ԱԱԾ աշխատակիցները տակնուվրա են անում ԲԿ-ի հաշվապահությունը

ԱԱԾ աշխատակիցները տակնուվրա են անում ԲԿ-ի հաշվապահությունը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները կրկին «Ուիգմոր» ԲԿ-ում են, տակնուվրա են անում հաշվապահությունը: 

Ավելի վաղ գրել էինք, որ օրերս իրավապահները խուզարկություններ են իրականացրել առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում։ Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են նաեւ Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունը՝ ՊԱԳ-ը։ 

Մեզ հասած տեղեկություններով՝ գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բախշման հետ, ինչի մասին մենք շաբաթներ առաջ գրել ենք։ Այդ գործի շրջանակներում աշխատանքից ազատվեց ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանը։

Ինչպես նաեւ գրել էինք, որ Ահարոն Բարսեղյանը, ըստ մեղադրանքի, չի ուսումնասիրել «Ուիգմոր»-ի գործունեությունը, անգամ կատարողականը՝  սպասարկումը, եւ շռայլորեն պետպատվեր է տրամադրել։ Դրա համար ԲԿ-ի ռեանիմացիոն ծառայության մակարդակը 2-րդից բարձրացրել է 3-րդ մակարդակի։ Իսկ ի՞նչ է նշանակում 2-րդ եւ 3-րդ մակարդակ։

Ըստ տեխնիկական հագեցվածության՝ 2-րդ մակարդակի դեպքում ռեանիմացիայում 1 օր մահճակալ տրամադրելու համար ԲԿ-ն ստանում է 1 հիվանդի համար 20 հազար դրամ, 3-րդի դեպքում՝ պայմանական 70-80 հազար դրամ։ Պետությունն ավելի շատ գումար է տալիս 3-րդ մակարդակի ռեանիմացիա ունեցող ԲԿ-ներին, քանի որ սպասարկման որակը եւ ծախսերն այս դեպքում ավելի բարձր են։ Ինչպե՞ս է սխեման գործել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով գործում է հանձնաժողով, որը գնահատում է ԲԿ պայմանները, այդ թվում` ռեանիմացիայի պայմանները: Հանձնաժողովն էլ, ըստ լուրերի, ուռճացրել է «Ուիգմոր»-ի սպասարկման որակը, որ ԲԿ-ն 3-րդ մակարդակ ստանա, ու հիմնավորվի պետբյուջեից 600 միլիոն դրամի հատկացումը։ Այս հանձնաժողովի անդամ է եղել նաեւ Ահարոն Բարսեղյանը։ Պարզ է, որ Ահարոն Բարսեղյանը միայնակ եւ ինքնագլուխ չի եղել։ ՊԱԳ-ի ղեկավարն անմիջապես ենթարկվում է առողջապահության նախարարին։ Բարսեղյանը ժամանակին աշխատել է նաեւ Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգարիտա Վարդանյանին պատկանող հիվանդանոցում։ Մամուլը բազմիցս գրել է, որ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը, որն «Ուիգմորը» վարձակալել է, պատկանում է Ավանեսյանի մորը։ Ավելին՝ խոսակցություններ կան, որ Ավանեսյանների ընտանիքը բաժնեմաս ունի այս հիվանդանոցում, որն արդեն գործում է Արաբկիր համայնքում։ Ահարոն Բարսեղյանը, ով անցյալում «Ուիգմոր»-ի հաշվապահն էր, Ավանեսյանի՝ նախարար դառնալուց հետո նշանակվել է ՊԱԳ-ի ղեկավար եւ անգամ իր նախորդի` դատարանով վերականգնվելուց հետո, մի կարճ ժամանակ չպաշտոնավարելուց հետո վերադարձել է նույն պաշտոնին։