Քամուց քշվածները

Շատ են քննադատում այս իշխանությանը պատերազմի խայտառակ պարտության, կապիտուլյացիայի, զոհերի, հաշմանդամների, գերիների համար․․․ Քննադատում են նրա չունեցած արժանապատվության ու երկիրը մեծ տերությունների ոտնատեղ դարձնելու համար։ Ու հենց քննադատության այս կետում էլ կանգնում են։ Պատերազմից երեք տարի անցել է, բայց պատերազմը, տարածքների հանձնումը, երկրի մասնատումը շարունակվում է։ Մտածե՞լ եք երբևէ, թե ո՞նց է հաջողվում թշնամուն ու Նիկոլ Փաշինյանին այսքան աղետներ բերելուց հետո շարունակել նույն աղետաբեր գործողությունը։ Վերլուծում, վերլուծում են, քաղաքական գնահատականներ են տրվում, բայց այդ հարթությունից, շրջանակից ինչ որ աներևույթ ուժ թույլ չի տալիս դուրս գալ։ Ոնց որ սալօջախի վրա դրված կաթսա լինի, որ հա եռում, եռում է, մինչև կգոլորշիանա ջուրը ու խանձահոտը խեղդի մեզ․․․ Մոտ է արդեն գոլորշիացման պրոցեսը ու վտանգավոր է չհասկանալը, թե ինչու՞ է մեր պետականության գոյությանը վտանգ սպառնում։
Պարտությունը ամենասարսափելին չէ։ Պատերազմից հետո կա պարտության ավելի սարսափելի ձև։ Եթե պատերազմի ժամանակ աշխատում են արկերը, ապա պատերազմից հետո գործի են դրվում հոգեբանական ամենածանր զենքերը։ Քանի որ մեր իշխանությունը ամենատարրական տիրապետումն անգամ չուներ այդ զենքերի, ենթարկվում է թշնամու խաղին։ Անպատրաստ մարդուն քամին քշում է այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ քամին է սուրում։ ՀՀ իշխանավորների հապճեպ, իրար հակասող, մի կետի չխփող հայտարարություններն ու քայլերը հակառակորդի կազմակերպված ու նպատակասլաց աշխատանքի մասին է խոսում։ Խոսում է նաև այն մասին, որ մեր իշխանությունը ի սկզբանե ընկել է «քամու տակ» ու կողմնորոշում չի գտնում, թե որ ուղղությամբ պահի հավասարակշռությունը։ Տեսե՞լ եք երբևէ քամուց քշվածների, ուսումնասիե՞լ եք նրանց շարժումների անկանոնությունը, մեր իշխանությունը հենց այդ վիճակում է։ Քաղաքականության մեջ մի այսպիսի անհերքելի ճշմարտություն կա․ «Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ ասում է ձեր մասին»։ Ադրբեջանը համոզել է այս իշխանությանը, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է և ՀՀ իշխանությունը հավատում է, որ եթե Հայաստանից ինչ որ բան էլ մնա, ապա դա իր հաղթանակն է, «իր քյարը»։ Հավատում ու ամենուր հայտարարում է այդ մասին, դրանով իսկ Ադրբեջանին դնելով նպաստավոր դիրքի մեջ։
Մեծ մասշտաբով այդ սրընթաց գործընթացը, եթե չկասեցվի, վաղ թե ուշ ապահովվելու է։ Ադրբեջանը ստիպել է հավատալ այս իշխանությանը, որ Արցախը Ադրբեջան է, ու նա դա ընդունել է այնպիսի ոսկերչական ճշգրտությամբ, որ Արցախը հանձնել է։ Դրան հետևել է էթնիկ զտումը կամ հայաթափումը։ Ադրբեջանը ստիպում է հավատալ այս իշխանությանը, որ նա ինչ ասում, անառարկելի ճշմարտություն է։ Նույնը Հայաստանի վերաբերյալ։ Այդ ստիպումը թե ինչ մեթոդով է կատարվում, թե ինչ հոգեբանական զենքեր են օգտագործվում՝ այլ թեմա է, բայց փաստ է, որ դրանով հակառակորդ պետությունն ապահովում է իր հաղթանակը։ Պարտության այս ձևը տանում է վերջնականապես պետականության կործանման, տարածքների մաս- մաս հանձնման։ Պարտության այս ձևից խուսափելու համար է, որ աշխարհում չի եղել ղեկավար, ով պարտությունից հետո շարունակի ղեկավարել պետությունը։ Թույլ, պարտված կողմի առաջնորդին ամեն կերպ իշխանությանը պահելը վկայում է շահագրգիռ հակառակորդի հետագա խայտառակ պլանները։
Կարծիքներ