Շիրակի նախկին դատախազը նոր պաշտոնի՞ է հավակնում

Շիրակի նախկին դատախազը նոր պաշտոնի՞ է հավակնում

Hraparak.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը շուտով մարզում նոր պաշտոն կստանձնի։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Գրիգորյանը կրկին վերադառնալու է մարզի զինվորական քննչական վարչություն, որտեղ նախկինում  շուրջ 9 տարի աշխատել է։ Գրիգորյանին նոր պաշտոնի հարցում օգնելու է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Ի դեպ նշենք, որ Քյարամյանն ու Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազությունում միասին աշխատել են եւ, ըստ լուրերի, պահպանում են ջերմ հարաբերություններ։

Մեզ հետ զրույցում, սակայն, Շիրակի մարզի նախկին դատախազը շտապեց տեղեկությունը միանգամից հերքել․ «Ձեր ինֆորմացիան սխալ է, կտրականապես հերքում եմ»։ Մեր ճշգրտող հարցին, թե առաջիկայում այլ պաշտոն մարզում հնարավո՞ր է ստանձնի, Գրիգորյանը պատասխանեց․ «Չկա նման բան»։

Հիշեցնենք, որ Գուրգեն Գրիգորյանը մարզի գլխավոր դատախազի պաշտոնից ազատվեց անցյալ տարվա նոյեմբերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։ Նա պաշտոնավարում էր 2021 թվականի հունվարի 29-ից։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա։ Ընդդիմադիր իրավապաշտպանը ԶԼՄ-ներով հայտարարել էր, որ դատախազը մի քանի շինծու քրեական գործեր է հարուցել իր նկատմամբ։ Ինքն էլ սոցիալական ցանցերում քննադատել է Գուրգեն Գրիգորյանին, որից հետո վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարք առաջարկելով։ Կարապետ Պողոսյանի այս հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ տվյալ վարչության ավագ դատախազ Ա․ Մաթևոսյանի գլխավորությամբ, սկսվել էր ծառայողական քննություն՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ։ Այնուհետ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական վարույթ։

Ըստ մեր աղբյուրների՝ շուտով պաշտոն կստանա նաև Գրիգորյանի նախկին տեղակալ Հովհաննես Պողոսյանը, որն աշխատանքից ազատվեց Գրիգորյանի հեռանալուն պես։ Հովհաննես Պողոսյանը ՔՊ-ական ներկայիս պատգամավոր, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմն է եւ հավակնում է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնին։ «Բնականաբար, տեղակալի պաշտոնին կհաջորդի պետի պաշտոնը, հող են նախապատրաստում․․․»,-ասաց մեր աղբյուրը։ Ի տարբերություն Գրիգորյանի, Պողոսյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։