Ինչի հիման վրա են ձերբակալվել Արթուր և Արտակ Սարգսյանները
Հունիսի 10-ին Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։ Նրանց ձերբակալության ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչները հատուկ դաժանությամբ. Ասֆալտին փռելու ակցիա իրականացրեցին` տեսագրելով եւ տարածելով այն:
Եղբայրները, որոնք տեւական ժամանակ բնակվել են Աֆրիկյան երկրներում, հատկապես` Քենիայում, օրեր առաջ են եկել Հայաստան եւ միացել սրբազան շարժմանը: Ըստ պաշտոնական վարկածի, նրանք կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Ձերբակալման օրը նրանց պաշտպանությունը ստանձնած փաստաբան Արսենբ Բաբայանը տեղեկացրեց, որ եղբայրների մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա, ինչը ենթադրում է, որ նրանք ձերբակալվել են մի պատճառով` շարժմանը միանալու համար:
«Հրապարակի» հետ զրույցում Արսեն Բաբայանն այսօր ասաց, որ եղբայրների ձերբակալման ժամկետը լրանում է հունիսի 13-ին ժամը 13։ 50-ին։ Մեղադրանք այս պահի դրությամբ առաջադրված չէ։ Փաստաբանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ վերջիններիս ձերբակալությունը տեղի ունեցած լինի որևէ այլ պետության դիմումի հիման վրա․
«Բացառում եմ, որովհետև զենք կրելու, շրջանառելու կասկածանքով են ձերբակալվել»,- ասաց Բաբայանը։ Նրան հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում մեղադրանք այնուամենայնիվ կառաջադրե՞ն, թե՞ բաց կթողնեն․ «Չեմ կարող այդպիսի կանխատեսում անել, ամեն դեպքում այս պահին որևէ ապացույց չկա, հետևաբար ողջամիտ ենթադրությունը հուշում է, որ ոչ պետք է քրեական հետապնդում հարուցվի, և ոչ էլ առավել ևս կալանքի հարց բարձրացվի»,- ասաց Փաստաբանը։ Բաբայանին հարցրինք նաև, թե Սարգսյան եղբայրներն ինչի հետ են կապում իրենց ձերբակալությունը․ «Բացառապես սրբազան շարժմանը միանալու հետ»,- պատասխանեց պաշտպանը։
Նշենք, որ Արթուր և Արտակ Սարգսյաններին հարթակից ներկայացրել էր «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասելով. «Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»։
Կարծիքներ