Միայն Աստծո առաջ եմ արտոնություններ ունեցել

Միայն Աստծո առաջ եմ արտոնություններ ունեցել

Իշխանամերձ շրջանակները նոր արշավանքներ են սկսել եկեղեցու ու վեհափառի դեմ՝ «համահայկական փիլոնազրկում 2020» խորագրով։ Սիսիանում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի  մեկնած ձեռքը՝ այդպիսով արտահայտելով իր քաղաքացիական կեցվածքն ու դիրքորոշումը, սրվել է վիճակը։ Մայր Աթոռը դեպքին արձագանքել էր, որ քահանան նույնպես ՀՀ քաղաքացի է եւ նույնպես կարող է արտահայտել իր քաղաքացիական կեցվածքը, երբ վիրավորված է նրա ազգային արժանապատվությունը եւ վտանգված հայրենիքի անվտանգությունը: Կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, ակցիա են որոշել իրականացնել Մայր Աթոռի տարածքում։

Կոչը տարածվում է՝ «Նկարը քաշեք տարեք տարածեք անխնա, բեթմենին պիտի լարենք Մայր Աթոռից», «համահայկական փիլոնազրկում 2020» վերտառությամբ եւ թեգերով, մասնավորապես միմյանց կոչ անելով կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, հավաքվել Մայր Աթոռի տարածքում եւ նմանատիպ ակցիա իրականացնել Գարեգին Բ-ի դեմ։ Հիշեցնենք, որ հայտնի միջադեպից առաջ վեհափառը Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել հրաժարական ներկայացնել։ Տեր Եսայի քահանա Արթենյանի կարծիքով՝ եթե իշխանական շրջանակները եկեղեցու դեմ արշավով փորձում են վրեժխնդիր լինել եկեղեցուց՝ հրաժարականի պահանջի համար, ապա անչափ միամիտ են․ «Մենք չենք ընկրկելու, իրենք սխալ թիրախ են ընտրել, այստեղ ոչինչ անել չեն կարող»։ Բայց իրենք շատ են, անգամ Եռաբլուրը «գրավեցին»՝ զոհվածների հարազատներին մի կողմ հրելով։ «Հարցը շատ ու քիչը չէ, եկեղեցին աստվածային կառույց է, եւ ի՞նչ պիտի անեն եկեղեցուն, ի՞նչ պիտի անեն հոգեւորականին»։ Այն, ինչ փորձում էին անել Սիսիանում։ «Ինչ էլ փորձեն անել, միեւնույն է՝ դա իրենց դեմ է դուրս գալու, դա մեկ անգամ եւս բացահայտելու է իրենց դեմքը»։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ իր հրաժարականը պահանջողների դեմքն է «բացահայտել», ասում է՝ այդ պահանջը ներկայացնում են նրանք, ովքեր նախկինում արտոնություններ են ստացել, այսօր զրկվել են եւ ուզում են նորից կերակրատաշտին մոտ գալ․ դուք՝ հոգեւոր դասի ներկայացուցիչներդ, ի՞նչ արտոնությունների համար եք պայքարում, ինչի՞ց եք զրկվել։ «Ես միայն Աստծո առաջ եմ արտոնություններ ունեցել։ Ես ո՛չ պաշտոնյա եմ եղել, ո՛չ բիզնեսմեն, ինչի՞ մասին է խոսքը, սա ի՞նչ անհեթեթ քննարկում է, սա ի՞նչ մանիպուլյացիա է»։

Տեր Եսային մանիպուլյացիա է անվանում նաեւ այն տեսակետները, թե Սիսիանի հոգեւորականն իբր Աստծո տան դռները փակել է Փաշինյանի առջեւ․ «Դա բարդ մաթեմատիկական խնդիր չէ, կա տեսանյութ, եւ բոլորը կարող են տեսնել, որ վարչապետը մտել է Աստծո տաճարը, ոչ մեկը ոչ մեկին չի արգելել, ոչ մեկը ոչ մեկին դուրս չի վռնդել, հոգեւորականն ընդամենը քաղաքացիական կեցվածք է դրսեւորել»։