Քայլն արված է

Քայլն արված է

Մեր հասարակությունը, տարբեր երեւույթների հետ կապված, լիքը խեղված պատկերացումներ ունի։ Գնահատում է ոչ թե խելքն ու աշխատասիրությունը, այլ ճարպկությունն ու խորամանկությունը։ Ուժեղ համարում է ոչ թե սկզբունքային մարդկանց, այլ ահուսարսափ տարածող, դաժան անձանց։ Քաղաքական գործչի էտալոնն էլ խայտառակ կերպար է՝ լեզվին տվող խաբեբան, մանիպուլյացիաների մեծ վարպետը, գործընկերներին գցողը, ճամբարափոխն ու անսկզբունքայինը կարող են քաղաքական հմուտ գործիչ համարվել։ Ով հմուտ ճառ չի ասում, խոսքում հայհոյանք ու սպառնալիքներ չի կիրառում, մեծ թիկնազորով ման չի գալիս, շատ փող չունի, բարեգործություն չի անում, հանրային մի մեծ շերտի կարծիքով, քաղաքական դաշտում անելիք չունի։ Այդ առումով շատերից լսած կլինեք՝ Արթուր Վանեցյանը մեղմ է, փափուկ է, լավ հռետոր չէ, խարիզմատիկ չէ, ակտիվ չէ։

Մենք հրաժարվել ենք բարեկիրթ ու խաղաղ, կոռեկտ ու հայրենասեր մարդկանց գնահատելուց։ Բարությունը, ժպիտը, առանց գոռալու խոսելն ու սեփական տեսակետը մեղմորեն առաջ տանելը մեզանում այլեւս հարգի չեն։ Պատրաստ ենք ցանկացած մեկին պիտակ կպցնել ու որակումներ տալ՝ առանց ճանաչելու։ Դժվար է ասել, թե իր վերջին քայլով՝ մանդատը վայր դնելով եւ ՀՀԿ-ի հետ դաշինքից հրաժարվելով, Արթուր Վանեցյանն ինչ է շահելու։ Կարողանալո՞ւ է արդյոք մենակ՝ իր թիմով, ինչ-որ հաջողության հասնել եւ կայանալ, որպես անկախ քաղաքական ուժ։ Բայց որ մարդն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ մի անգամ բարձր պաշտոնից, երկրորդ անգամ բարձր կարգավիճակից ու անձեռնմխելիությունից հրաժարվելով, փաստ է։ Երկու դեպքում էլ փորձել է համագործակցել, չի ստացվել։

Հիմա ոչ թե կառչում է իր ունեցած կոմֆորտից, այլ հրաժարվում է փափուկ կյանքից՝ չնայած սպասվող դժվարություններին ու վտանգներին։