«Հրապարակ». Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին

«Հրապարակ». Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին

Հայաստանյան քաղաքական դաշտում թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ արեւմտյան ուժերը Հայաստանը դուրս բերեն իր ազդեցության գոտուց, վճռական պահին ՌԴ-ն հայաստանյան ընդդիմության միջոցով իշխանափոխության գործընթաց կսկսի՝ արեւմտամետ Փաշինյանին հեռացնելու համար։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեր քաղաքական գործիչների վերջին շփումներն իրականում բոլորովին այլ բան են փաստում։ Քաղաքական գործիչներից մեկը Մոսկվայում ռուսական իշխանական շրջանակներից փորձել է ստանալ հավաստիացումներ՝ եթե իշխանափոխության գործընթաց սկսեն, աջակցություն կստանա՞ն, եւ շատ կոշտ պատասխան է ստացել։ Նրան ուղիղ տեքստով ասել են, որ չեն պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, չեն խոչընդոտելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իրենց խնդիրը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում։

Եթե Հայաստանն ու հայ ժողովուրդն ուզում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եւ իրենց հողից մաս-մաս հանձնել, ապա իրենք ինչո՞ւ պետք է միջամտեն ու հարաբերություններ փչացնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ակնարկել են, որ խաղաղության պայմանագրով եւ հարակից ակտերով կապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը, մնացածը հայ ժողովրդի ընտրությունն է՝ ուզում եք Արցախը հանձնել, հանձնեք, ուզում եք Փաշինյան վարչապետ ունենալ՝ խնդրեմ, եթե թուրքերի ու ադրբեջանցիների առաջ երկրի դարպասներն ուզում եք բացել՝ դարձյալ խնդիր չկա։