Ինչի՞ «մասին» էին պարում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

Ինչի՞ «մասին» էին պարում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

Երբ նոր իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, որեւէ տեղ պարում էին, շատերը հիանում էին նրանց պարով։ Ասում էին․ չէ, մեր վարչապետն ուրիշ է՝ հասարակ, ժողովրդական, ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի նման անմիջական: Իսկ երբ միջոցառումների ժամանակ նա իր ձեռքով լավաշով բրդուճներ էր անում ու ախորժակով ուտում, «ժողջանի» մոտ նրա վարկանիշը բարձրանում՝ հասնում էր երկինք։ Փաշինյանի մեջ նրանք իրենց էին տեսնում… 

Պարելը լավ բան է, այն բնորոշ է կենսուրախ ու անմիջական մարդկանց: Պարել շատերս ենք սիրում: Բայց պարել էլ կա, պարել էլ։ Ժամանակի ընթացքում պարզվեց, որ իշխանական այս «դուետի» պարը չարագուշակ է՝ բոթաբեր, աղետաբեր, ինչպես ագռավի կռկռոցը, որը եթե լսվում է որեւէ տան մոտակայքում, այդ տանը, որպես կանոն, դժբախտություն է լինում: Ահա՝ 2020-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը Շուշիում էին, մասնակցում էին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Միջոցառման տոնական մասի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անսպասելի միացավ շուրջպարին եւ քոչարի պարեց: Պահը գեղեցիկ էր, ջերմ ու անմիջական: Այդ պարից մեկ ամիս անց Աննա Հակոբյանը հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգեւոր արժեքները, հայկական սնունդն ու ավանդույթները ներկայացնելու, Հայաստանն ու Արցախը գովազդելու, զբոսաշրջային կենտրոններ դարձնելու նպատակով սկսեց համացանցային ֆոտոշարք՝ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia», «Armenia Love» խորագրերով եւ հեշթեգներով:

Տիկնոջ առաջին կանգառն Արցախն էր։ Ֆոտոշարք ներկայացվեց Դադիվանք վանական համալիրից, Տիգրանակերտի թանգարանից, Տաք ջրից, Շուշիի գորգերի թանգարանից, Նիկոլ Դուման տուն-թանգարանից: Ներկայացնում էր, թե որտեղ ինչ բացառիկ արժեքավոր նմուշներ կան։ Փաշինյանի՝ Շուշվա քոչարիից ու Աննա Հակոբյանի ֆոտոշարքից կարճ ժամանակ անց ե՛ւ Շուշին, ե՛ւ Դադիվանքը, ե՛ւ Տիգրանակերտն ու Տաք ջուրը դարձան ադրբեջանական: 

Բայց Աննա Հակոբյանի պարը շարունակվում է. այս տարվա օգոստոսի 13-ին նա Սյունիքի մարզի Բնունիս գյուղում մասնակցեց 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի անվան հյուրատան` «Էդգարի տան» բացմանը, որին աջակցել էր նաեւ նրա ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը: Բայց Հայաստանում հաճախ են նման օբյեկտներ բացում, կառավարությունն էլ հաճախ է աջակցում նրանց, ինչո՞վ Բնունիսն արժանացավ Աննա Հակոբյանի ուշադրությանը: Սիմվոլիկաների լեզվով խոսող ու «անոնսներ» անող այս կինը ոչինչ պատահական չի անում: Այդ բացումից օրեր անց ադրբեջանցի դիվերսանտներ հայտնվեցին հենց Բնունիս գյուղում, որտեղ թակել էին գյուղացու տան դուռը, ապա ոտքով հասել Կապան եւ սպանել ԶՊՄԿ պահնորդին։ Բնունիսի գլխին էլ սեւ ամպեր կուտակվեցին… Հիմա Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» է կառուցում, եւ 5 անցակետ են նախատեսում կառուցել ադրբեջանցիների համար։ Անցակետեր են լինելու Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (Վարդենիսի մոտ), Սյունիքի մարզի Քարահունջ (Գորիսի մոտ) եւ Արարատի մարզի Երասխ հատվածներում։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է Նախիջեւանի հետ ցամաքային կապի անհրաժեշտության մասին: Իսկ ամենակարեւոր անցակետն իր համար Երասխում է, որի մոտ՝ բարձունքին արդեն տեւական ժամանակ հենց ադրբեջանական հենակետեր են կառուցվել։
Նախատեսվում է, որ մյուս ճանապարհը մեկնարկելու է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտից, որտեղ եւս տեղադրված է անցակետ։ Ադրբեջանական մեքենաներն անցնելու են Գորիս քաղաքի միջով, ապա հասնելու են Սիսիանի որոշ գյուղեր՝ Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Ուղեձոր, Սարավան: Բնունիսը նույնպես Սիսիանի տարածաշրջանի գյուղերից է։ Իսկ Աննա Հակոբյանն արդեն այնտեղ պարել է…