Հասարակություն

Դատախազությունը մեռած մարդուց գումար բռնագանձելու հայց է ներկայացրել

Դատախազությունը մեռած մարդուց գումար բռնագանձելու հայց է ներկայացրել

«Հակակոռուպցիոն դատարանի կողմից Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից եւ նրան փոխկապակցված անձանցից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, կբռնագանձվի Երեւան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար),  ինչպես նաեւ՝ 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար ԱՄՆ դոլար) եւ 50 հազար եվրո»: Սա հատված է Գլխավոր դատախազության երեկվա տարածած հայտարարությունից: Առաջին հայացքից հերթական հաղորդագրությունն է, ինչպիսին այս կամ այն անձի վերաբերյալ ամեն ամիս կարդում ենք: Բայց այս գործը մինչ օրս հրապարակված որոշումներից տարբերվում է այն առումով, որ, ինչպես մեզ ասաց փաստաբան Հակոբ Ճարոյանը, Սուրեն Գաբրիելյանը մահացել է: 

«Սուրեն Գաբրիելյանի դեմ գործը, որը 2013-ից հարուցվել է Վանաձորում, ապօրինի հարստացման գործ է, որեւէ հիմնավորում, որ ինքը որեւէ մեկից գույք է հափշտակել, չկա, օրինական պայմանագրի հիման վրա գումար է ստացել: Երբեւէ որեւէ պաշտոն չի ունեցել ՀՀ-ում, որ ասենք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում է արել: Եվ ինքը 2016 թվականին Շվեյցարիայում մահացել է: Իրենք իմացել են, որ անձը մահացած է, իսկ մահացածի դեմ քաղհայցով իրավունք չունեին դատարան դիմել, սակայն դիմել են, եւ արդյունքում այդ որոշումն են կայացրել: Հենց նույն՝ հակակոռուպցիոնում ես հիմնավորումը ներկայացրել եմ, որ անձը մահացել է, իսկ օրենսդիրն ասում է, որ եթե անձը մահացած է, իրավունք չունես վարույթ ընդունել: Իրենց այդ փողը պետք է եղել, փորձում են տանել»,- նշեց Ճարոյանը: 
Փաստաբանն ասում է, որ Գաբրիելյանի անունով երկու գույք կա, որոնք արգելանքի տակ լինելու պատճառով, որպես ժառանգություն չեն անցել նրա զավակներին, դրանց հետ կապված է դատարանը բռնագանձելու որոշում կայացրել. «Նույն դատախազությունը գիտի, որ մահացած է, իրենց շտապ փող է պետք եղել, արել են»: 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, մինչդեռ անձը մահացել է 2016-ին, այսինքն՝ դատախազությունը դատարան մտել է գերեզմանոցում գտնվող անձից գումար, գույք բռնագանձելու պահանջով։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է: Այդ վճիռը պատասխանողները բողոքարկել էին վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, որը 2024 թվականի նոյեմբերի 12-ին պատասխանողները բողոքարկել են վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում, ինչը նշանակում է, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 

Սուրեն Գաբրիելյանը, որին տարիներ առաջ մեղադրանք էր առաջադրվել, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել` կալանքի որոշումն իմանալուց հետո: Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ էր հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Նա 2013թ. սեպտեմբերի 9-ին դիմել էր ՀՀ ԱԱԾ, որտեղ էլ  քրեական գործ էր հարուցվել Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների՝ փաստաթղթերի կեղծման, ակնհայտ կեղծ գործարքի, խոշոր գումարների լվացման, խարդախության հատկանիշներով: 
Արթուր Բաղդասարյանն իր գրության մեջ նշել էր, թե դիմում է ստացել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ Սուրեն Գաբրիելյանին կալանավորելու որոշում էր կայացվել: Քրեական գործի հարուցումից ավելի քան 10 տարի անց այդ գործը մնացել է օդում կախված՝ ո՛չ կարճվում է, ո՛չ էլ առաջ գնում, բայց քաղհայցի քննությունը եւ գույքը բռնագանձելու որոշումը, անկախ դրանից, կայացվել են:

ՀԳ Մենք դատախազությունից պարզաբանում ենք ստացել այս հրապարակման հետ կապված: Պարզվում է` քրեական վարույթի եւ քաղհայցի քննման հիմքում մի փաստ են վկայակոչում, որ Սուրեն Գաբրիելյանի մահվան փաստն իրենց հայտնի չէ:
Ահա այն պարզաբանումը, որը ստացել ենք ՀՀ դատախազությունից. 

«Որևէ իրավական հիմք, որ Սուրեն Գաբրիելյանը մահացած է, առկա չէ:
Մասնավորապես՝ այս քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողների ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը դատարանում հայտնել է դիրքորոշում, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին Սուրեն Գաբրիելյանը ստացել է Ուկրաինայի քաղաքացու անձնագիր, իսկ 2016 թվականի մարտի 29-ին նա մահացել է Շվեյցարիայի Համադաշնությունում:
  Հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0086/02/23 քաղաքացիական գործի վճռով արձանագրել է՝ որ ֆիզիկական անձի մահվան փաստը կարող է հաստատվել քաղաքացիական կացության ակտի համապատասխան գրանցմամբ/վկայականով, նոտարի կողմից անձի մահվան փաստի հաստատմամբ կամ դատարանի վճռով (ինչպես ներպետական, այնպես էլ՝ օտարերկրյա պետությունների), որպիսի ապացույցներ դատարանին չեն ներկայացվել: 
Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը մահացել է.
Իրավասու մարմնի կողմից (հայցվոր) Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապացույց, որ թիվ 58210713 քրեական վարույթի նյութերում մեղադրյալ Սուրեն Գաբրիելյանի մահվան հանգամանքների վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ:
 Բացի այդ, Սուրեն Գաբրիելյանի դուստրը՝ Ա. Գաբրիելյանը 2022 թվականի հուլիսի 14-ին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Սուրեն Գաբրիելյանի մահվան փաստը հաստատելու պահանջի մասին:
 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի մայիսի 3-ին թիվ ԵԴ/35097/02/22 քաղաքացիական գործով Ա. Գաբրիելյանի դիմումը՝ մահվան փաստը հաստատելու պահանջի մասին, թողել է առանց քննության:
Այսինքն, որևէ իրավական հիմք, որ Սուրեն Գաբրիելյանը մահացած է, առկա չէ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image