վստահ էի իր վրա, ինքը կարող ուժ էր, տեղանքը շատ լավ գիտեր»: Աննան ամուսնու մահվանն այլևս չհավատալու հիմքեր չի ունենում, երբ մահից  մոտ մեկ ամիս անց թշնամու կողմն անցած տարածքից դուրս է բերվում  հերոսի դին: «Ճանաչելի էր, ինքն էր»,-շշնջում է կինը: Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը հուղարկավորվել է նոյեմբերի 25-ին: Նրա երկու որդիները շատ են կարոտում հորը: Հարցին, թե պատրաստվում են հոր պես զինվորական դառնալ, Աննան ասաց. «Ո՛չ, ո՛չ ես, ո՛չ Անդրանիկը նրանց այդ հարցում ոչինչ չենք պարտադրել, թող դառնան այն,  ինչ ուզում են»:
    
Հ. Գ. Փոխգնդապետ Անդրանիկ Արմենի Մանուկյանը ծնվել է 1982 թ սեպտեմբերի 2-ին, քաղաք Թալինում։ Սովորել է Թալինի թիվ 2 միջն. դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ուսումը ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի հանրապետությունում՝  Հադրութում։ 2010 թ-ին ծառայությունը շարունակել է Հայաստանի զորամասում։ Գերազանց ծառայության համար արժանացել է բազմաթիվ սխրանքների։ Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը 2019թ-ին ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահի կողմից պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ 2018թ.-ին ծառայությունը շարունակել է խաղաղապահ զորքերում։ Յոթ ամիս ծառայությունը անց է կացրել Աֆղանստանում։ Արցախյան պատերազմի ժամանակ փոխգնդապետ Մանուկյանը իր ջոկատով գրոհի բռնվեց թուրք-ազերական բանակի դեմ։ Կռվեցին անմնացորդ, զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Փոխգնդապետ Մանուկյանը զոհվեց հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Դրախտիկ-Սղնախ հատվածում կատաղի մարտերի ժամանակ։