Արցախի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել 2021 թ․ բյուջեի նախագծի փոփոխություններ, որով խոշոր փոխհատուցում է տրվելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում մինչեւ պատերազմը բիզնես գործունեություն իրականացրած արցախցիներին։ Ընդդիմությունն ահազանգում է` սա արտագաղթը խրախուսելու նախաձեռնություն է, առաջնահերթ կարգով պետք է արցախցիների բնակարանային խնդիրները լուծել, նոր անցնել հաջորդ հարցերին։ Նախագիծն այսօր քննարկվելու է ԱԺ պատկան մշտական հանձնաժողովի նիստում, որպեսզի ներկայացվի առաջիկա քառօրյային։ Զրուցել ենք «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։
- Խորհրդարան է ուղարկվել փոփոխությունների նախագիծ, որով շեշտակի ավելացվում է բյուջեն․ եթե նախորդ տարի 120 մլրդ էր, ապա այս տարի՝ գումարած փոփոխությունը, կրկնապատկվում է՝ դառնալով 242 մլրդ։ Առաջին հայացքից, այո, շատ լավ է, բյուջեն մեծացվել է, խնդիրները շատ են, բայց երբ հասկանում ես, թե որ ոլորտներին է ուղղվելու, մասնավորապես՝ սոցիալական ինչպիսի ծրագրերի, բիզնեսների փոխհատուցման, գալիս ես համոզման, որ արհեստական ինչ-որ թիվ են ուզում ստանալ, որ մտնեն պատմության գիրկը, թե տեսեք-տեսեք՝ պատերազմից հետո բյուջե ենք կրկնապատկել։ Իրականում այդ ավելացված գումարն ուղղվելու է իրենց բնակավայրերից զրկված բիզնեսմեններին փոխհատուցելու համար, փոխարենը բնակարանների համար սահմանվել է երեք տարի ժամկետ։ Այս մոտեցումը, անկասկած, ազդելու է ժողովրդագրության վրա։ Դուք պատկերացրեք՝ 77 մլրդ փոխհատուցում է նախատեսվում՝ վարկերի, բիզնես ոլորտում՝ հասարակական նշանակության անշարժ գույքի համար, եւ կլինեն մարդիկ, ովքեր մինչեւ 100 մլն դրամ փոխհատուցում կստանան։ Այդ գումարը ստանալուց հետո կարո՞ղ եք ասել, թե այդ մարդկանցից քանիսն են մնալու Արցախում եւ արարելու։
- Ի՞նչ հաշվարկ է գործելու, եւ քանի՞ շահառուի մասին է խոսքը, ինչպե՞ս են որոշել։
- Հանձնաժողով է ստեղծվելու` այս հարցերը կարգավորելու համար, բայց կազմը բացառապես իշխանական ներկայացվածություն կունենա։ Կադաստրային արժեքով փոխհատուցում է տրվելու, ճիշտ է՝ կադրաստրային արժեքը շուկայականից ցածր է, բայց մենք գիտենք, որ կան թանկարժեք հյուրանոցներ՝ Շուշիում, կամ ֆերմաներ են եղել, այդ մարդիկ իրենց կորցրած տարածքների կադաստրային արժեքով կստանան փոխհատուցում, բայց այդ մարդիկ Ստեփանակերտում բնակարաններով ապահովված չեն․ կա՛մ հյուրանոցային համարներում են մնում, կա՛մ վարձով բնակարաններում, իսկ իշխանությունն ասում է` երեք տարվա ընթացքում կապահովենք, բայց միեւնույն ժամանակ խոշոր գումար են տալիս մարդկանց ձեռքը։ Իսկ մարդուն պետք է առաջին հերթին կապել իր հողի հետ, հետո նոր գումար տալ՝ աշխատելու, արարելու համար, որպեսզի մարդը ստիպված չլինի փողը վերցնել ու հեռանալ Արցախից։ Եկեք ճիշտ հասկանանք. մարդն ինչո՞ւ պիտի ներդրում անի Արցախում, երբ անվտանգության խնդիրներ կան, ինքը երաշխավորված չէ անգամ ներդրում անելիս, դրա համար կգնա, լավագույն դեպքում՝ Հայաստանում կանի։ Գաղտնիք չէ, որ Արցախում ներդրումները զրո մակարդակի վրա են գտնվում, չկան անվտանգության երաշխիքներ։ Իշխանությունն ամեն ինչով զբաղվում է, բացի անվտանգային ոլորտներում ներդրումներից, ճանապարհներ են սարքում, չգիտես ինչեր են անում։
- Բայց Ստեփանակերտում կամ այլ համայնքներում կա՞ բնակարանային ֆոնդ, որ մարդկանց տրամադրեին, իսկ նորը կառուցելն էլ մեկ օրվա, մեկ ամսվա հարց չէ։
- Կապիտալ շինարարության ոլորտում բազմաբնակարան կառուցելը, այո, ե՛ւ ժամանակատար է, ե՛ւ ծախսատար, բայց կարելի էր հավաքովի, ժամանակավոր կացարաններ տրամադրեին, մարդիկ իրենց առօրյան իրենց տանը կազմակերպեին։ Առավել եւս, կրկնում եմ՝ երբ անվտանգության հարցերը հետին պլան են մղվել, ոչ մեկը չի խոսում, թե չորս տարի հետո եթե Ադրբեջանն ասի՝ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան, մենք ինչ ենք անելու։
- Արդեն ասում է։
- Նկատի ունեմ՝ փաստաթղթով։ Այս հարցերը թողած՝ կառավարությունը հնարավորություն է ստեղծում արտագաղթելու համար, իսկ բնակարանների հարցը թողնում է մինչեւ 2023-ը։ Սա առավել ծիծաղելի է, քանի որ իշխանությանը թվում է, թե մինչեւ այդ ժամկետն ինքը մնալու է։
- Իսկ ինչ-որ բա՞ն է փոխվել, մարդիկ շատ լավ էլ հարմարվել են իշխանություններին։ Մենք լսում ենք նաեւ, որ Արայիկ Հարությունյանը տասնյակ նոր պաշտոններ է ստեղծում պետական ապարատում, ծանոթ-բարեկամ, ում հասնի՝ պաշտոն է տալիս, որ դժգոհ մարդիկ չմնան։
- Այո, կա նման բան։ Բանկից պարտք անել, նման ուղղություններով աշխատատեղեր բացել, փոխհատուցումներ տալ՝ դեռ չի նշանակում, որ հետագայում դրանք արժեք են գոյացնելու։ Ես չեմ ասում՝ փոխհատուցում չտան, բայց առաջնայինը պետք է տարբերել երկրորդականից, նախ պետք է արցախցուն կապել Արցախին, հետո մտածել բիզնես ոլորտում փոխհատուցումների մասին։ Մեծ փողեր են կարճաժամկետ վերցնում, հիմնավորում, թե Հայաստանը կփակի այդ գումարները, կամ բանկերից վարկ կվերցնենք։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։