«Հրապարակ». Առուշ Առուշանյանը կարող է զրկվել համայնքապետի պաշտոնից

«Հրապարակ». Առուշ Առուշանյանը կարող է զրկվել համայնքապետի պաշտոնից

«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով բողոքը Վճռաբեկ դատարան է ուղարկվել այս տարվա ապրիլին»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն ու հավելեց. «Գործով ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, դեռ ոչ մի նորություն չկա, ես չեմ ուզում հիմա գնահատականներ տալ: Ստանանք Վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ այդմ կհասկանանք»: 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել. դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, եւ որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։ Արդարացվել են նաեւ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը եւ ամբաստանյալներից եւս երկուսը՝ Սամվել Դինունցը եւ Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը եւ Հարութ Լալազարյանը մեղավոր են ճանաչվել։

Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին եւ ազատազրկման դատապարտել 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։ Բայց այդ դատավճռի ամենակարեւոր կետը համայնքապետ աշխատելու սահմանափակումն է` 5 տարի ժամկետով:
Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում եւ գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով եւս։ Սակայն Վերաքննիչ դատարանը 2024 թ. մարտի 11-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ։ Ինչից հետո փաստաբանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան ու սպասում է որոշմանը: 

Ստացվում է, որ այս իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի համար անգամ նշանակություն չունի այն հանգամանքը, որ Առուշանյանը հրաժարվել է իշխանության դեմ պայքարելուց եւ իր համայնքում հանդիսավորությամբ ընդունել է իրեն` հազար ու մի թուքումուր ուտելով: Եվ պատերազմից հետո Սյունիքում «սյունյաց ողջույնների» արժանացած Փաշինյանը, ըստ էության, կոտրել է Սյունիքի բոլոր համայնքապետերին` ստիպել, որ նրանց մի մասն իրեն ընդունի, մյուսները` կնոջը, եւ իրենք այդ փաստերն օգտագործեն որպես Սյունիքը կոտրելու եւ հնազանդեցնելու գրավական: Բայց պարզվում է, որ իր թրի տակով անցնելն էլ ոչ մի երաշխիք չի տալիս, եւ իզուր էին Սյունիքի համայնքապետերը ճամբարափոխ լինում` նրանց շարունակում են պատժել չգործած հանցանքների համար, ավելի ճիշտ` ժամանակին ՔՊ-ական ռեժիմի դեմ ելնելու համար, եւ անգամ զղջումն ու լատենտ ՔՊ-ական դառնալը նրանց չեն փրկում: Եվ եթե Վճռաբեկ դատարանն էլ մերժի բողոքը՝ չբեկանելով առաջին ատյանի դատավճիռը, այն ուժի մեջ մտնելու պահից Առուշանյանը զրկվելու է Գորիսի համայնքապետի լիազորություններից: