Սպառնալիքը դուք եք

Սպառնալիքը դուք եք

Վերեւներից եկող վախի ու զգուշության վիրուսը վարակել է բոլորին: Ահա` Ազգային անվտանգության ծառայություն կոչվող ահասարսուռ կառույցը, որն իրեն հռչակել է սովետական կագեբեի իրավահաջորդը, վախեցած  օրիորդին վայել մի հայտարարություն է տարածում:

Մի ստորաքարշ, ներողություն խնդրող տեքստ` ուղղված լկտիացած թշնամուն: Մի թշնամու, որը հայ կանանց ու երեխաների էր խոշտանգում, մի թշնամու, որն Արցախի մեր գործիչներին պահում է բանտերում եւ ոչ միայն ներողություն չի խնդրում, մեղքի զգացում էլ բացարձակապես չունի: Եվ զինծառայողին, ով փորձել է սրանց գործընկեր ու վաղվա դաշնակից Ադրբեջանի սահմանն անցած հովվին ու հոտը հետ վերադարձնել, ներկայացնում են որպես հանցագործ, «պետության անվտանգության սպառնալիք»:

Իրականում մեր անվտանգության ու արժանապատվության սպառնալիքը նման ԱԱԾ-ն ու նման իշխանությունն են, որ չեն պաշտպանում իրենց քաղաքացուն եւ նրա ունեցվածքը  եւ պատրաստ են զիջել ամեն ինչ: Եվ զիջում են: Մի օր զիջում են տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, մյուս օրը՝ մի բարձր, ձյունոտ սար, երրորդ օրը՝ մի հանքավայր, չորրորդ օրը գործարանն են տեղափոխում, որ «բարեկամ-թշնամու» կողմից չռմբակոծվի:

Զիջում են պատմական հայկական Արցախը` հայտարարելով, որ ինչ-որ փաստաթղթեր ու որոշումներ կան, որոնցով այն հայկական չէր, այլ ադրբեջանական էր: Հիմա էլ ուզում են զիջել ինչ-որ տարածքներ, որոնք Ադրբեջանը GPS-ով հռչակել է ադրբեջանական, եւ ողջ իշխանությունով լծվում են դրանց ադրբեջանական լինելն ապացուցելուն: Զիջելու հերթը վաղը հասնելու է անկլավներին, ճանապարհներին, գազամուղին... Եվ վախի ու զգուշության գործած ավերածությունների վերջը չի երեւում: