Քաղաքականություն

Ով է ՍԴ որոշման տեքստի հեղինակը

Ով է ՍԴ որոշման տեքստի հեղինակը

Հուլիսի 20-ից ուղիղ մեկ ամիս անց հրապարակվեց ՍԴ որոշումը, որով մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումները։

Հետաքրքրական է, որ չնայած ՍԴ դիմել էին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, սակայն որոշման մեջ ՍԴ-ն ավելի շատ ընդդիմադիրներին է քննադատում՝ մոտավորապես ասելով, որ «վերջիններիս հրապարակային խոսքը եւս վարչապետի խոսքից լավը չէ», կամ՝ «ընդդիմությունը բավարար մակարդակով չի հսկել ընտրությունների անցկացումը», իսկ հիմա եկել ՍԴ-ին դիմում է ներկայացնում։ 

Ներկայացնենք մի քանի հատված ՍԴ որոշումից․ «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2021 թ․ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ընտրողների բարձր իրավագիտակցության, քաղաքական հասունության եւ քաղաքական իրադարձությունների մասնակցության հարուստ կենսափորձին հանդիման քաղաքական գործիչների քաղաքական խոսքում օգտագործված անթույլատրելիորեն ցածր մշակութային եւ հանրային՝ բարոյական տեսանկյունից դատապարտելի արտահայտությունների գործելաոճը չի կարող վերագրվել միայն մեկ քաղաքական ուժի եւ դրա ներկայացուցչի: Այն առկա է եղել մրցակցող մի շարք քաղաքական ուժերի եւ դրանց ներկայացուցիչների հրապարակային խոսքում՝ ցավալիորեն դառնալով Հայաստանում քաղաքական խոսքի մշտական բաղադրիչ»։ 

Մեկ այլ դրվագում․ «ՍԴ-ն ընդգծում է, որ ընտրական ողջ գործընթացի եւ ՍԴ մուտքագրված դիմումների վերլուծությունը վկայում է իրավական միջոցներով ընտրական գործընթացի՝ քաղաքական ուժերի կողմից վերահսկման ցածր մակարդակի մասին»: 

ՍԴ դատավոր եւ այս գործով զեկուցող Էդգար Շաթիրյանից փորձեցինք ճշտել, թե դատավորներից ով է այս որոշման տեքստի հեղինակը։ ««ՍԴ-ի մասին» օրենքից եւ ՍԴ աշխատակարգի կարգավորումներից է բխում, որ համապատասխան գործով որոշման նախագիծը պատրաստում է զեկուցողը եւ զեկուցողն իր կողմից մշակված նախագիծն ուղարկում է Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին։ Քանի որ տվյալ գործով զեկուցող ես եմ նշանակվել՝ դատարանի աշխատակարգային որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան՝ նախագիծը մշակվել եւ ուղարկվել է դատավորներին, այլ հարց է, որ դատավորները նախագծի հետ կապված ունեցել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են, դարձել են քննարկման առարկա եւ, ըստ այդմ, ամբողջությամբ կամ մասամբ իրացվել են նախագծում։

Հետեւաբար, այս ամենի համատեքստում կարելի է արձանագրել, որ սույն գործով եւ ցանկացած այլ գործով ՍԴ որոշումը, ըստ էության, դատարանի որոշում է եւ ոչ կոնկրետ մեկ անձի կամ անձանց, այլ խոսքերով՝ արտացոլում է դատարանի, իսկ եթե մի փոքր մասնավորեցնենք՝ դատավորների մեծամասնության որոշումը։ Այսինքն՝ այս գործով որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել կանոնակարգումների իմաստով, թերեւս միակ, այսպես ասած, «արտառոց իրավիճակը» պայմանավորված էր ամենասեղմ ժամկետներով՝ քննություն իրականացնելու եւ որոշում ընդունելու, որը եւս պահպանվել է։ Մնացած առումներով, սահմանված կարգին համապատասխան՝ նախագիծը մշակվել է, շրջանառվել, ներկայացվել են առաջարկներ եւ դիտողություններ, քվեարկության արդյունքներով ծնվել է այս որոշումը»,- ասաց Շաթիրյանը։ 

Մեր դիտարկմանը, որ ՍԴ որոշման մեջ ընդդիմությանն ուղղված քաղաքական ձեւակերպումներ կան, ուզում ենք իմանալ, թե ովքեր են այդ ձեւակերպումների հեղինակները, Շաթիրյանը պատասխանեց․ «Կոռեկտ չեմ համարում այս որոշումը համարել մեկի, երկուսի, երեքի կամ մի քանիսի որոշումը, մեծ հաշվով՝ այստեղ արտացոլված է դատարանի կամ դատավորների մեծամասնության դիրքորոշումը, սա դատարանի որոշումն է՝ դրանում արտացոլված իրավական դիրքորոշումներով հանդերձ։ Մնացածը նորմալ եմ համարում, ընկալումները կարող են տարբեր լինել, եւ ըստ այդմ՝ տարբեր մեկնաբանություններ լինել»։

Մենք էլ արձանագրենք, որ իր նշանակումից հետո առաջին իսկ փորձության ժամանակ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ապացուցեց, որ պատրաստ է անել ամեն ինչ՝ իրեն նշանակողի՝ «Քաղպայմանագրի» հույսերն արդարացնելու համար։ Նա ե՛ւ գործի զեկուցման, ե՛ւ որոշումը կազմելու ժամանակ հստակորեն պաշտպանեց ՔՊ շահերը, եւ չենք կարծում, թե որոշման մեջ տեղ գտած հակաիրավական տեքստերի համահեղինակ կարելի է համարել այդ որոշման դեմ քվեարկած երեք դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Արեւիկ Պետրոսյանին, Աշոտ Խաչատրյանին։ Կարծում ենք, որ շատ ձեւակերպումների հետ դժվար թե համաձայնեին նաեւ փորձառու իրավաբաններ Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image