Քաղաքականություն

«Հրապարակ». Այս կանոնակարգի նպատակն անկլավները հնարավորինս շուտ Ադրբեջանին փոխանցելն է

«Հրապարակ». Այս կանոնակարգի նպատակն անկլավները հնարավորինս շուտ Ադրբեջանին փոխանցելն է

Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ստորագրված սահմանազատման փաստաթղթի վերաբերյալ մի քանի խնդիրներ են ի հայտ գալիս։ Նշված չէ, թե որտեղ եւ ինչ պայմաններում, որտեղ է ստորագրվել այդ փաստաթուղթը՝ ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Խոսում են, որ դիվանագիտական խողովակների միջոցով են այդ փաստաթուղթը, այսպես ասած, տարել-բերել, համաձայնեցրել ու, ի վերջո, ստորագրել։ Բայց այստեղ հարց է առաջանում․ եթե մենք Ադրբեջանի հետ երկկողմ բանակցային փուլում ենք, այդ ի՞նչ դիվանագիտական խողովակներ են։ Մենք ո՛չ դիվանագիտական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, ո՛չ էլ ինստիտուցիոնալ կառույցներ կան, որոնք կարող են այդ խողովակների դերում հանդես գալ։ Եթե Մհեր Գրիգորյանն է մեր կողմից լիազորված բանակցողը, իրենց կողմից էլ Շահին Մուստաֆաեւն է լիազորված, բայց նրանց միջեւ հանդիպում տեղի չի ունեցել, եւ ինչ-որ տարօրինակ հանգամանքներում թուղթ են համաձայնեցրել... Իմ կարծիքով՝ դա ուշադրության արժանի դրվագ է։ Փաստաթղթում էականորեն ոչ մի նյութ չկա, որի վրա կարող ենք հենվել եւ ասել, որ այս կամ այն չափով մեր անվտանգությունը մեծացնում է։ Տեսեք, ինչն է խնդիրը` երկու կողմերը փաստաթուղթ են ստորագրում, եւ ոչ մի տեղ գրված չէ, թե ինչ քարտեզների հիման վրա են հետագա դեմարկացիան եւ դելիմիտացիան իրականացնելու։ Ասեմ ավելին․ նշված է նաեւ, որ հետագայում կարող է այս կամ այն ինչ-որ նոր փաստաթուղթ ի հայտ գալ, եւ այդ պարագայում այս ամեն ինչը կարող է վերանայվել։ Այսինքն՝ Ադրբեջանը մի պայծառ օր հայկական կողմին, այս կամ այն ձեւով ստիպելով, ինչ-որ նոր փաստաթուղթ դաշտ բերելով, կարող է ասել, որ, գիտե՞ք ինչ կա՝ էլ ի՞նչ Ալմա-Աթա, ինչ բան, հիմա արդեն այս նոր փաստաթղթի շուրջ ենք բանակցելու։ Այս ամենը խոսում է այն ամենի մասին, որ ոչ մի առարկայական բան մեզ չի տալու այս փաստաթուղթը: Ավելին, իմ գնահատմամբ, վերլուծելով մեր իշխանությունների քայլերի հաջորդականությունը՝ ես գալիս եմ այն եզրակացության, որ սա նոր հիմքեր է ստեղծում անկլավների հարցում բարենպաստ պայմաններ ունենալու համար։ Նկատի ունեմ, որ Ադրբեջանը պահանջում է, իրենց բնորոշմամբ, անկլավներ, եւ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում, որ ինչ-որ պահի կգա այդ համաձայնությանը։ Հիմա այս փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ անկլավներն են փորձելու այս փուլում տալ Ադրբեջանին, բայց, իմ խորին համոզմամբ, այս ամեն ինչը, որ գնում է ՍԴ, հետո գնալու է ԱԺ` քննարկման, հիմք է նախապատրաստվում այդ մի քանի անկլավները հնարավորինս արագ Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց Մանգասարյանը։
Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ եւ փորձում է այդ խնդրի լուծմանը հասնել: Նաեւ իմանալով մեր իշխանությունների` ամեն ժամ փոփոխվող կարմիր գծերն ու դիրքորոշումները, կարելի է եզրակացնել, որ այս փուլում հենց այդ խնդիրն են ուզում լուծել՝ հնարավորինս արագ պոկել այդ անկլավները։ Հասկանալի է, որ իրավական եւ սահմանադրական որոշակի խոչընդոտներ կան, բայց այդ պրոցեսն ինչ-որ պահի պետք է սկսվի, եւ, ռազմական փորձագետի կարծիքով` այս փաստաթղթով հենց այդ մեկնարկն էլ տրվում է։ 

Բնականաբար, ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ էլ Ազգային ժողովում այս փաստաթղթի վավերացումը խնդիրներ չի հարուցի, քանի որ երկու տեղում էլ այս իշխանությունները մեծամասնություն են կազմում, եւ նրանց կամակատարների պակաս չկա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image