Վերադառնում ենք 1991-ի անպաշտպան սահմաններով իրավիճակին

Վերադառնում ենք 1991-ի անպաշտպան սահմաններով իրավիճակին

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի կապիտուլյացիայի ակտից հետո կարելի է լսել եւ սպասել այնպիսի բաներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ ֆանտաստիկայի ժանրից կլինեին։ Ադրբեջանցիների «Ուրալը» Գորիսում է, ադրբեջանցիները ճաշում են Վարդենիսի ռեստորաններից մեկում, մեկ այլ վայրում՝ առեւտուր անում, նրանք Ջերմուկի մոտ զորամաս են կառուցում եւ հայերիս վերջնաժամկետ են տվել։ Պատերազմի 44-օրյա ստերից հետո որեւէ մեկը որեւէ պաշտոնական հերքման ու տեղեկատվության չի հավատում․ եթե նույնիսկ ճշմարիտ են ՊՆ-ի ու պետական օղակների հաղորդագրությունները, վիճակը կարծես նմանվում է հայտնի առակին, երբ ստախոսն ասում է՝ տունս այրվում է, այլեւս ոչ ոք նրան չի հավատում եւ չի գալիս օգնության։

Շրջանառվող տեղեկություններից մեկն այն է, թե Սեւանի աջ ափին դեպի Կարմիր ուղղությամբ մեր կողմից ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, զիծառայողներն անհանգիստ են՝ սպասումների մեջ, թե շուտով այս դիրքերը լքելու հրաման է տրվելու։ Մյուս կողմից՝ ՀՀ վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտուն հարող ՀՀ սահմանների ճշգրտման աշխատանքներ են տարվում։ Եվ, զուգահեռաբար, նման խոսակցություններ են շրջանառվում նաեւ Վարդենիսին հարող տարածքների վերաբերյալ։ Հիմա այստեղ պետք է սահմանազատում արվի, քանի որ Քարվաճառն այլեւս Ադրբեջան է։

Հարցին, թե եղե՞լ է հրաման, որ Շորժայի՝ դեպի Կարմիր տանող հատվածում ինժեներական աշխատանքներ չտարվեն, պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը չցանկացավ պատասխանել՝ պահանջեց գրավոր հարցում։ Ասաց նաեւ՝ պետք է նշվի կոնկրետ տեղանք, քանի որ «Սեւանի աջ ափ»՝ նշանակում է մի քանի տասնյակ կիլոմետր։ Ալթունյանի հավելմամբ, հայ-ադրբեջանական սահմանի այս  հատվածի երկայնքով ներկայումս իրականացվում է սահմանազատում, եւ այնտեղ, բնականաբար, պետք է մարտական հենակետեր լինեն։ «Այնտեղ արդեն իսկ կան տեղակայված դիրքեր, ինչի մասին Գլխավոր շտաբի պետի տեղակալը հայտարարել է իր ասուլիսում։ Եվ այդ աշխատանքները շարունակաբար արվում են, «Զինուժը» նկարում է, ցույց է տալիս»,- այսքանն  ասաց Ալթունյանը։ 

ՀՀ ԶՈւ շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով  այն հարցին, որ նշված հատվածում նոր ինժեներական կառույցների աշխատանքներ չեն իրականացվում, ասաց․ «Այնտեղ ինչ որ արվել է, կա՛մ բավարար է, կա՛մ անում են, էդպիսի բան չկա, որ պետք է արվի, բայց չի արվում, մանավանդ՝ Գեղարքունիքի հատվածում։ Ես էնտեղ նման բան չեմ տեսել, որ ինչ-որ գործ չանեն՝ հանձնելու կամ բանի համար․․․ Դա ճիշտ տեղեկատվություն չէ, միայն ավելորդ լարվածություն ու ներվատրյոպկա ստեղծելու համար սուտ տեղեկատվություն է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Վարդենիսի հատվածում Ադրբեջանի հետ մեր սահմանին, որը սկսվում է Քարվաճառի հատվածից, Սոթքի լեռնանցքից մինչեւ Ջերմուկ ու Գորիս, որքան հենակետեր պետք է դրվեն, Արտակ Դավթյանը պատասխանեց՝ դա թելադրում է տեղանքը, կարող է լինել ամեն 100 մետրի վրա, կարող է՝ 3 կիլոմետրը մեկ։ «Էդպես՝ նորմատիվներ չկան, ըստ տեղանքի եւ ըստ հրամանատարների որոշման»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը։

