Պետական ռեկետ՝ Էռնեկյան-Փաշինյան ձևաչափով

Պետական ռեկետ՝ Էռնեկյան-Փաշինյան ձևաչափով

«Զվարթնոց» օդանավակայանի համար նոր անուն էի՞ք փնտրում: Գտել եմ՝ COVID-19, կամ ուղղակի՝ COVID օդանավակայան:

Ժամանման սրահի կենտրոնում սպիտակ խալաթներով մարդիկ են տեղակայված: Առաջին հայացքից՝ բժիշկներ են: Բայց նրանց գործողություններին մի փոքր հետևելով անմիջապես հասկանում ես, որ սպիտակ խալաթով ոստիկաններ են: Ժամանող ուղևորին՝ մեր, մանուկ, ծեր, թոփալ, նրանք ուղղորդում են ժամանման սրահի հեռավոր անկյունները, որտեղից այնուհետև ուղևորները դուրս են գալիս թագավարակի թեստ հանձնելու մասին համապատասխան տեղեկանքով և կրկին մոտենում սրահի կենտրոնում բազմած բժիշկ-ոստիկաններին: Սրանք ուշադիր զննում են տեղեկանքը, վստահանում, որ ժամանող ուղևորն արդեն «մուծվել է» թեստի համար և «ներս» թողնում Հայաստան: Նույնն է վիճակը նաև մեկնելիս: Մինչև բացասական պատասխանով թեստի թուղթ չունենաս, թույլ չեն տա օդանավ նստել:

Չեմ սիրում ուրիշի փողերը հաշվել, բայց սա այդ դեպքը չէ: Չես կարող անտարբեր մնալ, երբ քո կառավարությունը Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների առաջ «շլագբաումը» դրած՝ COVID-ի գումար է գանձում: Նույն վիճակն է նաև ՀՀ ցամաքային դարպասների մոտ: Սա այլ կերպ, քան պետական ռեկետ չես անվանի: Օդանավակայանի պարագայում հեշտ է հաշվարկել, թե մեկ օրում օդից որքան գումար է գրպանում կառավարությունը: Դրա համար բավական է մեկ օրում մեկնող և ժամանող քաղաքացիների (ներառյալ երեխաները) ընդհանուր թիվը բազմապատկել 15 հազարոով: Կստացվի մի ահռելի գումար, որ նույն օրն էլ անհետանում է իշխող վերնախավի գրպաններում: Իսկ հիմա այդ թիվը բազմապատկեք 30-ով, հետո՝ 12-ով, ու պարզ կդառնա, որ ՀՀ իշխանությունները Երևանի COVID օդանավակայանը  դարձրել են կթու կովերի հավաքակայան:

Օդանավակայանը COVID կենտրոնի վերածած Էռնեկյանն ու Նիկոլը հրաշալի բիզնես զույգ են կազմում: Էռնեկ Նիկոլին՝ ինչպես ասում են: Օրթախով բիզնեսն էլ, ինչպես գիտեք, իր օրենքներն ունի և չի կարող ծառայել միայն օրթախներից մեկի շահերին: Ասելս այն է, որ եթե Էռնեկյանն օգուտ չունենար, առը հա թե Նիկոլին թույլ կտար COVID-ի բիզնես դնել օդանավակայանում: Ժամանման սրահի ծառայությունները՝ կրպակներ, վաճառասրահներ, բանկային բաժանմունքներ, հեռախոսային օպերատորներ և այլն, գրեթե փակ են: Ո՞վ է Էռնեկյանին վճարում այդ ծառայությունների վարձակալած և արդեն տևական ժամանակ չգործող տարածքների համար: Կարծում եմ՝ Նիկոլը: Չէի պնդի, որ այդ գծուծ արարածն իր գրպանից է փող տալիս Էռնեկյանին, բայց այն, որ Էռնեկյանը եռակի կամ քառակի անգամ շահում է վճարովի ավտոկանգառի արժեքը 2 անգամ թանկացնելուց, դա փաստ է: Մեկ ժամը 400 դրամից դարձրել է 800 դրամ: Ո՞ւր են նայում մեր համապատասխան վերահսկողական ծառայությունները, ինչո՞վ է պայմանավորված այդ «ողջամիտ» գնաճը: Ընդ որում, դիմավորելու կամ ճանապարհելու եկած մարդիկ ստիպված են ավելի երկար սպասել ավտոկանգառում, որովհետև COVID ձևականությունների պատճառով ուղևորների մեկնման և ժամանման վրա հիմա ավելի շատ ժամանակ է ծախսվում: Էռնեկյանն սկսել է գումար խնայել նաև սրահների օդափոխության հաշվին: Դիմավորողներին ներս չեն թողնում՝ դա պատճառաբանելով փակ տարածքում COVID-ի տարածման ավելի մեծ հավանականությամբ: Այդպիսով խնայվում է սրահի սառը, իսկ ձմռանը նաև տաք օդը: Իսկ թե ինչ է կատարվում դրսում՝ ելքի միակ դռան մոտ, շատերը գիտեն, ովքեր վերջին 2 տարում երբևէ գնացել են մարդ դիմավորելու: Ոստիկանները խռնված մարդկանց ու անթրաշ տաքսիստների միջով  հազիվ են ճանապարհ բացում, որ ավիաուղևորը դուրս գա շենքից. տեսարան, որ հատուկ է բացառապես գավառական հետնախորշերին:

Նիկոլը ասում էր՝ կորոնավիրուսը հնարավորություն է: Չկասկածեք: Փող շինելու հրաշալի հնարավորություն է կորոնավիրուսը: Արսեն Թորոսյանն, օրինակ, որքա՞ն լափեց, կորոնավիրուսի քանի՞ միջազգային գիտաժողովի մեկնեց պետության հաշվին, որքա՞ն փող մտավ Հայաստան կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հիվանդանոցի նման ինչ-որ բաներ կառուցեցին՝ մեկուսարաններ: Փող էր չէ՞, այդ ամենը: Լափեցին ու լվացին էդ փողը՝ չմոռանալով դրան խառնել նաև բյուջետային փողեր: Արդյունքը՝ զրո, իրենք՝ միլիարդատեր: Հաշվետվությո՞ւն: Գժվե՞լ եք, ի՞նչ հաշվետվություն: Իրենց 670 հազար քաղաքացի ձայն է տվել: Ո՞ւմից հաշվետվություն պահանջես, կամ այդ ո՞ւմ պետք է հաշվետվություն տան իրենք:

Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե ինչու այս ամենը, որ կոչվում է կորոնավիրուսի դեմ պայքար, կատարյալ հիմարություն է: Նախ մի պարզ համեմատություն: Ամբողջ աշխարհում ցույցեր են կառավարությունների կորոնավիրուսային աճպարարությունների դեմ: Հայաստանում ոչ ոք չի բողոքում: Սա արդեն նորմալ չէ: Ուրեմն՝ կամ մեր ժողովուրդն է տհաս, կամ կառավարությունն է շատ խելացի: Բայց ես կարծում եմ՝ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը: Մեզ մոտ պետություն որպես այդպիսին պարզապես չկա: Կա մի բան, որ ավելի ճիշտ կլինի ՀՔՊ անվանել՝ Հայաստանի Քյոխվայապետություն: Այստեղ ոչ ոք իր գործով չի զբաղվում: Առողջապահության նախարարը առողջապահության հետ կապ չունի, Ջրային կոմիտեի ղեկավարը նույնիսկ լողալ չգիտի, արտգործնախարարը յոթ երկրի շպիոն է, վարչապետը՝ մեխանիկ, որ նույնիսկ չգիտի, թե ինչպես են գործածում հյուսնի մուրճը: Եվ ուզում եք, որ այս քյոխվայապետությունում կորոնավիրուսային այլանդակությունների դեմ ցույցե՞ր լինեն: Չեն լինի, չեն լինի մինչև ժողովուրդը սրանց գործողություններում տրամաբանության նշույլ չտեսնի: Քաղաքական կիսախելագարների դեմ ի՞նչ ցույց: նրանց պետք է տեղավորել համապատասխան «քաղաքական» հաստատություններում՝ մեկուսացնելով հանրությունից: Բայց դա արդեն միանգամայն այլ օպերա է, որ ժողովուրդն առանց կազմակերպվելու չի կարող «երգել»: