Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Բաքուն ժամկետ է նշում, բայց նաև սպառնում
Օրերս Վաշինգտոնում կայացած մի շարք, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ կայացած բանակցություններից հետո, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հնչեցրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանների վերաբերյալ։
«Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշուա Կուչերին տված հարցազրույցում Ամիրբեկովն ասել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, գրում է Հաքին.ազ-ը:
«Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- Բաքվի անհեթեթ թեզը վերաշրջանառելով՝ կրկնել է Ալիևի հատուկ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է.
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը անհնարին կդարձնի ցանկացած ապագա վերադարձ դեպի ռեւանշիզմ կամ տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որոնց ականատեսն ենք եղել։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղ բանակցությունները և պայմանագրի վերջնական ստորագրումը դիտարկում է որպես խափանման մարտավարություն՝ ուղղված իր ռազմական ներուժի հզորացմանը և այս պատմությունը նորովի սկսելուն»։
Ինչպես հայտնի է, ամերիկացի պաշտոնյաները Երևանին ու Բաքվին կոչ են անում որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր։ Սակայն Էլչին Ամիրբեկովի հարցազրույցից հետևում է, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը չի փոխվել, և խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, գրում է Հաքին.ազը և ենթադրում.
«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի COP29-ի շրջանակում, ինչպես հույս ուներ Արևմուտքը: Ընդ որում, դժվար թե դա տեղի ունենա մինչև 2027 թվականը, քանի որ Հայաստանում նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստումն ու ընդունումը նախատեսված է միայն 2027 թվականին»։
«Կա լայն համաձայնություն, որ կարևոր է հնարավորինս շուտ ավարտել խաղաղ բանակցությունները և, հնարավոր է, նոյեմբերին ստորագրել համաձայնագրի նախագիծը COP29-ի շրւջանակում: Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա առանց Ադրբեջանի տարածքային պահանջներին անդրադառնալու, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Ավելին, կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ եթե համաձայնագրի նախագիծը հապճեպ ստորագրվի, եթե պահպանվեն իրավական խոչընդոտները, ապա դրանք կարող են թույլ տալ Հայաստանին վերակենդանացնել իր տարածքային պահանջները ապագայում, երբ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվի իրենց օգտին»,-ընդգծել է Ամիրբեկովը:
Նրա պնդմամբ, «եթե գործող Սահմանադրությունն անտեսվի կամ մնա անփոփոխ, դա նշանակում է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքվի, Հայաստանում նոր կառավարություն կարող է գալ և չեղարկել այն, քանի որ այս փաստաթուղթը տեխնիկապես հակասում է նույն գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է նաև վճռել, որ խաղաղության պայմանագիրն անօրինական է, քանի որ այլ դրույթներ ամրագրված են երկրի հիմնական օրենքում»:
Ամիրբեկովի խոսքով, Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հետ կապված հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Կարծիքներ