Հերոսս ինձ տված խոստումները դրժեց. փոխարենը փրկեց կյանքեր

Հերոսս ինձ տված խոստումները դրժեց. փոխարենը փրկեց կյանքեր

2022թվականի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, Իշխանասարի համար մղվող մարտերում հերոսաբար զոհվեց Հայկ Գասպարյանը: Հայկը ծնվել է 1999 թվականի` ապրիլի 16-ին Վարդենիսում:

Հայկի ընտրյալը` Հասմիկ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում սիրելիի մասին հետևյալ գրառումն է արել.

«Կարճ ասեմ, թե ինչպես եղավ, որ հերոսս ինձ տված խոստումները դրժեց. Հայրենիքը թանկ էր ամենից, ՀՕՊ-ը չէր աշխատում, Հայկս համառ էր ու չէր թողնում 18 տարեկանին ԱԹՍ-ի տակ գնար:  
Փրկեց 30 հոգի, սպանեց իրեն ու տարավ սիրտս»:

«Հրապարակը» զրուցել է Հասմիկ Ճաղարյանի հոր`Արարատ Ճաղարյանի և Հայկ Գասպարյանի մարտական ընկերների հետ:

«Սեպտեմբերի 13-ից մի քանի օր առաջ էր ստացել ավագ լեյտենանտի կոչումը: Գերազանցությամբ  ավարտելով Երևանի պետական համալսարանի   Ռադիոֆիզկայի ֆակուլտետը, 2020 թվականին` Հայկս  զորակոչվեց Հայկական բանակ: Որոշել էր, որ ուսումն անպայման պետք է ավարտի,  հետո նոր գնա հայրենիքին իր պարտքը տալու, իր շատ կարևոր մասնագիտությունն օգտագործելու` ի շահ սեփական երկրի, ի շահ հայրենիքի: Զորամասում ծառայության ընթացքում  կապի պետ էր:
Նոր էր զորակոչվել բանակ, երբ սկսվեց 44-օրյան: Բանակի  նորակոչիկ սպան 44-օրյայի ժամանակ  բոլոր թեժ կետերում էլ եղել է և իր  մարտական  գործողություններով հաղթահարել անհնարինը: Հայկի հմուտ և հերոսական գործողություների արդյունքում նրա գլխավորած ստորաբաժանումը Ջրականում հնգօրյա շրջափակումից հետո կարողացել է դուրս գալ  շրջափակումից:

Հայկս չափազանց խելացի, հավասարակշռված մարդ էր, նվիրված բոլորին ու հայրենիքին: Հայկի ընտանիքը խնդիրներ ուներ.մայրը ծանր հիվանդ էր: Պլանավորել էր, որ մինչև տարվա վերջ պետք է գա  մոր առողջական հարցերով զբաղվի և ամուսնանա: Վայրկյանի հարց էր, բայց այդ վայրկյանները տասնորդական վայրկյաններից հետո են գալիս, իսկ այդ տասնորդական վայրկյաննեից հետո զոհվեց Հայկը: Երկու օր առսջ հոգեհանգստի ժամանակ զորամասի փոխհրամանատարը պատմեց, որ Հայկը իրոք սխրագործություն է արել` իր կյանքով 30 զինվորի կյանք է փրկել»,- այս մասին մեզ պատմեց Արարատ Ճաղարյանը:

Մարտական ընկերը`Վարդանը պատմում է «Հայկի հետ ծանոթացել ենք 2020 թվականի սեպտեմբերին, նույն զորմասում ենք ծառայել: 44- օրյայի ժամանակ միշտ իրար հետ ենք եղել, բառեր չեմ գտնում ասելու, դժվար է ինձ խոսելը: Պատերազմից հետո, երբ զորացրվեցինք, մեր շփումը միշտ պահել ենք: Շատ մոտ ընկերներ ենք եղել: Հայկը բավականին, նվիրված,անձնուրաց էր ծառայում: Ամեն տեղ ինքն էր, կարևոր չէր` հրթիռակոծություն է, ինչ է, պատերազմ է և ինքը պետք է լիներ ամեն տեղ, քանի որ կապի պետ էր: Ամենաշատը մտածում էր կապի մասին,ասում էր` եթե կապը չլինի, ոչ մեկ չի կարողանա ոչ մի գործողություն կատարի:  Դրվագներն այնքան շատ են Հայկի սխրագործությունների հետ կապված: Պատմեմ դրանցից մեկը. դիրքերում զինամթերք էին բերել, զինվորները բարձրացել էին, որ դատարկեին զինամթերքը, այդ ժամանակ բայրաքթար է հայտնվում ու սկսում խփել: Մոտ 10 զինվոր վիրավորվում է: Այդ պահին համ բայրաքթարն է խփում, համ  դիրքի վրա էին կրակում, խփում են անգամ  կասետային արկերով: Առաջինը հենց Հայկն է, որ միանգամից առանց ինչ- որ բան մտածելու, որ  կրակում են, մի կողմից էլ զինամթերքն է վառվում,  գնում է զինվորներին հանում է  կրակների տակից:

Մեկ այլ դրվագ էլ պատմեմ. երբ շրջափակման մեջ հայտնվեցինք, մեքենա էր վերցրել ու գնում էր հա ստուգում էր` ճանապարհը մերն է, թե չէ: Զորքը իր հետևից գնաց ու փրկվեց»:

Պատմում է մարտական ընկեը` Մելիքսեթ Կարապետյանը « Մեկ տարի է` միասին էինք ծառայում մի ստորաբաժանումում: Առօրյայում միշտ բոլորիս օգնում էր,ինչ պետք է սարքելու սարքում էր: Ձեռքից ամեն ինչ գալիս էր: Մեզ  ասում էր մատերիալը տվեք, մնացածի հետ գործ չունեք:

Պրոֆեսիոնալ էր իր մասնագիտության մեջ: Խիզախ տղա էր: Որտեղ մի բան լինում էր, պիտի հասներ` կարևոր չէր, թե ինչ կլինի,  կարևորը, որ էտ գործը ստացվեր: Ամեն ինչ անում էր, որ կապի խնդիր հանկարծ չառաջանա, որ մնացածը համակարգված իրենց գործն անեն: Շատ բարձր պատասխանատվությամբ, մի բան էլ  ավել էր իր ծառայությունն իրականացնում: Պատերազմի առաջին իսկ պահերից Հայկն իր   գործին էր: Նա ու մյուս սպան նկատում են, որ հակառակորդի կողմից ԱԹՍ է գալիս մեր վրա, ես էլ լարվածության մեջ սառած կանգնած եմ, առաջարկում են այդ վայրից տեղափոխվել և տանում են մեզ մի ապահով տեղ, որտեղից էլ սկսում եմ աշխատել: Հենց դուրս ենք գալիս 20 մ հեռավորության վրա խփում են: Հետո մեզ ասում է, որ կապի բոլոր սարքավորումները մնացել են մեր նախորդ վայրում, պետք է գնա ու բերի: Չենք թողնում գնա, մեզ ասում է` դուք ձեր գործն արեք, ես էլ գնամ կարևոր գործեր են  անեմ, գամ: Որոշ ժամանակ անց պայթյունի ձայներ եմ լսում: Կապով ձայն եմ տալիս, չի արձագանքում: 3 անգամ գնում եմ իրա հետևից, որ հանեմ, 2 անգամ  չեմ կարողանում:  Առաջին անգամը քարա ընկնում վրսս, երկրորդ անգամ ալիքն է շպրտում ինձ: Երրորդ անգամ, երբ հաջողվում է հասնեմ մոտը,  հրշեջներ եմ կանչում, որ կրակը հանգցնեն:
ԱԹՍ-ի հարվածից երեք տեղից վիրավորվում էր ստացել: Հասցնում են հիվանդանոց, բայց չեն կարողանում փրկել: Հայկը իր մարտական գործողությունները մինչև վերջ հասցրեց կատարել գերազանց` օգնելով մեզ մնալ կապի մեջ և ողջ»:

Երեկ Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկ Գասպարյանի հուղարկավորությունը: