Վեդիում ցանկացած գնով նոր ցեմենտի գործարան կառուցելու ոդիսականը շարունակվում է։ Նախ օրենքի համաձայն կազմակերպված հանրային քննարկմանը Վեդիի համայնքապետ, կոկորդիլոսների մեծ սիրահար Գարիկ Սարգսյանը հարկ չէր համարել մասնակցել, իսկ լսումներից հետո արձանագրել է, որ լսումներն անցել են բնականոն և դրական եզրակացություն է տվել գործարանի կառուցման նախագծին։
Հիշեցնենք, որ Վեդիի համայնքապետարանում կազմակերպված լսումներն ընթանում էին ոստիկանական ուժերի աննախադեպ կուտակման պայմաններում։ Լսումներին մասնակցել ցանկացողներին նախ թույլ չէին տալիս մուտք գործել համայնքապետարան, հետո էլ մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան։ Դժվարությամբ նվաճելով լսումներին մասնակցելու իրավունքը՝ մասնագետները, քաղաքացիները մեկը մյուսին հերթ չտալով բաձրաձայնում էին նոր գործարանի կառուցման հետ կապված մտահոգություններ, սակայն ոչ համայնքային իշխանությունների և ոչ էլ ներդրող կազմակերպության ներկայացուցիչները չկարողացան հոդաբաշխ բացատրություններ տալ նրանց առարկություններին ի պատասխան։
Ակնհայտ էր, որ լսումների միակ նպատակը ծածկադմփոց անելն ու ցանկացած գնով խնդրահարույց գործարանի կառուցման թույլտվությունը սղղացնելն էր։ Հավակնություններ ունեցող ընկերության բնապահպանի հիմնավորումներն ուղղակի ծիծաղելի էին, որտեղ նա ներկայացնելով շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատումը, պնդում էր, թե շահագործվող հանքը բնակավայրին չի վնասի, որովհետև, օրինակ, քամին հյուսիսից հյուսիս-արևելք է փչելու, ինչը բնակավայրերի ուղղությամբ չէ: Պարզվում է, որ նոր կառուցվելիք գործարանի սեփականատերերը կարողանում են քամին կառավարել:
Մինչդեռ համայնքի բնակիչները մտահոգ են, որ նոր գործարանի կողմից հանքի շահագործումը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Օրինակ, կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը։ Ներդրողներն այս հարցի պատասխանը ևս չունեին, ինչպես չունեին ջրի սակավության, էկոլոգիական վնասների և գործարանի կառուցման մյուս վտանգավոր հետևանքների վերաբերյալ մտահոգությունների պատասխանները: Ի՞նչ պետք է աներ նորմալ համայնքային իշխանությունը տվյալ պայմաններում. այն, ինչը պահանջում է օրենքը՝ իրական լսումներ կազմակերպեր, լուրջ մասնագետներ ներգրավեր, նոր փորձաքննությունն կազմակերպեր, ի վերջո՝ լսեր իր ժողովրդին։
Սակայն այս ամենի փոխարեն կոկորդիլոսագետ համայնքապետ Գարիկ Սարգսյանն անգամ չմասնակցելով լսումներին՝ դրական եզրակացություն է տալիս խնդրահարույց գործարանի կառուցման կապակցությամբ, թքած ունենալով և բարձրաձանյված մտահոգությունների, և բնապահպանական ռիսկերի և սեփական համայնքի բնակիչների կարծիքի վրա։ Իսկ այն որ այդ գործարանի կառուցումը հենց նույն Վեդի համայնքը լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու՝ պարզից էլ պարզ է, բայց գարիկ սարգսյաններին դա քիչ է հուզում։
Ինչպես ասում են՝ փողին մուննաթ․․․
Արեգ Մարգարյան