Փաշինյանն իր հայտարարությամբ Իրանին զրկեց միջանցքի օրակարգը զսպելու հնարավորությունից

Փաշինյանն իր հայտարարությամբ Իրանին զրկեց միջանցքի օրակարգը զսպելու հնարավորությունից

Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հասցրել է մի շարք «ցնցող» հայտարարություններ անել։ Զրուցել ենք պ․գ․թ․, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ։

- Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծում։ Նման հայտարարություն է անում, իբրեւ թե Ադրբեջանի ռազմական հռետորիկան զսպելո՞ւ համար, թե՞ ակնարկում է, որ Հայաստանին ոչ մի անվտանգային կառույց պետք չէ։ 

- Պիտի հասկանանք, թե ով է այդ հայտարարության թիրախային լսարանը։ Երբ որ Հայաստանը հայտարարում է, որ մենք դե ֆակտո սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, եւ հետո լսում ենք հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է դուրս գալ, դա դիվանագիտական հաղթանակ է Արեւմուտքի համար։ Արեւմուտքը եւ Ռուսաստանը մեր տարածաշրջանը դիտարկում են որպես մարտադաշտ։ Ի՞նչ կարող է Հայաստանը ստանալ այդ ուղղությունից, եթե Հայաստանը շարունակում է հակառուսական հայտարարություններ եւ քայլեր անել, կարող է ակնկալել աջակցություն Արեւմուտքից։ Հիմա չգիտենք, թե ինչ աջակցության մասին է խոսքը։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ թիրախային լսարանը Ռուսաստանն է։ Երբ Հայաստանն այսպիսի հայտարարություններ է անում, կա 2 օպցիա․ Հայաստանը ցանկանում է պայմանավորվել ինչ-որ մի ձեւ Ռուսաստանի հետ, ու այդ հայտարարությունը տորգի մասերից մեկն է։ Կամ` Հայաստանը ցույց է տալիս, որ ուզում է տարանջատվել՝ անվտանգության հարց, տնտեսություն, էներգետիկ եւ այլ հարցեր, որովհետեւ ՌԴ-ից կարծես թե հունիսին շատ հստակ ուղերձ էր հնչել՝ Պրիմակովի ֆորումի ժամանակ, որ Հայաստանը չի կարող տարանջատել անվտանգության, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն այլ ոլորտներից։ Նշանակում է, եթե դու փչացնում ես հարաբերությունները մեկ ոլորտում, դա կարող է արտացոլվել նաեւ այլ ուղղությունների վրա։ Եթե Հայաստանը ցանկանում է ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվել, շեշտեմ՝ ես իլյուզիաներ չունեմ ՀԱՊԿ-ի հետ կապված, որ իրենք պատրաստ են զորք ուղարկել՝ չեմ պատկերացնում, որ ղազախստանցիք Ջերմուկում կգնան կռվեն, կամ բելառուսցիները Ճակատենը կպաշտպանեն։ Սակայն կարեւոր է նշել, որ ՀԱՊԿ-ն առաջարկել էր օգնություն՝ ռազմատեխնիկական աջակցություն, զենք ու զինամթերք ուղարկել Հայաստան, որպեսզի անվտանգության սպառնալիքներին դիմադրությունն ուժեղացնենք։ Եվ այդ հարցը գրեթե պայմանավորված էր, սակայն ՀՀ-ի համար կարեւոր էր, որ ՀԱՊԿ-ը տա քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը խախտել է սահմանը։ 

- Իսկ Թուրքիային ու Ադրբեջանին ուղղված բան չկա՞ այս հայտարարության մեջ։ Ինչպե՞ս կարող են իրենք դա ընկալել։ 

- Մեսիջը կարող է լինել հետեւյալը Հայաստանը պատրաստ է ունենալ չեզոք կարգավիճակ՝ այն առումով, որ մենք կբավարարենք ձեր պահանջները։ Հիշեցնեմ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար շատ կարեւոր է, որ Հայաստանն ունակ չլինի դիմանալ ու դիմադրել։ Եվ առաջին հայտարարությունը` որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար, հնչեց 2020 թ. հունվարին։ Բայց բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանի ներկայությունը խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի համար։ Հետո ՀՀ իշխանությունները կասեն՝ քանի դեռ մենք ունենք Ռուսաստանի ներկայություն, մենք ընկալվում ենք որպես թշնամական` մեր հարեւանների համար, եւ մեզ համար դա ստեղծում է սպառնալիք, ու որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը մեր մեջ չտեսնեն թշնամի, չպետք է ունենանք այստեղ ՌԴ ներկայություն։ Եվ այդ մեսիջը, եթե այն ուղղված է Ադրբեջանին եւ Թուրքիային, նշանակում է, որ մենք պատրաստ ենք բավարարել ձեր պահանջները, լինել չեզոք պետություն՝ առանց որեւէ պետությունների ռազմական ներկայության։ Չորրորդ․ ներքին լսարանի համար դա շարունակությունն է այն նարատիվի, որ Հայաստանն ընդհանրապես դաշնակից չունի, եւ դա կարող է արդարացնել որոշակի քայլերը։ Խոսքը գնում է շարունակական զիջողականության մասին։ 

- Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ օկուպացված տարածքներից ադրբեջանցիներին կհեռացնեն միայն բանակցություններով։ Ակնարկում է, որ այդ տարածքները հետ բերելու մասին հայկական կողմը չի մտածում, ոչ էլ փորձելու է։ 

- Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ներառված չի լինի Հայաստանի տարածքների դեօկուպացիան, որովհետեւ Ալիեւը շատ հստակ հայտարարեց` մենք մի սանտիմետր դուրս չենք գա։ Թող լինի դելիմիտացիայի քարտեզը, միջպետական սահմանի պայմանագիրը մինչեւ կնքենք ու հասնենք դեմարկացիայի, դա կարող է 50 տարի տեւել։ Շատ լավ օրինակ ունենք, թե ինչպես չեն ավարտել դեմարկացիան Ադրբեջանն ու Վրաստանը, Ռուսաստանն ու Ղազախստանը եւ տասնյակ այլ պետություններ ու առանց դրա ապրում են։ Նշանակում է՝ այդ տարածքը կմնա Ադրբեջանի օկուպացիայի տակ, եւ Հայաստանն ուժ չի կիրառի այդ տարածքները հետ բերելու համար, որն օրենքով ՀՀ-ինն է։ Հետեւաբար, կարող ենք ասել, որ սա Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն է, եթե գնում ենք այս ուղղությամբ։ 

- Ասաց նաեւ, որ հնարավոր ռիսկերը կառավարելու հնարավորության դեպքում, միանշանակ, ԵՄ անդամակցության կգնան։ Սա ինչի՞ մասին է խոսում։ 

- Իրենք պետք է պատասխանեն, ես կարող եմ միայն ենթադրությունս ներկայացնել։ Մինչ այդ ՀՀ իշխանությունն աջակցում էր ԵՄ անդամակցության օրակարգին, հիմա էլ են աջակցում, եւ խոսում է ռիսկերի մասին։ Ես չեմ ուզում իրենց փոխարեն ենթադրել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը։ Գուցե խոսքը Վրաստանում ընտրությունների արդյունքների մասին է, երբ որ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը մնա սառեցված եւ ընդհանրապես կարող է օրակարգից դուրս գալ, եթե Վրաստանում իշխող կուսակցությունը հաղթի: Հետեւաբար, Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը ձգտում է դեպի ԵՄ, շրջափակված երկրներով, որոնք շահագրգռված են շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ… Ոնց հասկանում եմ` այդ մասին է մեսիջը, որ ՀՀ-ն, շարունակելով իր դիվանագիտական ջանքերը ԵՄ-ի ուղղությամբ, կարող է լինել այն վիճակում, որ ԵՄ-ի հետ կապ չունենա։ Որովհետեւ Թուրքիայի հետ սահմանը փակ է, Վրաստանի հետ ԵՄ-ն կարող է խնդիրներ ունենալ, հետեւաբար, դա կարող է ռիսկեր ստեղծել, եթե դու գնում ես ԵՄ-ի ուղղությամբ։ 

- Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին նույն պայմաններով է տարանցիկ ուղի առաջարկում, ինչ Իրանը։ Սա Իրանին ուղղված հարված չէ՞, հաշվի առնելով այն, որ Իրանն իր տարածքով միջանցք էր առաջարկում Ադրբեջանին։ 

- Իրանն առաջարկեց իր տարածքով անցնող միջանցք, որպեսզի նվազեցնի Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ճնշումը Հայաստանի վրա։ Դա էր հիմնական նպատակը։ Ադրբեջանը պնդում էր, որ ինքը պիտի կապ ունենա Նախիջեւանի հետ, Իրանն էլ ասում էր՝ եթե կապ եք ուզում, ինչո՞ւ պարտադիր Հայաստանի միջով, մենք պատրաստ ենք ձեզ այդ կապը տալ։ Իրանը շատ կոնստրուկտիվ առաջարկ արեց, որն Ադրբեջանը ստիպված էր ընդունել, այլ ճար չկար։ Եվ հիմա, երբ Հայաստանն ասում է, որ պատրաստ է տալ այդ ճանապարհը՝ այն կարգավիճակով, որ Իրանն է տալիս, այլեւս Իրանին դժվար կլինի զսպել Զանգեզուրի միջանցքի օրակարգը։ Բոլորս հասկանում ենք, որ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան, փորձելով օգտագործել Ռուսաստանին, ճնշում են Իրանին, որ մի քայլ հետ անի Զանգեզուրի միջանցքի իր դիրքորոշումից։ Եվ երբ որ ինքը չի ստանում բավականին աջակցություն Հայաստանից, այլ, հակառակը՝ Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ քննարկում է եւ պատրաստ է միջազգային մասնավոր կազմակերպության ներկայությամբ բացել ճանապարհը, դա թուլացնում է Իրանի դիվանագիտական դիրքը՝ սա շատ կարեւոր է հասկանալ։ Դա նույնն է, ինչ Արցախի վիճակը, երբ Թուրքիան Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ադրբեջանը ճանաչեց, Հայաստանը ճանաչեց, Ռուսաստանը փորձում էր ապագային թողնել Արցախի կարգավիճակը, ստեղծեցին նոր իրավիճակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հավաքեցին կոնսենսուս։ Թուրքիան ուզում է ճանապարհ, Արեւմուտքն ուզում է, Ադրբեջանն ուզում է, Ռուսաստանն ուզում է, բոլորն ուզում են ճանապարհ, բացի Իրանից։ Իրանի համար շատ դժվար կլինի դիմագրավել այս օրակարգին։ 

- Կարո՞ղ ենք ասել, որ այս հայտարարությունը հակապետական է, հակահայկական, ՀՀ-ի դեմ։ 

- Ըստ իս, այսպիսի հայտարարություններն ու որոշումները չեն բխում Հայաստանի ազգային եւ պետական շահերից՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք մեր դեմ կան, եւ այն պոտենցիալ շահակիցներն ու դաշնակիցները, որոնք մեր կողքը կանգնած են, որովհետեւ մենք կարող ենք բոլորին կորցնել՝ ձեռք չբերելով նոր շահակից եւ դաշնակից։