Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերությունը վաղը առավոտյան պետք է իրականացներ իր առաջին չվերթը՝ Երևան-Մոսկվա ուղղությամբ։ Այդ նպատակով մի քանի օր առաջ` դեկտեմբերի 10-ին Մոլդովայից Երևան էր ժամանել A320 օդանավը, որպեսզի դեկտեմբերի 15-ին կատարեր իր անդրանիկ չվերթը։ Մեր տեղեկություններով, սակայն, վաղը կայանալիք չվերթը չեղարկվել է կամ առժամանակ հետաձգվել։ Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը մինչ այս պահը Flyone Armenia-ին դեպի իր երկիր թռիչքների թույլտվություն չի տվել։ Նախնական տեղեկությամբ՝ պատճառը քովիդով սահմանափակումներն են։
Այսինքն՝ ընկերությունը բավականին մեծ շուքով PR արշավ է իրականացրել այս ընթացքում, որ շուկայականից ցածր գնով տոմսեր է վաճառում՝ սկսած 39 եվրոյից, ակտիվորեն գովազդել է իրենց նորամուտը հայկական շուկա, տոմսերը վաճառել է, բայց ամենակարևոր հարցը մինչ օրս չի լուծել։ Եվ Flyone Armenia-ի ուղևորները վաղը կանգնելու են փաստի առջև։
Մենք փորձեցինք կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ, բայց նրանք ամբողջ օրը խառն էին՝ ժողովների մեջ էին, քննարկում էին՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, ուստի չկարողացան մեզ ժամանակ հատկացնել և պատասխանել այս հարցին՝ թռիչքը կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ Մենք քիչ առաջ նաև Flyone Armenia-ի ֆեյսբուքյան էջով նամակ գրեցինք՝ խնդրելով պատասխանել մեր հարցին, տեսանք, որ նամակը կարդացել են, սակայն դարձյալ ոչ մի արձագանք։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում չվերթը գրանցված է, որ ժամանակին է նախատեսված չվերթը՝ առավոտյան ժամը 7:00-ին։ Ի դեպ, մեզ ասացին, որ մյուս օրերի համար ևս թռիչք իրականացնելու թույլտվություն չունեն, չնայած որ իրենց կայքով տոմսերի վաճառք դեռ իրականացնում են։
Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Նրանք որոշել են մոլդովական Flyone ընկերության հետ համատեղ մուտք գործել հայկական ավիացիոն շուկա՝ բերելով մոլդովական ընկերության օդանավերը, որոնք հայկական գրանցում չունեն։