Երուսաղեմի Հայոց պատրիարքը ցանկացել է վաճառել 35 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրեր․ սկանդալ

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ցանկացել է վաճառել 35 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրեր․ սկանդալ

Այն բանից հետո, երբ այսօր հայտնի դարձավ, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ս․ Հակոբյանց միաբանության անդամ Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը կարգալույծ է հռչակվել, վերջինս հրապարակել է պատասխան նամակ ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Նամակի բովանդակությունից, որը հրապարակում ենք կից՝ լուսապատճենային տարբերակով, պարզ է դառնում, որ Նուրհան պատրիարք Մանուկյանն ամենեւին էլ անպարտ չէ խնդրո առարկա հողամասի՝ «Կովերի պարտեզի» անօրինական կերպով վարձակալության տալու գործարքի հետ կապված, որտեղ պետք է կառուցվեր հյուրանոց։ Ավելին Պարետ Երիցյանն էլ իր հերթին սկանդալային բացահայտում է կատարում։ Նա մասնավորապես գրում է, որ մայիսի 6-ի առավոտյան եղել է Նուրհան պատրիարքի մոտ, եւ հանդիպման ընթացքում պատրիարքը հանել է 35 հազար դոլար արժողությամբ ադամանդակուռ գոհարեղեն եւ առաջարկել Պարետ Երիցյանին դրանք վաճառել, ասելով, որ եթե դա անի, 5 հազար դոլար կստանա որպես միջնորդավճար։ Պարետ Երիցյանը մերժել է այդ առաջարկը։