Ես հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացրել, այլ նամակ-ուղեցույց՝ ուղղված վարչապետին

Ես հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացրել, այլ նամակ-ուղեցույց՝ ուղղված վարչապետին

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը մոտ մեկ տարի առաջ նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին, եւ այդ նամակի հետքերով է Ամուլսարի հետ կապված քրեական գործ հարուցվել, որի քննության արդյունքում պարզվեց՝ քրեական մեղադրանքի հիմք չկա։ Ավելին՝ այս ընթացքում կասեցվեց հանքի շահագործումը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեծ վնասներ կրեց, ակտիվիստները մոտ մեկ տարի փակեցին հանքի ճանապարհը, «Լիդիանը» սպառնում է մտնել արբիտրաժ, եւ մեր պետությունն էլ 400 հազար դոլար ծախսեց նոր փորձաքննության վրա։ Հիմա որոշ մարդիկ Գագիկ Համբարձումյանին մեղադրում են իշխանություններին սխալ ուղղորդելու, պետությանը վնաս հասցնելու, անգամ նախկին իշխանությունների հրահանգով գործելու մեջ։ Մենք զրուցեցինք Գագիկ Համբարձումյանի հետ։

- Դուք եք վարչապետին գրված նամակի հեղինակը, որի արդյունքում նշանակվեց 400 հազար դոլար արժողությամբ փորձաքննությունը։ Հիմա Ձեզ մեղադրում են, որ Դուք պետությանը 400 հազարի վնաս եք տվել, «Լիդիանը» չի աշխատել․․․

- Դրանից բացի, «սադրել եմ» վարչապետին՝ օգտվելով նոր-նոր  իշխանության ղեկին եկած վարչապետի անփորձությունից, առօրյա խոսքով ասած՝ «կուտ եմ տվել», որ իրեն գցեմ այդ փոսը։ Եվ այն էլ՝ «քիչ հավանական է, որ սեփական ուժերովս՝ ինքնուրույն մտածեի այդ գլոբալ սադրանքը», եւ ես, ամենայն հավանականությամբ, նախկինների գործիքն եմ դարձել․․․ չէ՞։ Նախ ասեմ, որ մեդիա դաշտի հետ առհասարակ չեմ շփվել, եւ որովհետեւ այդ նամակը, երեւի՝ չարաբաստիկ, հրապարակել էր «Հրապարակը», որոշեցի ձեզ հարցազրույց տալ։ «Սադրանք պետության նկատմամբ»՝ ե՛ւ մեղադրանք է, ե՛ւ վիրավորանք գեներալի հասցեին, ինչը շատ ավելի լուրջ է, քանի այն ձեւակերպումը, որ ես իմ կարողություններով նման նամակ չէի կարող գրել։ Չեմ խուսափի այդ բառն օգտագործելուց, այդ «ապիկար» հեղինակը երեւի ինձ շփոթել է իր, իր շրջապատի հետ ու ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ բան են պատիվն ու արժանապատվությունը։ Մի բան էլ ավելացնեմ, որ նման մարդկանց հին ժամանակներում մենամարտի անգամ չէին կանչում, այլ անարգանքի սյունին էին գամում եւ ճիպոտահարում։ 
Ինչ վերաբերում է նամակին, նախ՝ այն մասին, թե ինչու որոշեցի այդ նամակը գրել։ Ամուլսարի հարցով բնապահպանների պայքարի մասին եւ իրենց՝ արդեն ահագնացող ելույթներն ականջիս էին հասնում հեռուստատեսությամբ, կայքերով ու մամուլով։ Վարչապետին ուղղված նամակում այդպես էլ նշել եմ, որ պրոբլեմին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից։ Եվ այդ ժամանակ նորանշանակ վարչապետն առաջին անգամ գնաց Ջերմուկ՝ հանդիպելու բնապահպանների, բնակիչների եւ «Լիդիան Արմենիա»  ընկերության ղեկավարների հետ։ Ճիշտն ասած՝ այդ հանդիպումն ինձ վրա ծանր տպավորություն թողեց, քանի որ «Լիդիանի» ղեկավարներից մեկը վարչապետի հետ խոսելիս իրեն շատ հանդուգն էր պահում, իմ տպավորությամբ՝ անգամ լկտի։ Եվ դա ինձ հունից հանեց։ Գիտեք՝ ես իմ դաստիարակությամբ եւ աշխատանքով վարժված եմ նրան, որ պետք է ակնածանք ու հարգանք ունենալ պետական սիմվոլների նկատմամբ․ դրոշ, օրհներգ, եւ սիմվոլների մեջ է մտնում նաեւ պետության ղեկավարը, տվյալ դեպքում՝ վարչապետը, ում նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքն ինձ համար անընդունելի է։ Հենց սա եղավ ազդակ, որ ես արդեն թոշակի անցնելուց հետո ցանկացա, այսպես ասեմ՝ օգտակար լինել, խորհուրդ տալ, թե ինչպես վարվել, եւ նամակում էլ գրել եմ, թե ինչպես կարելի է նման լկտի պահվածքով անձնավորությանը ներկայացնող ընկերությանը, որը ենթադրվում էր, որ գործում է խախտումներով, նախ պետք է այդ հարցը պարզել, ապա պարզելուց հետո պատժել։ Նամակն այսպես է ծնվել։ Բայց մինչեւ նամակ գրելը եւս մի իրադարձություն տեղի ունեցավ։ Այդ օրերին Հայաստանում էր գտնվում հայ մի շատ մեծանուն գիտնական՝ համաշխարհային մակարդակի։ Քանի որ նամակի մեջ անունը չեմ նշել, հիմա էլ չեմ ցանկանա… եւ ես նրա ու եւս երկու ընկերներիս՝ Գիտության կոմիտեի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի եւ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, մասնագիտությամբ կենսաքիմիկոս Ռուբեն Հարությունյանի եւ այդ գիտնականի հետ չորսով երեկոյան գարեջուր էինք խմում, ֆուտբոլի օր էր, եւ քանի որ գաղափար էր ծնվել, ես իրենց հարցրեցի՝ դուք միջազգային մասշտաբի գործիչներ եք, եթե անհրաժեշտություն լինի, կարո՞ղ եք ձեր հեղինակությամբ, ճանաչվածությամբ, եթե պետք լինի, այլազգի մեծանուն գիտնականներից մի քանի հոգու հրավիրել Հայաստան, որ գան, նման փորձաքննության մասնակցեն։ Ասացին՝ «դա ի՞նչ հարց է, իհարկե՝ կարող ենք»։ Ճիշտն ասած, նման հավաստիացումից հետո, երեւի մի 15 րոպեում, մի 3-4 էջի վրա շարադրեցի կողմնորոշիչ-խորհրդատվական նամակ այն մասին, որ հարկավոր է պարզություն մտցնել այս հարցում, ուղարկեցի։

- Առաջարկվող իրավական լուծումները ե՞ւս նրանցն էին։

- Ոչ, դրա հետ իրենք կապ չունեն, դա իմ մասնագիտության, երկարատեւ աշխատանքի, փորձի, գիտելիքների եւ շրջանառվող ինֆորմացիայի վերլուծության արդյունք է, որը ես կարող էի օբյեկտիվ հնարավորությամբ, նաեւ որոշակի ենթադրություններ անելով՝ վերլուծել։ Այդ ամբողջից իմ եզրահանգման արդյունքն էր դա։ Եվ նամակում էլ նշեցի, որ հարցը պետք է ոչ թե նեղ մասնագիտորեն ուսումնասիրվի, այլ ուսումնասիրություն կատարվի հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչը ես կարծում էի եւ հիմա էլ կարծում եմ, որ հնարավորություն կտար լայնածավալ քննություն կատարել՝ ամբողջական սպեկտրով․ այդ թույլտվության կոռուպցիոն ռիսկեր, բացթողումներ, մնացած թերացումներ։ Եվ նամակում էլ հենց այդպես էլ նշել էի՝ քրեական գործ հարուցել ոչ թե «Լիդիան Արմենիայի» նկատմամբ, այլ մեր պաշտոնատար անձանց կողմից թույլտվություն տալու ընթացքում հավանական խախտումների եւ դրանց նպաստող ծախու գիտնականների հետ կապված։ Եվ ասացի՝ նախ այդ ուղղությամբ կատարվի լայնածավալ քննություն, եւ նա նշանակվի՝ դատաէկոլոգիական փորձաքննություն, որին պետք է պարտադիր մասնակցեն ոչ հայ, արտերկրի հանրաճանաչ եւ իրենց ազնվությամբ հայտնի գիտնականներ։ Նաեւ նշել էի, որ նման գիտնականների մասնակցությունը կարող են ապահովել ա՛յս, ա՛յս, ա՛յս անձինք։ Եվ նաեւ գրել էի, որ այս փորձաքննության հիմքում պիտի լինեին տվյալներ, քանի որ բավականին նյութ կա, մանավանդ, որ հիմնավոր ենթադրություն ունեի մտածելու, որ այդ հանքարդյունաբերության ոլորտում միշտ էլ ահավոր շատ է եղել կոռուպցիոն ռիսկը եւ անտեսված՝ բնապահպանությունն ու մարդկանց առողջությունը։ Բնականաբար, նաեւ մտածելու, որ այդ հանքարդյունաբերության ընթացքում պետք է լինեին լիքը խախտումներ, որոնք քննությամբ ու փորձաքննությամբ վերհանվելու դեպքում հնարավորություն կտային մեզ այդ փաստերը դնել «Լիդիանի» առաջ, եւ այդ պարագայում հնարավոր պատիժներից խուսափելու համար ոչ թե մենք կվախենայինք կոմպենսացումից, այլ՝ իրենք։

- Հիմա իշխանական շատ պատգամավորներ հայտարարում են, որ կողմ են հանքի շահագործմանը, եւ կա կանխավարկած, որ իշխանությունը կորոշի, որ Ամուլսարը հանք է դառնալու, ու կպարզվի, որ Դուք սխալ էիք, «Լիդիանը»՝ ճիշտ։ Եվ Դուք իշխանությանը տարաք սխալ ճանապարհով։ Չե՞ք մտածում, որ Ձեզ կփորձեն պատասխանատվության կանչել, նաեւ այդ 400 հազարի համար, ինչ-որ վնասների հատուցում ստանան։

- Սրան ես այսկերպ կպատասխանեմ․ եթե ինձ մոտ իրոք լինեին վատ միտումներ, ապա կվարվեի մարդու նման, որը նման դեպքերում սկսում է իր ստրախովկաների մասին մտածել, էդ դեպքում նման հաշվարկներ կարող են լինել։ Բայց քանի որ նման բան իրոք չկա, եւ գործողությունների ուղենիշ հանդիսացող նամակը, որն իրենք ձեւակերպել են հաղորդում, կազմեցի ու ուղարկեցի այն անկեղծ մղումով, որ օգտակար լինեմ նոր իշխանությանը։ Նաեւ իշխանությունների հանդեպ այն հավատն էր, որ նոր, ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն է եկել ու այդ իշխանությունը պետք է նպատակ դնի՝ ցանկացած դեպքում ճշմարտությունը վերհանելու եւ որոշում ընդունելու համար։ Եվ հիմա էլ չեմ ուզում մտածել, որ դրանից անմիջապես հետո իշխանությունը սկսել է այլ ուղիով գնալով՝ «Լիդիանի» օգտին քայլեր անել։ Նման մտավախություններ իրոք չեն եղել, բայց անցում անելով հաջորդ հարցին՝ ասեմ, որ այդ քրեական գործով եւ նշանակված փորձաքննություններով, սա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է լավ գաղափարի արդյունքում ունենալ լրիվ հակառակ պատկեր։ Անցնեմ նաեւ մի շարք այլ դետալների։ Օրինակ՝ վարչապետին ուղարկված նամակը դրվել է քրեական գործի հարուցման հիմքում եւ գնահատվել հաղորդում հանցագործության մասին։ Նախ, ես չեմ գրել վարչապետին՝ գիտեք, սա հանցագործ է, նա՝ հանցագործ, գործ հարուցեք, պատժեք։ Ես գրել եմ, որ այսքան աղմուկ է բարձրացել, մարդիկ այսքան դժգոհություն են արտահայտում, եւ եթե սա սխալ է, ինչ-որ այլ եղանակով են թույլտվությունները տրված, եթե նման բան կա, դա պարզելու ճիշտ ուղին սա է։ Այսինքն՝ ուղեցույց-նամակ։ Խորհո՛ւրդ։ Նամակն ուղարկելուց 1 շաբաթ էլ չէր անցել, ինձ զանգահարեց մի անձ, ներկայացավ, որ ՔԿ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ է՝ բա Դուք, որ հաղորդում եք ներկայացրել, վարչապետի միջոցով եկել է մեզ, պետք է գաք՝ բացատրություն տաք։ Ես ժպտացի ու ասացի՝ «երիտասարդ, ես հաղորդում չեմ տվել, վարչապետին ուղենիշ եմ ցույց տվել, դա չի կարող հաղորդում լինել»։ Հարցրեցի նաեւ, թե դա ի՞ր կարծիքն է, թե՞ ղեկավարների։ Կարկամեց, ես էլ ավելացրեցի, որ եթե այդպես ես մտածում, այդ հարցը մի հատ քննարկիր քո ղեկավարների հետ։ Անգամ ասացի՝ եթե գործ եք ուզում հարուցել, ձեզ հիմք է պետք, կարող եք վերցնել հեռուստատեսությամբ, կայքերով, մամուլով, միտինգներով հազարավոր ելույթները, որոնցում շատ ավելի կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվել։ Ասացի՝ ցանկացած մեկը կարող եք վերցնել եւ համարել քրեական գործի առիթ։

- Իսկ Ձեզ համար դա շա՞տ սկզբունքային հարց էր, մտածում էիք՝ սուտ մատնության մեղադրանք կարող է Ձեզ ուղղվել․․

- Չէ, չէ, ուղղակի դա իմ մոտ ժպիտ առաջացրեց իրավական անգրագիտության տեսանկյունից։ Ինչեւէ, էլ զանգ չեղավ, մի քանի օր անց ստանում եմ պատվիրված նամակ ՔԿ-ից, որ «Ձեր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ», եւ կցել էին քրգործի հարուցման մասին որոշման պատճենը, որը սկսվում էր հենց այդպես՝ «Համբարձումյանի հաղորդման հիման վրա»։ Ճիշտն ասած, դրանից ավելի ջղայնացա ու որոշեցի պատասխանել եւ կրկին՝ պատվիրված նամակով, մի քիչ էլ կոպիտ ձեւակերպումներով գրեցի, որ «հարգելիներս, դուք ե՛ւ իրավաբանորեն սխալ եք թույլ տվել, ե՛ւ ստրատեգիական»։ Ասացի, որ իմ նամակը ստիպված եք կցել քրեական գործին եւ հարուցման որոշման մեջ նշեք սրա մասին, եթե պատահի այնպես, որ քննության վերջում ձեռք բերեք մեղադրող-ապացույցներ ընկերության դեմ կամ որեւէ մեկի, այդ մարդիկ, երբ արդեն դատավարության ժամանակ իրավունք կստանան ծանոթանալու գործի նյութերին, տեսնեն, թե ինչն է հիմք հանդիսացել, նրանք ձեզ կմեղադրեն միտումնավոր, կանխորոշված կարծիքով քրգործ հարուցելու մեջ, որը չի բխում քրեական գործի ու պետության շահերից։ Բավական է դիլետանտությամբ զբաղվել։ Եվ այս փաստի մասին քննարկման ժամանակ, երեւի, Քննչական կոմիտեի ղեկավարն ավելորդ հուզվել էր վարչապետի ներկայությունից եւ նրան թյուրիմացության մեջ գցեց, թե՝ ես հրաժարվել եմ, իրենք քննարկել են, ամեն դեպքում, գնահատել են հաղորդում, բայց ինձ տեղյակ չեն պահել։ Էհ, պատվիրված նամակով ուղարկում ես, տեղեկացնելը պոզով-պոչո՞վ է լինում։


Շարունակելի