Ռուբեն Վարդանյանը Հ1-ի սեւ ցուցակում է, իսկ մյուսնե՞րը

Ռուբեն Վարդանյանը Հ1-ի սեւ ցուցակում է, իսկ մյուսնե՞րը

Այսօր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը մի հայտարարություն էր տարածել.

«Արցախի համար ճակատագրական այս շրջանում կարևոր ենք համարում Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համապարփակ ներկայացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ նպատակի համար մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն և հարթակ: Հունիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ «Հանրային քննարկում» հեղինակային ծրագրի` Արցախին նվիրված քննարկմանը Պետրոս Ղազարյանը հայտարարեց, թե իրենք բաց են հարթակ տրամադրել բոլոր ուժերին՝ Արցախի հարցում իրենց տեսլականը ներկայացնելու համար: Հիմք ընդունելով եթերում արված հայտարարությունը՝ Պետրոս Ղազարյանին առաջարկում ենք Արցախի խնդրի շուրջ հանրային քննարկման հրավիրել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի ներկայացուցչին՝ Շարժման տեսլականն ու տեսակետը ներկայացնելու համար: Շարժման Գործադիր մարմինը պատրաստ է առաջարկել իր ներկայացուցչին՝ քննարկմանը մասնակցելու համար»: 

Հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանը` «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» ղեկավարը, Նիկոլ Փաշինյանին քնննադատելու պատճառով Հանրային հեռուստատեսության սեւ ցուցակում է եւ բացառված է, որ նրան Հ1-ի եթեր հրավիրեն: Հ1-ի եթերն իշխանություններին պաշտպանող Ստյոպա Սաֆարյանների, Էդմոն Մարուքյանների, Թաթուլ Հակոբյանների համար է միայն բաց: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Հանրային կոչվող հեռուստաընկերությունը գոնե ձեւականորեն պետք է արձագանքի այս դիմումին եւ հրավիրի Ճակատի ներկայացուցիչներից որեւէ մեկին:

Մենք դիմեցինք Ճակատին, հարցնելով` ում են պատրաստվում ուղարկել Հ1-ի եթեր:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման գրասենյակից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ «թեկնածուն կորոշվի հրավերի առկայության դեպքում՝ ելնելով նաև հաղորդման ձևաչափից»: