Շարժումը չի մարում

Հայրենակիցներ, ո՞վ է ձեզ ասում, որ շարժումը մարում է: Նիկոլականնե՞րը: Եվ դուք հավատո՞ւմ եք դրանց խոսքին: Իզուր: Դրանց հավատալ պետք չէ: Կարո՞ղ եք հիշել թե վեց տարվա մեջ երբ է այս իշխանությունը ճիշտ խոսել, որ այդ հարցում ճշտախոս լինի: Ինչո՞ւ այլ առումներով դրանց չեք հավատում, իսկ շարժման ճակատագրի առումով, չգիտես ինչու, հավատում եք: Ճիշտ է, նախորդ շարժումները ձախողվել են: Բայց ես երբեք նախորդների առումով չեմ հիշատակել թալեբյան «Սև կարապի» ֆենոմենը: Իսկ Բագրատ սրբազանի առումով անընդհատ եմ մեջտեղ բերում: Որովհետև սրբազանը ո՛չ նախկին է, և ո՛չ էլ ներկա: Ո՛չ ռուսատյաց է և ո՛չ էլ ռուսասեր: Ո՛չ բիզնեսմեն է և ո՛չ էլ երեխայի հայր՝ այն, ինչը սկզբում Նիկոլն իր գրչակներով փորձեց «արձանագրել»: Եվ քանի որ դա կեղծ էր չափից ավելի՝ դադարեցրեց: Իսկ վերը նշված ֆենոմենը հենց հանդես է գալիս որպես փոփոխությունների կատալիզատոր:
Վերադառնանք Նիկոլենց: Դրանց պետք է, որ դուք հավատաք ոչ թե սրբազանին, այլ իրենց, ինչն ամեն մեկիդ հեռու կպահի շարժմանը մասնակցելուց: Եվ կստացվի, որ հավատալով ստի ու կեղծիքի իշխանության կեղծ խոսքին՝ դուք կկորցնեք ձեր հավատը ճշմարտության շարժման, նրա հաջողության նկատմամբ: Դա հենց այն ծուղակն է, որի մեջ իրենք փորձում են ձեզ գցել: Ինչն էլ, բնականաբար, կապահովի իրենց իշխանության երկարաձգումը: Դրա արդյունքում էլ Հայաստանը նվազագույն դեպքում կկորցնի ինքնիշխանությունը և կամ ընդհանրապես կվերանա աշխարհի քաղաքական քարտեզի վրայից: Իսկ որպեսզի տեղի չունենա ո՛չ առաջինը և ո՛չ էլ հատկապես երկրորդը՝ մենք պետք է վստահենք սրբազանին ու հավատանք, որ նրա առաջնորդած շարժումը հասնելու է հաջողության: Որովհետև դա անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր պետականությունը մեր հայրենիքի այս փոքր հատվածում:
Անցնենք առաջ: Այս շաբաթ երկու նշանային իրադարձություն տեղի ունեցան շարժման հետ կապված: Մեկն արցախյան բառբառով խոսքի բովանդակության նենգափոխման միջոցով հանրային քրեական վարույթ հարուցելն էր, այն հանրային հեռուստատեսությամբ ներկայացնելն ու խայտառակվելը: Բայց քանի որ Հայաստանը ոչ թե սովորական ժողովրդավարություն է, այլ դրա «բաստիոնը կամ փայլուն աստղը»՝ հանրայինի հաղորդավարը, մեղադրանքը կրկնելով, կիսատ-պռատ և բավական անորոշ տեքստ կարդաց վրիպակի մասին, ու հարցը փակվեց: Եվ որքան տեղյակ եմ, ո՛չ թողարկման խմբագիրը (առնվազն) պատժվեց և ո՛չ էլ քրեական վարույթը դադարեցվեց: Ի դեպ, քրեական վարույթը մի կողմ թողնենք՝ նիկոլական իրավապահներն այլ կերպ վարվել չեն կարող: Սակայն խմբագիրը կարող էր, և նա պետք է պատժվեր՝ կեղծ տեղեկատվություն թողարկելու, թե մեղա գալը վատ ներկայացնելու համար: Կարծում եմ, որ այս դեպքը պետք է հետաքրքրի ազատ խոսքի աջակից տեղական (հատկապես դեռևս նախկինների օրոք գործող) և միջազգային կազմակերպություններին:
Երկրորդ իրադարձությունն, անկեղծ ասած, ինձ էլ զարմացրեց՝ չնայած ես ուշադիր հետևում եմ «Սրբազան պայքարին»: Զարմացրեց սրբազանի վարքը, ով նախորդ օրը հավաքելով մարդկանց Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ տարավ նրանց դեպի Սարյան փողոց, որտեղ տեղի է ունենում գինու փառատոնը: Ես, օրինակ, 2021 թվականից այս կողմ ինձ հեռու եմ պահում նման ուրախ-զվարթ միջոցառումներից՝ որքան էլ ասվի, թե կյանքը շարունակվում է: Որովհետև մեր պայմաններում նման միջոցառումներ կազմակերպելը կամ դրանցում մասնակցելը ինձ համար հավասարազոր է նիկոլական կոչվելուն: Բայց արի ու տես, որ սրբազանը գնաց հենց այդպիսի վայր ու մարդկանց էլ տարավ իր հետ: Սակայն միջոցառման մասնակիցների հետ նրա շփումը ցույց տվեց, որ իր հռչակած համերաշխությունը սոսկ կարգախոս չէ, այլ գործողության ծրագիր: Փառատոնի մասնակիցներն էլ հավատացին դրան ու թեկուզ դեռևս խոսքի մակարդակում զինվորագրվեցին «Սրբազան պայքարին»: Կարծում եմ, որ Նիկոլի շնորհիվ ծայրահեղության հասցված՝ մեր հասարակության պառակտվածությունը հենց այդպես է հնարավոր վերացնել: Ու հասնել հանրային համերաշխության այն մակարդակին, որն առկա էր 1988-ի շարժման օրերին: Իսկ դրանից հետո նպատակին հասնելն անհնարին չի թվա ու հաստատ չի լինի:
Կարծիքներ