Ատեստավորման ենթակա մանկավարժները կվերապատրաստվեն 

Ատեստավորման ենթակա մանկավարժները կվերապատրաստվեն 

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10- ից կմեկնարկեն նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Վերապատրաստումներն իրականացնելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ-ն, «Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է իրականացնելու «Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժություն», «Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի եւ հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաեւ հիբրիդային եղանակով:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամն իրականացնելու է դասընթացներ «Ծրագրավորման հիմունքներ եւ ավտոմատացված համակարգեր», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1 եւ Ցանցեր-2» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաեւ հիբրիդային եղանակով, դասախոսությունների տեսաձայնագրությունները հասանելի են լինելու առցանց ձեւաչափով:

«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ-ն դասընթացներ կիրականացնի «Խոհարարություն» եւ «Հանրային սննդի սպասարկում ու արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաեւ հիբրիդային եղանակով:

«Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն դասընթացներ կանցկացնի «Ոսկերչություն» ուղղությամբ: Վերապատրաստման գործընթացն անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաեւ հեռավար՝ Zoom հարթակում, նախնական հանդիպումներից հետո: