«Հրապարակ». Քաղաքական բովանդակություն չկա

«Հրապարակ». Քաղաքական բովանդակություն չկա

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ամրանալ Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Համայնքից մեզ երեկ ասացին, որ թշնամին իրենց վարելահողերն է գրավել, իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքում «ռազբորկաներ» են,  իրար վրա են թքում, իրար ծեծում, դասալիքներ փնտրում, լավագույն դեպքում՝ ծառ են կտրում ու տնկում, աղբ են հավաքում եւ, իհարկե, իրար հայհոյում: Մի կողմից՝ թշնամին օրեցօր լկտիանում է, ինչ ուզում՝ ստանում է, մյուս կողմից՝ իշխանությունն ու ընդդիմությունն են իրար միս ծամում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով` երբ քաղաքականությունն իր քաղաքական իմաստը կորցնում է, հենց այսպիսի պատկեր ենք ունենում։ «Քաղաքական բովանդակություն չկա: Չի քննարկվում, թե իշխանությունն ինչ սխալներ է անում, փոխարենը՝ իրար են ծեծում: Ընդդիմությունն էլ, իր հերթին, չի կարողանում քաղաքական լեզվով խոսել: Իրար են ծեծում, իրար վրա են թքում եւ այդ ամենը համարում են քաղաքական պայքար: Ըստ իս, թե՛ իշխանությունները եւ թե՛ խորհրդարանական ընդդիմությունը դուրս են եկել քաղաքական բովանդակությունից»,- նշեց քաղաքագետը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով էլ` Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն ունեն մեկ անուն` խուլիգանություն. «Խուլիգաններ, կատարյալ խուլիգաններ: Ուրիշ ոչ մի բան ասել չեմ կարող: Իրար են ծեծում, արդեն բանը հասել է նրան, որ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա է թքում: Ի՞նչ կարող եմ ասել: Ակնհայտ խուլիգանության հետ գործ ունենք»: Նրա խոսքով` իշխանավորներն այսօր պետք է մտահոգված լինեին Արցախում եւ Սյունիքում տեղի ունեցող իրավիճակով, այլ ոչ թե ինչ-որ մանր խուլիգանություններով։ «Ես հակված եմ մտածել, որ խուլիգանություն նախաձեռնելով՝ քաղաքական ուժերը ցանկանում են հասարակության ուշադրությունը շեղել: Ի՞նչ են տվել, քանի՞ բարձունք, քանի՞ գյուղ, քանի՞ կտոր հող․ այս մասին քիչ է խոսվում, սակայն պետք է փաստել, որ առանց պաշտոնական Երեւանի ոչինչ չի արվում: Տեղ գյուղում իրավիճակն անկառավարելի է: Գուցե այդ մասին խոսեն, գուցե ասեն, թե մինչեւ երբ է ազերին մնալու Սյունիքում: Հերիք եղավ, էլ հնարավոր չէ այս ներքաղաքական խուլիգանությունները հանդուրժել: Ես անգամ այս ամենին քաղաքական պրոցես համարել չեմ կարող: Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Այն, ինչ կատարվում է մեզանում, հասարակության ուշադրությունը շեղելու համար է: Շատ «պատահմամբ» ԱԺ-ում իրար են ծեծում, Ալեն Սիմոնյանը թքում է կանադահայի վրա, հետո հարձակվում են Աշոտ Փաշինյանի վրա, մեկն էլ որոշում է խոսել 11 հազար դասալիքի մասին: Ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Հանձնում ու հանձնում են, պետք է այդ մասին խոսել: Ինչպե՞ս է մի իջեւանցի բ…. կարողանում մեր հողերը հանձնել»,- եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը: