Դատավորը դատախազին ասել է՝ մի թող դահլիճից Մենուա Հովսեփյանը դուրս գա

Դատավորը դատախազին ասել է՝ մի թող դահլիճից Մենուա Հովսեփյանը դուրս գա

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, բավարարել է դատախազի բողոքը՝ վերացնելով կիրառված գրավն ու ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Դատախազությունն է բողոքը բերել, եւ Վերաքննիչ դատարանն այստեղ հլու ծառա դուրս եկավ, Սեւակ Համբարձումյանը գտավ, որ 5 երեխա ունեցող, 2-րդ խմբի հաշմանդամ, նախկինում չդատված, հայրենիքին եւ համայնքին ծառայություններ մատուցած մարդը, որի համար որպես երաշխիք 30 միլիոն դրամ գրավ էր մուծվել, պիտի կալանավորվի»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այս պահին Մենուա Հովսեփյանը կալանավորված չէ․ «Թեեւ դատարանը որոշման մեջ չէր գրել, որ անհապաղ պիտի կալանավորվի, եւ երբ ուզում էինք դահլիճից դուրս գալ, դատավորը իր լիազորություններն անցնելով դատախազին հորդորեց, թե մի թող դահլիճից դուրս գա, բայց դա օրենքի կոպիտ խախտում է, որովհետեւ քանի որոշումը չեն տվել, դատավորը նման ցուցում իրավունք չուներ տալ, առավել եւս դատախազին։ Դատախազն էլ իր կալանավորողն էր հա՞։ Մենուան իր ոտքով ինքնուրույն կներկայանա ՔԿՀ, մենք փախնողն չենք, մեզնից են փախնում»։

Հիշեցնենք, որ Մենուա հովսեփյանը ազատ էր արձակվել հոկտեմբերի 15-ին՝ 30 մլն դրամ գրավի դիմաց։ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):