Մյուս կողմից, արդյոք այս գործընթացն ապօրինի չէ՞, եթե Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ մեր երկրի սահմանները։ Պարզվում է՝ ի տարբերություն Թուրքիայի, որն առաջիններից մեկն է ճանաչել ՀՀ անկախությունը, Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը, թեեւ 1992-ին Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանը եւ Ադրբեջանն ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, իսկ ՄԱԿ-ը պետություններին անդամագրում է որոշակի սահմաններով։ Սովորաբար սահմանակից պետությունները նշում են, որ միմյանց նկատմամբ սահմանային հավակնություններ չունեն։

Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում նշվել է չլուծված հակամարտության հանգամանքը, եւ սահմանների դեմարկացիա չի արվել, քանի որ այն լինում է միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների միջեւ։ Եվ սա վերաբերել է ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանի անկլավային գյուղերին։ Այլ խոսքով՝ մենք վերադառնում ենք 1918 թ․ ՀՀ սահմանների՞ն։ Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը մեզ հետ զրույցում հաստատեց սա․ «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է՝ իր խորհրդային սահմաններով հանդերձ։ Եվ քանի որ այդ սահմաններն արդեն իսկ նախորդ դարի 20-ականներին գծվել էին անարդար կերպով, իսկ 20-ականներից մինչեւ 80-ականները՝ հատկապես 1928-1938 թթ․ շրջանում, մի քանի անհաջող փոփոխություններ էին կրել՝ Ադրբեջանը մի քանի տեղ մխրճվել էր մեր սահմանների մեջ։ Օրինակ՝ Արծվաշենը ժամանակին անկլավ չի եղել, կամ՝ Ջերմուկից մի քիչ վերեւ ադրբեջանական էդքան մխրճված սեպ չի եղել, եթե համեմատում ենք քարտեզները։ Եվ ուրիշ տեղերում էլ նման մի քանի բան եղել է։

Հիմա, երբ 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանն անմիջապես հայտնվեց անկենսունակ, անպաշտպանունակ, հատկապես՝ Սյունիքի հատվածում, սահմանների մեջ։ Բայց քանի որ կար Արցախ եւ Արցախի ազատագրական շարժում, մեզ հաջողվեց երկիրը դարձնել կենսունակ։ Միայն Արցախն ազատագրելու շնորհիվ ու Արցախի շնորհիվ մենք կարողացանք էս 30 տարին շնչել։ Շնչել՝ դժվարությամբ, բայց ապրել։ Հիմա մենք հետ ենք եկել 1992 թվականի իրադրությանը, երբ Սյունիքը  դարձել էր չափազանց խոցելի, այնտեղ այնպիսի հատվածներ կան, օրինակ՝ Կապան քաղաքի հենց վերեւում կարող են դրվել ադրբեջանական  դիրքեր, եթե հետեւեն հին՝ Խորհրդային Միության ժամանակվա վարչական սահմաններին, որովհետեւ դրանք միջազգային սահմաններ չէին, այլ՝ վարչական»։

Ապա Այվազյանը, որպես ամփոփում, դառնությամբ նշեց՝ ժողովրդի մոտ հիմա կամաց-կամաց գիտակցությունը սկսելու է արթնանալ, թե իսկապես ինչ էին նշանակում մեզ համար ազատագրված տարածքներն ու Արցախը, եւ «ոնց ենք մենք վերապրելու, որովհետեւ հիմա վերապրելու խնդիր ունենք»։ «Հիմա Սյունիքն ամեն վայրկյան՝ տարբեր պատճառաբանություններով ու սադրանքների հետեւանքով, կարող է ենթարկվել ադրբեջանա-թուրքական հարձակումների»,- ասաց պատմաբանը։ Եվ սա նշանակում է՝ ինչպե՞ս է Սյունիքը շարունակելու իր տնտեսական կյանքը, ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը։