Ինչի է պատրաստ ընդդիմությունը, եթե վաղը մարդիկ դուրս գան փողոց

Ինչի է պատրաստ ընդդիմությունը, եթե վաղը մարդիկ դուրս գան փողոց

Վաղը՝ ապրիլի հինգին, այո, մենք դուրս ենք գալիս փողոց։ Իսկ ինչու ենք դուրս գալիս փողոց,դրա համար շատ պատճառներ կան։ Նոյեմբերի 9-ից հետո շատերի համար ակնհայտ դարձավ, որ տեղի ունեցածը այսքանով չի սահմանափակվել ու մենք շարունակում ենք պարտվել։ Մարդիկ կային, որ մտածում էին, որ այդ փաստաթղթով ամեն ինչ ավարտվում է, Արցախին ու Հայաստանին վտանգ չի սպառնում, բայց հիմա տեղի է ունենում հակառակը։ Այս մասին քիչ առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին ՀՀԿ-ական երիտասարդները։

«Թուրքը որոշել է իր արյունոտ թաթը հայկական ավելի խորը հատվածների վրա դնել։ Այդ հատվածներից շատերը արդեն Հայաստանի սուվերեն տարածքներ են։ Ի՞նչ ենք մենք ասում։  Մենք առաջինը առաջարկում ենք հեռացնել ու հրաժարվել այն իշխանություններից, որոնք ասում են՝ այո, համաձայն ենք Ադրբեջանի կազմում Արցախի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Սրանք փաստեր են, սրանք իմ հայտարարությունները չեն, այս ամենը իրենք ենք ասում՝ այս իշխանությունները։ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նվիրել Արցախը, սկուտեղի վրա մատուցել Արցախը Ադրբեջանին։ Ապրիլի հինգից մենք սկսելու ենք իշխանությանը հեռացնելու փողոցային պայքարը։ Մարդիկ հարցնում են՝ իսկ մեկ օրվա ընթացքում այդ ամենը անելը հնարավո՞ր է։ Այո, հնարավոր է  բայց եթե փողոց դուրս գա այնքան մարդ, որքան անհրաժեշտ է։ Փողոցները պետք է հեղեղված լինեն մարդկանցով։ Եթե մարդիկ դուրս գան փողոց, ընդդիմությունը որևէ այլ տարբերակ չի ունենա, քան մարդկանց արդար պահանջը կատարելը։ Ընդդիմությունը դուրս չի գալու մարդկանց պարզապես քայլեցնելու համար, որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը պիտի դուրս գա ու որոշի, իսկ եթե դուրս եկավ ու որոշեց, միանշանակ, նորից կրկնեմ, պիտի լինի ժողովուրդի կամքով»,- հավելեց նրանք։