Ինչ են քննարկել Մոսկվայում

Ինչ են քննարկել Մոսկվայում
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի մասին Հայաստանի քաղաքական, փորձագիտական եւ հասարակական շրջանակներում լիակատար անորոշություն է տիրում։ Տեղեկատվության սղությունը միայն ենթադրությունների լայն դաշտ է բացում։ Կրեմլի պաշտոնական հայտարարությունից հետեւում էր, որ բանակցությունները նվիրված են եղել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 21-ի հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացմանը, ինչպես նաեւ «տարածաշրջանում կայունության խորացման եւ կապերի հաստատման հետագա քայլերին»: Պաշտոնական Երեւանի հայտարարությամբ էլ` Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասվում է․

«Ցավոք, մեր տարածաշրջանի հետ կապված դեռեւս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, եւ հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարեւոր են, առանցքային, եւ ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»: 

Պաշտոնական անորոշ եւ սուղ տեղեկատվությունն ու Արցախի խնդրի չլուծված լինելու մասին Փաշինյանի արձանագրումը հայաստանյան տարբեր խմբերի մոտ տարբեր տպավորություն է թողել։ Երեկվանից քաղաքական գործիչների մի խումբ բարձրաձայնում է, թե  Փաշինյանը հրաժարվել է ստորագրել խաղաղության վերջնական պայմանագիրը, որը ենթադրում է սահմանագծում եւ սահմանազատում, իսկ վերջնարդյունքում Արցախի կարգավիճակի խնդիր, բնականաբար՝ Ադրբեջանի կազմում, մի մասն էլ ճիշտ հակառակն է մտածում, որ Փաշինյանը կարեւորել է կարգավիճակի հարցը, չի տրվելու թուրք-ադրբեջանական շանտաժին, չի ստորագրելու այդ պայմանագիրը։

«Տեղեկատվությունն այնքան քիչ է, որ ամբողջ օրը քաղաքականության մեջ գտնվող մարդը կդժվարանա ենթադրություն անել, միակ բանը, որ կարող ենք արձանագրել, այն է, որ ամրագրվեց, թե Փաշինյանի հայրանունը ռուսերենով ինչպես պետք է արտաբերվի»,- կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` ակնարկելով, որ Պուտինը նրան անցյալում Նիկոլ Վովաեւիչ էր ասում, այժմ՝ Նիկոլ Վլադիմիրովիչ: Ուստի, նրա խոսքով, դեռ վաղ է ասել, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել կամ արդյոք ձե՞ռք է բերվել, թե՞ ոչ։ «Պուտինի հետ առաջին հանդիպմանը ինքնաթիռից ուղիղ եթեր մտնող եւ հանդիպմանը քննարկվածի մասին պատմողն այսօր՝ դրանից երեք տարի անց, որեւէ բան չի տեղեկացնում»,- նկատեց պատգամավորը:

Բայց, այդուհանդերձ, Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանից որեւէ ակնկալիք չկա` դրական առաջընթացի իմաստով, այլ բոլորը մտավախություն ունեն, որ հերթական զիջումն է լինելու:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ ինֆորմացիայի սղության պատճառով առայժմ հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել՝ կարծելով, որ ցանկացած մեկնաբանություն այս պահին կարող է թերի լինել եւ վնասել գործընթացներին։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմամբ՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի տրամադրած ինֆորմացիան հուշում է միայն այն մասին, որ բանակցությունները դեռեւս ավարտված չեն, վերջնական որոշում ընդունված չէ, սակայն ինքը վստահ է, եւ գործընթացներն են այդ մասին հուշում, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, թեեւ նա պարբերաբար հայտնում է Թուրքիայից ստացվող դրական «ազդակների մասին», բայց տարածաշրջանում գերտերությունների մոտ կա պանթուրանական ծրագրի դեմ համընդհանուր կոմպրոմիս։

«Ես խնդրում եմ, որ ուշադրություն դարձնեք՝ թե՛ Հնդկաստանի արտգործնախարարի այցը Հայաստան, թե՛ շուտով Իրանի արտգործնախարարի սպասվելիք վերջին շրջանում երկրորդ այցը Հայաստան, այս իրադարձությունները պետք է դիտարկել կոմպլեքսի մեջ, հիմնական խաղացողները, չասենք՝ հակաթուրքական, բայց ծրագիր են մշակում, որպեսզի թույլ չտան պանթուրանական գոտին միավորվի։ Հիմա թե Հայաստանի գործոնն այստեղ որն է, դրա մասին մենք չգիտենք»,- ասում է Աբովյանը։ Ավելին` չնայած պաշտոնական տեղեկատվության սղությանը՝ Արման Աբովյանի կարծիքով, հանդիպումը միտված է եղել տարածաշրջանային կտրուկ փոփոխություններին, որոնց մենք ականատես ենք լինում․

«Մենք լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը, լինելով տարածաշրջանի մոդերատոր, լավ հասկանում է, որ թուրք-ադրբեջանական միավորման ուժեղացումը լուրջ վտանգ է ներկայացնում հիմնական խաղացողների համար՝ Իրան, Ռուսաստան, ինչու ոչ` Եվրոպա եւ ԱՄՆ։ Առաջին անգամ ստացվում է իրավիճակ, երբ ՌԴ-ի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի շահերը համընկնում եմ: Ասեմ թե ինչու, որովհետեւ բոլորին ձեռնտու չեն Ադրբեջանի ուժեղացումը, պանթուրանական գոտու ձեւավորումը, դա ոչ միայն միջանցքն է, այլեւ մենք տեսանք Իրանի դեմարշը նույն սահմանների փոփոխության հետ կապված հայտարարությունների ժամանակ։ Սրան գումարած՝ «Հյուսիս-հարավ» պրոյեկտի մասին ակնհայտ հայտարարում է Հնդկաստանի արտգործնախարարը, իրանցիներն են հայտարարում, սրա մասին խոսել են նաեւ ռուսական էքսպերտները, որոնց ասելիքը հետեւյալն է՝ լոգիստիկ հանգույցները, որոնք անցնում են Հայաստանով, խոսքը գնում է Իրանից Հայաստանով դեպի Եվրոպա եւ Ռուսաստան, հետաքրքիր են` ընդհանուր տարածաշրջանային լոգիստիկայի ներքո»։