«Հրապարակ».Գերատեսչություններում իրարանցում է

«Հրապարակ».Գերատեսչություններում իրարանցում է

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, եւ նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության եւ գիտության կամ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն ընդունվելուց հետո հայտարարել են, որ բոլոր նախարարությունների աշխատակազմերն էլ լուծարվելու են, եւ նորից նոր սուպերաշխատակազմ է ձեւավորվելու։

Այս փաստը մեծ տագնապ ու վրդովմունք է առաջացրել համակարգերում։ Նախապես որոշվել է նաեւ, որ որեւէ նախարարությունում փոխնախարարների թվի կրճատում չի լինի, սակայն այդ հարցում եւս մտքափոխվել են, օրինակ՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում երկուական փոխնախարար կլինեն կրթության եւ մշակույթի ոլորտում եւ մեկը՝ սպորտի, մինչդեռ կրթությունում երեքն էին, սպորտում՝ երկուսը։ Եվ ներքին մրցակցություն կա փոխնախարարների միջեւ, չի բացառվում, որ որոշ տեղերում էլ «դրսից» փոխնախարարներ բերվեն։