Ուրացման ժամանակներ

Ուրացման ժամանակներ

Ո՞վ կսպասեր, որ 30-ամյա պայքարից ու զրկանքներից հետո, որոնք մենք կրել ենք հանուն Արցախի, հանուն 2 հայկական պետությունների գոյության, կարող ենք այդքան արագ թերթել Արցախի էջը։ Ո՞վ կսպասեր, որ Արցախի անկախության ճանաչումը, նրա գլխին կախված վտանգները մեզ համար այնքան անկարեւոր կդառնան, որ մենք մեր ոչ մի տեսլականում այդ մասին չենք հիշի։ Ո՞վ կսպասեր, որ այսքան հեշտությամբ կհաշտվենք Արցախի կորստի, մեր արցախցի եղբայրների ցավի ու վշտի հետ եւ անգամ կսկսենք տարանջատել Հայաստանն Արցախից, հայաստանցուն՝ արցախցուց։ Նման զարգացումներ ո՛չ ամենահոռետես ու խորաթափանց քաղաքագետները կարող էին կանխագուշակել, ո՛չ ամենահայատյաց հետազոտական ինստիտուտները։

Մենք 30 տարի շարունակ հավատացել ենք, որ ով հանձնի Արցախը, ով ջնջի 88-ի շարժման սրբազան նպատակները, տեղ չունի մեր երկրում։ Սակայն պարզվեց՝ մենք շատ վատ ենք ճանաչում մեր ժողովրդին։ Նրա շարքային հատվածը, որպես ծանր բեռ, իր ուսերից թոթափեց Արցախի հոգսն ու Արցախը հանձնած իշխանություններին ասաց՝ ապրեք։ Իսկ ինչպե՞ս պահեց իրեն հայ մտավորականը, էլիտան։ Այս խավի մեջ, իհարկե, կան մարդիկ, որոնք Արցախի կորստի հետ չեն հաշտվել ու չեն էլ հաշտվելու։ Բայց մեր գրագետների մեջ էլ կա մի շերտ, որի համար Արցախը պարզապես գոյություն չունի։ Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը, որը պատերազմից հետո լռում էր, եւ ես հույս ունեի, որ դա Արցախի ցավով տապակվող մտավորականի լռություն է, երեկ խոսել է․ նրա երկար հարցազրույցում բառ անգամ չկա Արցախի մասին․․․ նախկին նախագահներ, անգրագետ մտավորականություն, իշխանության ձգտող քաղաքական ուժեր, անգամ հեռուստատեսություն, որը «փչացնում է մարդուն»։ Եվ ոչ մի խոսք պատերազմի ու պարտության, Արցախի ու մեր կորուստների մասին։