Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ձեւավորման հետ կապված՝ ընդդիմությունն առաջարկներ է ներկայացնում։ «Հայաստան» դաշինքը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է, որ քննիչ հանձնաժողովում Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ու կառավարող ուժերը պետք է հավասարաչափ անդամներ ներկայացնեն։ Քննիչ հանձնաժողովի կազմում պետք է լինի նաեւ ներկայացուցիչ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Նախագծերի փաթեթը սահմանում է, որ հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
Այսինքն՝ հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամները չեն կարող պատգամավորներ լինել, նրանք լինելու են բարձր պատրաստվածությամբ անկախ մասնագետներ։
Ընդ որում՝ իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից՝ ԱԺ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած թեկնածուներից, այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք մասնակցել են վերջին համապետական ընտրություններին, այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակների թվում է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք առնվազն վերջին մեկ տարին իրականացնում են նման գործունեություն։
Հիշեցնենք, որ գործող օրենքով՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի պարտականություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որում, բնականաբար, իշխանականները թվային առավելություն ունեն։ Իսկ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին։