Մարդիկ տրամադրված են հանրաքվեի օրը տոն դարձնել 

Մարդիկ տրամադրված են հանրաքվեի օրը տոն դարձնել 

Չնայած իշխանությունը դեռ չի սկսել «այո»-ի ակտիվ քարոզչությունը, բայց տեղեկություններ ենք ստանում, որ մարզպետները լծվել են այդ գործին։  Նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին շանտաժի են ենթարկում՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն, եթե ոչ՝ կձերբակալվեք։ Երեկ զրուցեցինք Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։

- Սկսե՞լ եք քարոզարշավը․ ի՞նչ տրամադրություններ են մարզում։

- Շատ դրական, բարի տրամադրություններ կան, բայց քարոզարշավի ակտիվ փուլը դեռ չենք սկսել, ինչպես ամբողջ հանրապետությունում։ Ինչու, որովհետեւ նպատակահարմար չենք գտել։ Մի քիչ ուշ կսկսենք, երեւի թե կարիք չկա ժողովրդին շատ ձանձրացնելու։ Մի խոսքով՝ այդպես է որոշվել, որ ոչ թե 40 եւ ավելի օր անենք ակտիվ քարոզարշավ, այլ՝ մոտ մեկ ամիս։

- 1 ամսում մարդկանց կկարողանա՞ք համոզել, որ ՍԴ դատավորներին տուն ճանապարհելու հարցից է կախված իրենց երջանիկ ապագան։

- Բայց մենք չենք ուզում իրենց միայն տուն ճանապարհենք, ավելի կարեւոր քայլ ենք անում այդ հանրաքվեով, մեր քարոզարշավին պետք է քաղաքացիներին հենց դա ասենք։

- Օրինակ, ինչպիսի՞ քայլեր, եւ դրանք ինչպե՞ս են փոխելու քաղաքացիների կյանքը։

- Ես հիմա դա չեմ ասի, դրա մասին հավանական է, որ կհայտարարվի «այո»-ի շտաբի մամուլի ասուլիսով կամ այլ ճանապարհով, բայց կոնկրետ ես չեմ ուզում ասել դրա մասին։

- Եթե ՀՀ քաղաքացիներին ասեք, որ հանրաքվեի նպատակը 213-րդ դրույթը չեղյալ համարելն է, որով կդադարեցվեն Թովմասյանի եւ մյուսների լիազորությունները, դրանով կվտանգվի՞ հանրաքվեի ելքը։

- Չէ, չեմ կարծում, մեր քաղաքացիներն ամեն ինչ լավ ընկալում են, լավ տեղյակ են նաեւ Սահմանադրությունից, եթե մենք ճիշտ ձեւով մատուցենք բուն էությունը եւ Սահմանադրության 202 հոդվածը, եւ 2-րդ հոդվածը, եւ մնացածները, ամեն ինչ լավ կլինի։

- Ստուգե՞լ եք մարդկանց տրամադրվածությունը։

- Այո, այո, նույնիսկ մարդիկ տրամադրված են հանրաքվեի օրը տոն դարձնել։

- Արդեն գիտեն, որ «այո»-ն հաղթելո՞ւ է։

- Կարեւոր չի՝ ինչ-որ բանի հաղթել, նոր տոն անել,  եթե ժողովուրդն ինչ-որ բան է որոշում, դա նույնպես տոնական էմոցիաներ է առաջացնում։

- Բայց  իշխանությունն է որոշում կայացրել հանրաքվե անցկացնել։

- Կարծում եմ՝ ժողովուրդն էլ քվեարկությամբ կորոշի։ Ժողովուրդը մեր իշխանության օրոք ազատ իր կամքը հնարավորություն ունի արտահայտել, դա արդեն տոն է։

- Իսկ կարո՞ղ է քարոզարշավն էլի տանեք նախկին «թալանչիների» դեմ, արդեն նման կարծիքներ են հնչում, որ ասելու եք՝ սա նրանց դեմ վերջին գրոհն է, պիտի այս մարդկանց հեռացնենք, որ հեղափոխությունն ամբողջական դառնա։

- Դե, ես ասեցի, որ մենք կհայտարարենք քարոզարշավի սկիզբը, այդ ժամանակ ես չէ, որ պետք է դա ասեմ, կհայտարարվի այդ մասին, մենք ունենք շտաբի ղեկավար, համակարգող, գուցե այլ մարդիկ։

- Բայց Ձեզ համար այդ մոտեցումը նորմա՞լ է։

- Ես խնդրում եմ, հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։

- Շտաբներ ձեւավորե՞լ եք ձեր մարզում։

- Ձեւավորվելու են, քանակը հստակ չեմ կարող ասել, բայց՝ այո, ձեւավորվելու են։

- Քանի որ շատ համայնքապետեր դեռեւս անցած իշխանության «ժառանգորդներն» են, մտավախություն չունե՞ք, որ նրանք կտապալեն գործընթացը։

- Համայնքապետերն ունեն մեկ ձայն եւ իրենց մեկ ձայնը կօգտագործեն ոնց ուզում են։

- Բայց նոր իշխանությունն այն կարծիքին է, որ նրանք միշտ կեղծել են ընտրությունները։

- Իրենք հիմա ազատ, անկախ երկրում են ապրում, անկախ քաղաքացիներ են ու ոնց կորոշեն, այնպես էլ կանեն, բայց համայնքապետերը չեն կարող որոշել, ոչ էլ մարզպետը, թե  քաղաքացին գնա ու ինչպես քվեարկի։ Համայնքապետերը, մարզպետները, որեւէ պաշտոնատար անձ այլեւս քաղաքացու վրա որեւէ ազդեցություն չի ունենալու, մենք դրա երաշխավորն ենք։ Գազելների փորձն էլ նախկիններին է պատկանում, մենք նման փորձ չունենք ու չենք պատրաստվում ունենալ, ցանկացած ընտրություն սրանից հետո լինելու է քաղաքացու հաղթանակը, եւ այն տոնելու ենք բոլորս միասին։

- Մինչդեռ ահազանգեր ենք ստանում, որ ճնշում եք մարդկանց, ասելով՝ եթե «այո»-ն չհաղթի, լավ չի լինելու իրենց համար։

- Փորձ չունեմ ճնշում գործադրելու, իմ մոտ չի ստացվում դա։

- Ստեփանավանի քաղաքապետն այդ կարծիքին չէ Ձեր մասին, եթե չեմ սխալվում՝ ինքն է խոսել, որ փորձում եք քրեական գործերով ճնշել, հեռացնել պաշտոններից։

- Դա ճնշում չի, ինչ իր մասին մտածում ենք, հանրային ասում ենք, ոչ թե կանչում ենք, աշխատասենյակում պատժում կամ ինչ-որ բան անում։ Մենակ իր մասին չէ, ցանկացած քաղաքապետի մասին ինչ մտածում եմ, արտահայտվում եմ, որեւէ կաշկանդվածություն չունեմ։

- Բայց Ձեր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարծես դոփում է տեղում, նշանակում է՝ ամեն ինչ չէ, որ ճիշտ եք մտածում։

- Ես չգիտեմ՝ ինչ ընթացքի մեջ է, իրավապահներից ճշտեք։