«Ստախոս և բարոյազուրկ ճանաչել Փաշինյանին»․ քանի անգամ են Փաշինյանին դատի տվել և ինչ պահանջով

«Ստախոս և բարոյազուրկ ճանաչել Փաշինյանին»․ քանի անգամ են Փաշինյանին դատի տվել և ինչ պահանջով

2019 թվականին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։ Փաշինյանը, Ֆրանսիայում անդրադառնալով Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշմանը, հետևյալ արտահայտությունն էր արել․ ««...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած...»: Արդյունքում դատարանը այս գործով որոշում է կայացրել` վարույթը կարճել և Քոչարյանից  հօգուտ Փաշինյանի գանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի և դատական ծախսերի գումար։ Քոչարյանը ևս մեկ հայցադիմում ունի ընդդեմ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Այս հայցով դեռևս դատական ակտ չկա։  

2019 թվականին քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը քաղհայցով դիմել է դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջով «ստախոս և բարոյազուրկ ճանաչել նրան, հայցվորից ներողություն խնդրել և բարոյական վնասը փոխհատուցել»։ Դատարանը հայցադիմումը վերադարձրել է հայցվորին։ 

2013-ին Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Ռոբերտի Դանիելյանը՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջով։ Արթուր Դանիելյանը հայցադիմումում նշել է, որ որպես քաղաքացու` իր արժանապատվությունը վիրավորել է Փաշինյանի այս գրառումը․

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:
Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը, կարծում եմ`պիտի որոշվի նաև հանրային, համացանցային քննարկումների արդյունքում:

Հ.Գ. Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:  

Դանիելյանը պարզաբանել է․ «Վարչապետի այն խոսքերը, որ «սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն», իրականություն չեն դարձել և չէին կարող դառնալ, քանի որ այս «տոնի» անվանումն («Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր») ինքնին նշանակել է, որ պետությունն այն հազարավոր մարդկանց (այդ թվում՝ իրեն), ովքեր դեմ են եղել «2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակ»-ին և դրա հետևանքներին, չի համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օրենքն ընդունելով՝ հանրային իշխանությունը ցույց է տվել, որ չի հարգում, առավել ևս՝ պաշտպանում իր կարծիքն ազատ-արտահայտելու սահմանադրական իրավունք ունեցող հազարավոր քաղաքացիների իրավունքները:
Սա ժողովրդական տոն չի կարող համարվել նաև այն պատճառով, որ խորհրդանշում է ոչ թե ժողովրդի հաղթանակը, այլ ժողովրդի մի մասի հաղթանակը մյուս մասի նկատմամբ»։ Դատարանը մերժել է հայցը։ 

Ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցի վերաբերյալ դատական ակտը դեռևս չկա։ Դատական ակտ դեռևս չկա նաև փաստաբան Արամ Օրբելյանի՝ ընդդեմ Փաշինյանի ներկայացրած քաղհայցով՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին։  

Ընդդեմ վարչապետի դատական հայց են ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջով։ Դատարանը մասնակի բավարարել է հայցը՝ «Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և Մանե Գագիկի Գևորգյանի՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի։ 

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ևս դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, դրանք հեռացնելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Մասնավորապես Վանեցյանը պահանջել է հերքել Փաշինյանի հետևյալ արտահայտությունը՝ «հրապարակայնորեն հերքել Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող:» Վանեցյանը պահանջել է նաև պարտավորեցնել  Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանին` վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում  հրապարակայնորեն հերքել  հետևյալ գրառումը․ «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։ Դատարանը կարճել է այս գործը։