«Հրապարակ».Նորից քաղում են նախկինների աշխատանքի պտուղները

«Հրապարակ».Նորից քաղում են նախկինների աշխատանքի պտուղները
Հայկ Մարության

Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 եւ 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ երեկ ստացան նոր բնակարանների բանալիները: Բանալիները երեւանցիներին անձամբ հանձնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով․ «Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը, շատերն այլեւս չէին հավատում, որ երբեւէ նոր բնակարան են տեղափոխվելու: Փառք Աստծո, այսօր մենք կարող ենք ասել, որ եզրագծի մոտ ենք»։

Մարությանը, իհարկե, չի զլացել ու շնորհակալություն է հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, բայց պատիվ չի համարել անուններ տալ։ Իսկ նախաձեռնողը Տարոն Մարգարյանն էր։ Ընդ որում՝ շենքերը վաղուց կառուցված էին Աջափնյակ համայնքում՝ Շինարարների 15 հասցեում, մասնակի վերաբնակեցված էին՝ այնտեղ արդեն ապրում են այլ վթարային շենքերի բնակիչներ, բայց բնակֆոնդի մի մասն ազատ էր, եւ վաղուց էր որոշվել, որ այդ բնակարանները պետք է հատկացվեն Արցախի փողոցի բնակիչներին։  Բայց  այնպես ներկայացվեց, ասես Մարությանը եկավ ու խնդիրն անմիջապես լուծեց՝ գրեթե Կարապետյանների կամ Վարդանյանների կառուցած այգիների օրինակով, որոնց դեմ ժամանակին պայքարում էին նոր իշխանության «գունագեղ» ֆանատները։ Բայց Հայկոն եկավ ու դրանք սիրով բացեց՝ ներկայացնելով որպես հիանալի ձեռքբերում քաղաքի համար։ Ձեռք բերողն ու կառուցողն էլ կարծես թե ինքն էր։