10 թվից իրենց երեսներին ասում էի՝ մի թալանեք
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը հայտնվել է իրավապահների թիրախում: Դատախազությունը Համբարձումյանին մեղադրանք է առաջադրել ավելի քան 350 մլն դրամ արժողությամբ գույք չհայտարարագրելու եւ 211 մլն դրամի հարկեր, տուրքեր չվճարելու համար: Խոսքը տարիներ առաջվա «հանցանքի» մասին է, հարկային պարտականությունները, ըստ դատախազության, չի կատարել 2017-2018 թթ, իսկ լինելով ԱԺ պատգամավոր՝ 2019-ին գույքը չի հայտարարագրել: Լուրեր էին շրջանառվում, որ հեղափոխությունից հետո, շատերի պես, նա էլ է մուծվել իշխանություններին ու դրա համար ազատ ապրում է։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Դերժավայի Արկադին հիշելու պատճառն անցած տարեվերջին կայացած ՏԻՄ ընտրություններն են: Համբարձումյանը չի արդարացրել իշխանությունների սպասելիքները եւ չի աշխատել նրա օգտին:
Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Համբարձումյանի հետ: Զրուցեցինք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր էր՝ նույն թիմում, ինչ Համբարձումյանը, սակայն հեղափոխությունից հետո «ճիշտ» կողմնորոշվեց եւ անցավ գործող իշխանությունների կողմը՝ պահպանելով իր բիզնեսները եւ զերծ մնալով հետապնդումներից:
- Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ Ձեր նախկին թիմակցի՝ Արկադի Համբարձումյանի նկատմամբ օրերս քրեական գործ է հարուցվել, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են նախկին պատգամավորին հիմա թիրախավորել՝ երեք տարի անց:
- Էդ ո՞վ ա:
- Դերժավայի Արկադին չգիտե՞ք՝ Սպիտակից։
- Չէ, չեմ ճանաչում… դեմքով պիտի տենամ, միգուցե հիշեմ:
- Հեղափոխությունից հետո Ձեր բոլոր նախկին ընկերների՞ն եք մոռացել:
- Իրանք ինձ ի՞նչ ընկեր:
- Թող լինի՝ գործընկեր:
- Գործընկեր էլ չեն:
- Մի թիմում չէի՞ք, նույն ժամանակ պատգամավոր եք եղել:
- Հա, նույն ֆրակցիայից ենք երեւի եղել, բայց ես հո բոլորին չե՞մ ճանաչում, Ձեզ թվում է՝ բոլորին հիշո՞ւմ եմ: Նարկոզից հետո հիշողությունս ավելի է վատացել:
- Դուք նախկինների գործարար թեւից էիք, ինքներդ մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունը կարող է Ձեզ էլ անդրադառնալ, փորձել վերադարձնել նախկին թալանը, թե՞ Դուք իրենց գովում եք, Ձեր երբեմնի ընկերներին քննադատում, դրա համար էլ Ձեզ չեն նեղում:
- Ես մտահոգություններ չունեմ, որովհետեւ ես իմ հարկերս միշտ մուծել եմ: Երեւի հիմա են բացահայտել, ու դրա համար էլ հիմա է գործ հարուցվել: Ըտենց բան չկա, որ իրանք չէին ուզում անել, նոր են սկսել անել: Ես ոչ մեկին ո՛չ գովում եմ, ո՛չ էլ, քննադատելը՝ հա, քննադատում եմ:
Հիմի մարդիկ սխալվել են, չասե՞ս երեսներին, որ սխալվել են: Պետությունը լավ պահելու փոխարեն թալանել տարել են, հարկերն էլ չեն մուծել, ի՞նչ է՝ չզբաղվե՞ն իրենցով:
- Դուք էլ էիք այդ թալանչիների թիմի մաս կազմում:
- Ես չեմ թալանել, ես ասում եմ՝ բարեխղճորեն մուծել եմ բոլոր հարկերս ու քանի անգամ էլ ասել եմ՝ մի թալանեք:
- Ո՞ւմ եք ասել:
- 2010 թվականից որ ես պայքարում էի, դուք ո՞ւր էիք, ես 10 թվից իրենց երեսներին ասում էի:
- Ասում էիք, բայց նաեւ շարունակում էիք այդ «թալանչիների» հետ մնալ, ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր էիք:
- Շարունակում էի, չէի շարունակում… բա ի՞նչ պիտի անեի, այդ ֆրակցիայի պատգամավոր էի: Բայց վերջին չորս տարին ես չկայի պառլամենտում, ոչ էլ ինչ-որ բանի օգուտ եմ տվել իրենց՝ քվեարկել։ Գաղափարական առումով էի խզել կապերս:
- Նախկին կարկառուններից մեկը՝ Գալուստ Գրիգորիչը, ձեր կնոջ եղբայրն է, իրենք է՞լ են թալանչի:
- Հետո՞ ինչ, ինչ քաք կերել են՝ թող գնան մարսեն:
- Կարծում եք, որ այս իշխանությունը չի՞ ուտում՝ բազմաթիվ հրապարակումներ կան կոռուպցիոն գործարքների, պարգեւավճարների եւ արագ հարստացման մասին:
- Ես տեղյակ չեմ, ես, օրինակ, էն Հայկից եմ տեղյակ՝ նախկին քաղաքապետ, մի հատ հողակտոր ունեինք, թույլտվություն էինք ուզում, որ շինություն կառուցեինք, չէր տալիս:
- Ինչո՞ւ չէր տալիս, փո՞ղ էր ուզում:
- Չէ, ինքն ո՞վ է, որ ինձնից փող ուզի: Պտի ընգնեինք դատարանները, բայց չգիտե՞ք՝ դատարանները ճահիճ են, ընկնում ես մեջը, դուրս չես գալիս:
- Փաստորեն, Դուք համարում եք, որ հիմա կոռուպցիա չկա:
- Եթե կա, թող Նիկոլը պատասխանատվության կանչի:
- Ինքն է իշխանության գլուխը՝ բյուջեից տուն են վերանորոգում, շքեղ մեքենաներ են գնում, պարգեւավճարներ են բաժանում:
- Եթե մի իշխանություն չի թալանում, պիտի սոված չմեռնի, պարգեւավճարն ի՞նչ գումար է որ:
- Իսկ նախկին թալանչիներից ո՞ւմ անունը կարող եք տալ, ո՞ւմ գիտեք, որ թալանել է:
- Առաջինից սկսած մինչեւ վերջինը:
- Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք:
- Բա էլ ո՞ւմ:
- Բայց Սերժ Սարգսյանի նկատմամբ մի գործ կա միայն հարուցված՝ դիզվառելիքի գործ, եթե չեմ սխալվում՝ 300 մլն-ի հետ կապված:
- Դե էդ է, դատարաններ են գնում՝ դուրս գալիս, ո՞վ է մեղավոր: Հա, ամոթ ա, երկրի առաջին դեմքին դիզվառելիք գողանալու համար են դատում:
- Իսկ Ձեր բիզնեսները նորմալ աշխատո՞ւմ են՝ «Հրազդան» ստադիոնը, մյուսները:
- Բիզնես չունեմ, փակվել են պատերազմից հետո: Պարտնյորներ պիտի գային, չկարողացան: Ստադիոնը վաղուց իմը չի, ես մաքուր ապրել եմ, ամիսը 45 միլիոն ստադիոնի համար հարկ էի վճարում:
Կարծիքներ