Հերոսների նկարների տեղը դժբախտ ու դժգույն է

Հերոսների նկարների տեղը դժբախտ ու դժգույն է

Վերջը մի օր մտորելուց ու հրաման իջեցնող մարդու «բերանի գոլն իմանալուց հետո» Արարատի համայնքապետարանի պատասխանը՝ կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացված հերոսների նկարների վերբերյալ, առավել քան ցնցող է։ Նույն իշխանության ոճով պատասխան, որը ոչ բառացի նշանակում է, հերոսների նկարների տեղը դժբախտ ու դժգույն է։ Կենտրոնից պետք է տեղափոխել։ Հերոսների նկարները անձրևի ու փոշու մեջ են, և նրանք ուզում են փրկել հերոսների նկարները՝ տեղափոխելով այլ վայր։

«Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից, արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից, որ տարածքն անընդհատ գտնվում էր նաև մեքենաների ջրային և այլ արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է հատկացնել նոր տարածք հերոսների նկարների համար՝ զերծ մնալու համար վերոնշյալ բոլոր խանգարող հանգամանքներից։

Նշենք նաև, որ նկարները տեղանքից հեռացվել էին դեռևս մեկ տարի առաջ։ Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»։

Իսկ ի՞նչն է հավերժ։ Ամեն ինչն էլ փոշոտվում, ցեխոտվում է եղանակային պայմաններից և եթե անձրև, ձյուն է գալիս, կարևոր չէ նկարները որտեղ են տեղադրված, բոլոր տեղերում էլ հավասարապես վնասվում են։ Պարզապես պետք է թարմացնել այդ ամենը։ Ամենզավեշտալին այն է, որ գրել են, թե մեկ տարի է՝ այդ նկարները հեռացված են այդտեղից։ Եթե այդպես էր, Հրապարակին այդ պատասխանով ինչու՞ երեկ չզարմացրիք։ 

Եթե նույնիսկ նրանց մեկնաբանությունը ճշգրիտ համարենք, ստացվում է, որ մարզերում ճանապարհներին տեղադրված խաչերն ու խաչքարերն են հանում, իսկ կենտրոնական հրապարակներից հանում են հերոսների նկարները։ Նրանց անկյուն են մղում, որ չերևան։ Իրենց համար գործընթացի սկիզբն է կարևոր։