Ազգային ժողովի «Իմ քայլից» անկախացած պատգամավորները դեռ չեն կողմնորոշվել՝ կմասնակցե՞ն Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ, եւ եթե մասնակցեն, որ ուժի ցուցակով։ Թերեւս, դեռ առաջարկներ չեն ստացել, սպասողական վիճակում են։ Նրանք նաեւ սխալ են համարում Փաշինյանի օրակարգով, այս փուլում, այս ձեւով ընտրությունների գնալը։
Թագուհի Թովմասյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց․ «Առաջարկություններ ունեմ բոլոր կողմերից, բավականին գայթակղիչ, տպավորիչ, բայց որեւէ ուղղությամբ չունեմ կողմնորոշում, քանի որ պետք է երկար ծանրութեթեւ անեմ՝ արժե՞ շարունակել պատգամավորական գործունեությունը, թե՞ ոչ։ Եվ ամենակարեւորը՝ ընտրությունները ո՞ր Ընտրական օրենսգրքով պետք է կազմակերպվեն։ Ժամանակ կա դեռ մտորելու»։
Շիրակից ընտրված պատգամավոր, պատերազմից հետո «Իմ քայլը» լքած Սոֆյա Հովսեփյանն էլ է այս պահին ավելի շատ հակված չմասնակցելուն, քան մասնակցելուն։ Հարցին՝ չի՞ տեսնում այն ուժը, որի ցուցակով արժե գնալ ընտրությունների, Հովսեփյանն ասաց․ «Չեմ տեսնում, դրա համար չեմ նախընտրում գնալ»։ Նա վստահ չէ, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն։ «Իսկ հունիսի 20-ի ընտրություններին, արդեն ասել եմ, որ բավականին անհասկանալի ժամանակահատվածում անհասկանալի մոտեցում ցուցաբերվեց։ Սկզբից հասարակական պահանջ չկար, հիմա հասարակական պահանջը կա, ուստի այդ գործողությունների լրջությունը չեմ տեսնում։ Եվ, միեւնույն ժամանակ, վստահ չեմ, թե կանցկացվեն ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրության գնալու դեպքում էլ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, բայց ոչ այն տարբերակով, որն այս պահին շրջանառության մեջ է դրել իշխանությունը։
Գոռ Գեւորգյանը նշեց՝ հույս ունի, որ նախընտրական, բուն ընտրական եւ հետընտրական գործընթացներն ի նպաստ Հայաստանի Հանրապետության կլինեն, բայց այս իրողությունների պայմաններում չի կարծում, որ պետությունը եւ ժողովուրդը պատրաստ են սեղմ ժամկետներում գնալ ընտրությունների։ Նա միեւնույն ժամանակ ընդգծում է, որ արտահերթ ընտրությունների հարցն օրակարգային է։ Իսկ եթե այդ օրակարգը կյանքի կոչվի, եւ հունիսի 20-ին գնան արտահերթ ընտրությունների, ինքը կմասնակցի՞ որեւէ ուժի ցուցակով ընտրություններին, «Իմ քայլից» անկախացած պատգամավորն ասաց․ «Ես էս պահին ոչինչ չեմ կարող ասել, բացի մի բանից, որ բոլոր հարթակներում պետք է շարունակեմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին»։ Իսկ որեւէ ուժ տեսնո՞ւմ է, որի ցուցակով արժե մասնակցել ընտրություններին։ Գեւորգյանն ասաց․ «Էս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ բյուրեղացման գործընթաց է գնում, ընթացքում կհասկանանք»։
«Իմ քայլին» դեռ խմբակցության անդամ եղած ժամանակ քննադատող ու թիմի հետ տարաձայնություններ ունեցած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խոսելուց առաջ նախ պետք է խոսի իր հրաժարականի օրվա մասին, «որովհետեւ ինքն էս ինստիտուտի՝ Ազգային ժողովի ղեկավարը չէ եւ եթե ինքը չի խոսում իր հրաժարականի մասին, արդեն տարաբնույթ մտքեր են առաջանում, որ գուցե Ազգային ժողովն ինքնալուծարման ճանապա՞րհ ընտրի, քանզի նմանատիպ լուրեր կան»։
Խոսվում է, որ ապրիլի կեսերին պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ խորհրդարանը վարչապետ չընտրի, ապա լուծարվի, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Աթաբեկյանն ասաց. «Խոսելը՝ խոսում են, բայց վաղը ոչ ոք չի կարող վարչապետին հարց ուղղել, թե խի հրաժարական չտվեցիր, որովհետեւ ինքն իր տեքստում դա չի նշել»։ Աթաբեկյանը նաեւ կարծում է, որ եթե հունիսի 20-ին ընտրություն լինի, ապա մտավախություն ունի, որ բախումներ կլինեն, «որովհետեւ ընդդիմությունը խոսելու է, որ իշխանությունը վարչական լծակ է օգտագործում, փորձելու են դրա դեմը կանխեն ինչ-որ ձեւով, ու տարատեսակ բախումներ են լինելու։ Իհարկե, եթե չլինի, լավ կլինի, բայց ես կարծում եմ, որ բախումներն անխուսափելի կլինեն»։ Հարցին՝ ինքը կմասնակցի՞ որեւէ ուժի ցուցակով այդ ընտրություններին, Աթաբեկյանն ասաց. «Ես հայտարարել եմ, որ այս պահին 90 տոկոսով չեմ մասնակցի, չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որի հետ կմասնակցեմ ընտրություններին»։
Մանդատը վերցնելուց առաջ դեռ «Իմ քայլից» անկախացած պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը եւս կարծում է, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած օրակարգով արտահերթ ընտրությունների գնալը հղի է մի շարք վտանգներով, եւ կարող են լինել բախումներ։ «Չեմ բացառում, որ կլինեն բախումներ, եւ վստահ եմ, որ վարչական ռեսուրսը մեծ ծավալով օգտագործվելու է, հետեւաբար, դա նաեւ հետընտրական ցնցումների է բերելու։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, որ քաղաքական ճգնաժամն ենք փորձում հաղթահարել ընտրություններով, ըստ էության, ստացվում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ։ Եվ, առհասարակ, ամենաճիշտ տարբերակն այն կլիներ, որ բոլոր ուժերն այն կամքն ունենային, որ ժամանակավոր կառավարություն ձեւավորեին, որը կկայունացներ երկրում իրավիճակը, նոր տաներ ընտրությունների»,- ասաց տիկին Գրիգորյանը։
Հարցին՝ ինքը որեւէ ուժի հետ կմասնակցի՞ ընտրական պրոցեսներին, Գրիգորյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ մինչեւ վերջերս մտածում էի, որ ճիշտ կլինի ընտրություններին չմասնակցելը, բայց Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած էս վերջին այցից եւ այնտեղ հնչեցրած մտքերից հետո ավելի շատ հակված եմ, որ պետք է մասնակցել ընտրություններին։ Էնտեղ տարատեսակ մտքեր էին հնչում՝ առ այն, որ եթե մենք նրանց (ադրբեջանցիներին) թշնամի ենք համարում, նրանք էլ են մեզ թշնամի, այսինքն՝ կեղծ եւ քողարկված խաղաղասիրություն կար, կեղծ մեսիջներ, եւ էնտեղ նաեւ բազմաթիվ ստեր եւ մանիպուլյացիաներ կային, եւ ապագայում մենք քաղաքականությունը պետք է ձեւավորենք այնպես, որ կեղծիքին եւ մանիպուլյացիային տեղ չթողնենք»։ Իսկ ո՞ր ուժի հետ եք մտադիր մասնակցել ընտրություններին, կարո՞ղ է դա լինել սյունեցի համայնքապետերի եւ Վահե Հակոբյանի ձեւավորած «Վերածնվող Հայաստանը»։ «Ես դեռ որոշում չեմ կայացրել, բայց նորից եմ ասում՝ հակված եմ ավելի շատ նրան, որ, ամեն դեպքում, պետք է մասնակցել ընտրություններին։ Առաջարկներ ունեմ տարբեր թեւերից, բայց այս պահին նախ պետք է ինքս ինձ համար որոշեմ՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞ չէ, նոր արդեն կընտրեմ, թե որ կուսակցությունը կլինի»,- ասաց սյունեցի պատգամավորը։