Աշխատանքից ազատման դիմումս ստորագրեցին իմ փոխարեն

Աշխատանքից ազատման դիմումս ստորագրեցին իմ փոխարեն

Երեւանի կենդանաբանական այգում անառողջ մթնոլորտ է։ Այս տարվա հունվարից Կենդանաբանական այգու աշխատակիցները կա՛մ հեռացվում են աշխատանքից, կա՛մ սեփական դիմումի համաձայն հեռանում։ Երեւանի կենդանաբանական այգու 5 տարվա աշխատակից, գիշատիչների բաժնի պատասխանատու Հեկտոր Քոչարյանը մարտի 18-ին աշխատանքից ազատման մասին հրաման է ստացել ու անակնկալ վերջնահաշվարկ՝ իր բանկային հաշվեհամարին:

Մեզ հետ զրույցում Հ․ Քոչարյանը վստահեցնում է, ապա նաեւ ուղարկում ստորագրված փաստաթղթերի պատճենները՝ պնդելով, որ դրանք իր ստորագրությունը չեն եւ, որ իր ստորագրությունը կեղծել են։ «Ես ուզենամ էլ, այդպես չեմ կարող ստորագրել, կարող եք ինքներդ համեմատել»,- ասում է նա։

Թե տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանն ինչ պատճառներ ուներ իրեն աշխատանքից ազատելու համար, Քոչարյանն ասում է․ «Ես ոնց 5 տարի աշխատել եմ, այդպես էլ շարունակել եմ աշխատել, բայց ինչ ինքը եկել է, իր հետ մշտապես խնդիրներ են առաջացել։ Նոր տնօրենի հետ ուղղակի անհնար է աշխատել, որովհետեւ առիթ է փնտրում, լարված իրավիճակներ ստեղծում, որպեսզի դիմում գրես եւ հեռանաս»։

Խնդիրները մասնագիտական դաշտո՞ւմ են եղել, թե՞ անձնական։ «Մասնագիտական հարցերով, հաստատ, չէր կարողանա վիճել, որովհետեւ այդքան գաղափար չունի այս աշխատանքի նրբություններից եւ նոր է հայտնվել այս գործի մեջ։ Ուղղակի իրեն այդպես էր պետք, որ իր ուզած մարդկանց բերեր-դներ այդ պաշտոններում․․․։ Ես արձակուրդ էի գնացել, հենց վերջացավ, գնացի աշխատանքի, ինձ ասվեց՝ դիմում գրի, դուրս արի, ես իրեն ասացի՝ ինչի՞ դիմում գրեմ դուրս գամ, կոնկրետ պարզաբանում չտվեց։ Ասաց՝ արձակուրդայինդ կբերես, կվճարես այգուն։ Իրեն խնդրեցի, որ գոնե մի ամիս էլ աշխատեմ, որովհետեւ հիմա չեմ կարող գումար բերեմ, հետ տամ այգուն։ Ասացի, որ մի ամիս պատրաստ եմ աշխատել դրա դիմաց, որից հետո դուրս կգամ, ասաց՝ չէ, հենց հիմա դիմումդ գրում ես ու դուրս ես գալիս։ Այդ խոսակցությունից հետո ես չստորագրեցի այդ փաստաթուղթը, եւ իրենք ստորագրեցին իմ փոխարեն»,- ասում է Հեկտորը, ով նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից է։

Վիրավորված իր ստորագրությունը կեղծելու փաստից՝ նա արդեն դիմել է դատարան՝ նախկին աշխատանքում վերականգնվելու եւ իր իրավունքները պաշտպանելու համար։ Գործը ներկայումս գտնվում է նախնական փուլում, ներկայացվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: «Նախորդ տնօրենի ժամանակ շատ լավ աշխատել ենք, ոչ մի խնդիր չի առաջացել, իսկ ներկայիս տնօրենի դեպքում ոչ միայն իմ, այլեւ շատերի պարագայում խնդիրներ են առաջացել, իր նշանակվելուց հետո մոտ 15 մարդ ազատվել է աշխատանքից։ Այսինքն՝ ընդհանուր աշխատակազմի մոտ 1/4-ն աշխատանքից ազատման դիմում է գրել, ինձ թվում է՝ սա արդեն խոսում է իր լավ կամ վատ ղեկավար լինելու մասին»։

Հ․ Քոչարյանը, այս փաստի հետ կապված, դիմում-գրություն է ուղարկել վարչապետին, որը վարչապետի աշխատակազմից ուղարկվել է քաղաքապետարան։ Ի դեպ, վարչապետի աշխատակազմից հանձնարարել են՝ ստուգել ստորագրության կեղծման փաստը։

Թե ինչ խնդիր կա, որ աշխատակիցների հետ կոնֆլիկտներ է ունենում, այգու տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանն ասաց․ «Ոչ մի աշխատակցի հետ ոչ մի խնդիր չկա, ընդամենը 2 հոգի է ազատվել իմ հրամանով, մնացածն իրենց դիմումի համաձայն են ազատվել, իսկ դրդելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը»։ Սիմոնյանն ուղղորդեց մյուս մանրամասներն այգու մամլո ծառայությունից ճշտել։

Հաջորդիվ արդեն, մեզ հետ զրույցում այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյանը նշեց, որ Հեկտոր Քոչարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ 2020 թվականի մարտի 17-ին։ «Տվյալ աշխատակցի եւ նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակցի միջեւ կատարվել է գույքի, ապրանքանյութական արժեքների գույքագրում եւ հանձնում-ընդունում, որին ներկա են եղել նաեւ գույքագրման համար ստեղծված հանձնաժողովի անդամները։ Հետեւաբար, այն հայտարարությունը, որ ինքը տեղեկացված չի եղել, որ պետք է ազատվի աշխատանքից, չի համապատասխանում իրականությանը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե այս 6 ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, որքան մարդ է ազատվել աշխատանքից, ապա Վ․ Մարգարյանը նշեց, որ նրանք 2-ն են, որոնք աշխատանքից ազատվել են անհարգելի բացակայության հիմքով․ «15 հոգի չի ազատվել աշխատանքից։ Աշխատանքից իրենց դիմումի համաձայն հիմնականում ազատվել են այն աշխատակիցները, ովքեր համատեղությամբ աշխատում են Ռուբեն Խաչատրյանի հիմնադրամում»։