Թուրքիան բացել է իր օդային տարածքը

Թուրքիան բացել է իր օդային տարածքը

Այսօր «Fly One Armenia»-ն ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ սույն թվականի հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան,  Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Իսկ Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին հայկական «Fly One Armenia» ավիաընկերությունը հայտարարեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրեն չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթներ կատարելու (overflight) հնարավորություն։ «Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հունիսի 10-ը չեղարկել Երեւան- Լիոն-Երեւան եւ Երեւան-Փարիզ-Երեւան ուղղություններով չվերթները»,- հայտարարեց «Fly One Armenia»-ն, որն արդեն քանի ամիս է իրականացնում է Երեւան-Ստամբուլ-Երեւան թռիչքներ։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ճանապարհ են գտել ընկերությունում եւ ինչպես են վերականգնվել Լիոն եւ Փարիզ չվերթերը։ «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թուրքիան թուլատրել է իր օդային տարածքով չվերթներ իրականացնել:

«Չվերթները տեղի են ունենալու Թուրքիայի օդային տարածքով,  «Fly One Armenia»-ն ունի (overflight) հնարավորություն: Այսինքն` այն, ինչ նշված է մեր հայտարարության մեջ` իրականացվելու է», - նշում է նա:

Մեր այն հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ թուրքական կողմը կրկին իր օդային տարածքը չի փակի` հայկական կողմին պատժելու նպատակով, Անանյանն ընդգծեց.

«Չէ, մինչև ամառային թռիչքային շրջանի ավարտը (overflight) հնարավորությունները կան: Ընկերությունը մինչև հոկտեմբեր ամիս ունի այդ հնարավորությունը: Ավիացիոն սեզոնը բաղկացած է երկու սեզոնից` ամառային և ձմեռային: Ըստ սեզոնների են տրվում համապատասխան թույլատրությունները: Մենք միշտ դիմում ենք հաջորդ սեզոնի համար նախապես: Սա մշտական պրոսցես է» - նշեց Ա․ Անանյանը: