Հուշարձանները ճանաչվեցին հանրային գերակա շահ

Հուշարձանները ճանաչվեցին հանրային գերակա շահ

Կառավարությունը երեկ կայացած նիստում որոշել է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքները հանրային գերակա շահ ճանաչել: Հարցը ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեւանի այդ տարածքի գոտեւորման նախագծով նախատեսվում են Երեւանի գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Երկարատեւ պայքարից հետո կառավարության նման որոշումն ինչի՞ մասին է խոսում, արդյոք նշանակո՞ւմ է, որ անտեսվեցին ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հորդորներն ու հավաստիացումները, որ ոչ մի շենք չի քանդվելու, եւ թույլատրելի չէ պատմական հուշարձանների տեղափոխումը։ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով «Հին Երեւան» կոչվող տվյալ տարածքը, որը նախատեսվում է գերակա շահ, բավարար չէ հանրապետական նշանակության հուշարձանի, տվյալ դեպքում՝ Արամ Մանուկյանի տան համար, այսինքն՝ քաղաքաշինական ծրագրի իրականացումը չի կարող հիմք հանդիսանալ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ գերակա շահ ճանաչելուն։ Տվյալ հատվածը թույլատրելի է միայն գերակա շահ ճանաչել պահպանության նպատակով, ըստ այդմ՝ նախագիծը լրամշակման կարիք ունի։ Նախագծում Արամի 23-ի եղած դիրքը ճիշտ չի եղել՝ այլ տեղ է նշված եղել, մենք դրա մասին գրություն ենք ուղարկել տարածքային կառավարման նախարարությանը»,- ասում է մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։  

Ինչ վերաբերում է Արամի 23 հասցեում գտնվող «Փոքրիկ երգիչներին» պատկանող շենքին, ապա այս հարցը մնում է դեռեւս բաց, քանի որ նախագծով եւ իրականացված աշխատանքներով ներկայացված բոլոր փաստաթղթերն օրենսդրական խախտումներով են եղել․ «Օրենսդրական խախտումով իրականացված աշխատանքներ ունենք նաեւ ամբողջ տարածքում, ես ասել եմ, որ տվյալ տարածքում բոլոր աշխատանքներն անօրինական են՝ սկսած եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիից, որը պետք է լիներ երկհարկանի, ու հատվածներ կան, որ անցել են թույլատրելի բարձրությունը։

Այսինքն՝ խախտումներ առկա են, պետք է արձանագրել իրավիճակը եւ իրավիճակին համապատասխան լուծումներ տալ։ «Փոքրիկ երգիչների» դեպքում հուշարձանի մի հատվածն առավել վնասված է՝ վթարված, որը պետք է լուծում ստանար։ Եվ մենք լուծում ստանալու փոխարեն գերակա շահի առաջարկ ենք ստանում։ Այդ առիթով արդեն հարուցված է քրեական գործ՝ մենք եւ սեփականատերը՝ «Փոքրիկ երգիչները», դիմել ենք դատախազություն։ Իսկ մյուս սեփականատերը, ով խախտել է օրենսդրությունը եւ իր կատարածի հետեւանքով վնաս  պատճառել «Փոքրիկ երգիչների» շենքին, համաձայն օրենքի սահմանված դրույթի՝ պարտավոր է վերականգնել վնասը, ինչը եւս կատարված չէ»։ 

Արմեն Աբրոյանի համար հստակ է մի բան, որ պատասխանատու անձանցից որեւէ մեկը չի արել ոչինչ․ սեփականատերը, որ վնաս է տվել, քաղաքապետարանը, քաղշին կոմիտեն, որ պետք է ապահովեր ամբողջ տարածքի նախագծի կազմակերպումը․ «Այդ 3 գերատեսչություններից որեւէ մեկը դա չի արել, ավելին՝ թույլ են տվել լրացուցիչ օրենսդրական այլ խախտումներ»։ 

Նա մեծ անհանգստություն ունի նման դեպքերի համար․ «Քայլերը ցույց են տալիս, որ հուսալի, լուրջ արդյունքներ կարող է մենք չունենանք, իսկ դա անհանգստացնող է։ Արամ Մանուկյանի շենքը հանրապետական նշանակության հուշարձան է։ Իսկ քաղաքաշինական ծրագրով գերակա շահ չի կարելի ճանաչել հանրապետական նշանակության հուշարձանը, մինչդեռ «Փոքրիկ երգիչների» շենքը տեղական նշանակության հուշարձան է, դա նման սահմանափակում չի տալիս, ուղղակի իրավաբանական առումով եւս հիմնավոր պետք է լինի մյուս հուշարձանների՝ գերակա շահ ճանաչելու դրույթը, որը քիչ հիմնավորում ունի, եւ իմ կարծիքով՝ տվյալ ծրագիրը նպատակ ունի ոչ թե «Հին Երեւան» պատմական միջավայրի վերականգնման, այլ «Հին Երեւան» պատմական միջավայրի խաթարման․ կորսված, քանդված հուշարձանները նորովի լպստած քարերով վերականգնման, ինչը միջազգային խայտառակություն է»։ 

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ վարչապետի այցից հետո, երբ նա հանձնարարեց ամրացնել պատը, այն այդպես էլ չկատարվեց․ «Իսկ Արթուր Մեսչյանը, որ ասում է՝ հուշարձան չի քանդվի, ես 2 ձեւով կարող եմ հասկանալ, որ՝ թողնենք քանդվի, կամ «չի քանդվի»-ն պետք է ներառվի, որ չթողնեն էլ քանդվի, ինչը եւս չի իրականացվում։ Այսինքն՝ Արթուր Մեսչյանի հայտարարությունը տվյալ դեպքում չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, թե՛ Արթուր Մեսչյանը, թե՛ մյուս պաշտոնյաներից որեւէ մեկն իրավասու չէ ասել, որ չի քանդվի կամ կքանդվի, ես դա համարում եմ պաշտոնական լիազորությունների չտիրապետում, դրանք օրենքով կարգավորված են, օրենքն է արգելում քանդումը»։