Հասարակություն

Եթե նման բան լինի, առաջինը մենք կզգուշացվենք

Եթե նման բան լինի, առաջինը մենք կզգուշացվենք

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզում ադրբեջանցիներն ինչ-որ չափագրումներ են իրականացնում, GPS-ով սահմանազատման աշխատանքներ անում, որոնց հետեւանքով Սյունիքի ճանապարհների տարբեր հատվածներ մեկ էլ հանկարծ հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս գրեց, որ ադրբեջանցիները չափագրումներ են սկսել անել նաեւ Տավուշի մարզում, սակայն այս տեղեկությունները Տավուշի մարզպետարանն ու ՊՆ-ն օրեր շարունակ հերքում էին, չնայած լուսանկարներ տարածվեցին, որ ռուս զինվորականները՝ խաղաղապահները, Իջեւանում առեւտուր են անում, ինչը կասկածների տեղիք տվեց։ 

Մենք փորձեցինք հասկանալ, թե ուրիշ որտեղ ունենք վտանգի տակ գտնվող տարածքներ, որոնք մի օր նույնպես կարող են GPS-ով սահմանազատումների ենթարկվել։ Մասնավորապես, սահմանամերձ է նաեւ Արարատի մարզը, որտեղ Տիգրանաշեն համայնքը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ իր նախկին՝ Քյարքի անունով, սահմանամերձ գյուղերից է, այն անկլավ է եղել, այսինքն՝ պատկանում է Հայաստանին, սակայն այդ նույն GPS-ով կարող են ասել, որ գտնվում է Նախիջեւանի տարածքում։ Տիգրանաշենը խոշորացված Պարույր Սեւակ համայնքի կազմում է գտնվում։ Մենք զրուցեցինք Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ։ Հարցրինք, թե կարո՞ղ է մի օր էլ GPS-ն իրենց գյուղ  հասել։

«Ճիշտն ասած, ես նման հարցերի չեմ կարող պատասխանել, որովհետեւ նման տեղեկություններ չունենք, մենք նման բան չգիտենք, եթե մենք նման տեղեկություններ ունենայինք, Ձեզ կասեինք»,- ասաց համայնքապետը։ Ստեփանյանին հարցրինք՝ տեսնելով Սյունիքի վիճակը, իշխանություններից՝ մարզպետից կամ որեւէ այլ մեկից չե՞ն հարցրել, թե այդ սահմանազատումները կարո՞ղ են մի օր էլ իրենց վերաբերել, ճշտումներ փորձե՞լ է անել։

«Իմ հասկանալով՝ եթե նման բան լինի, առաջինը մենք կզգուշացվենք, իսկ մենք նման զգուշացում չենք ստացել, մեր հետաքրքրվելն էլ պատճառ չունի»,- պատասխանեց համայնքապետը։ Նրան հարցրինք նաեւ, թե բնակչության շրջանում անհանգստություն չկա՞ այս հարցով։

«Անհանգստություն չկա, խուճապ չկա, համայնքը զբաղվում է իր առօրյա հոգսերով։ Խուճապը, ես ինչպես հասկացա, Ֆեյսբուքի տարածքում է լինում։ Եթե համայնքում մտավախություններ լինեն, ժողովրդի մեջ խուճապ լինի, ապա նման դեպքերում ես կարող եմ իրենց ձայնը բարձրացնել, բայց դեռ նման բան տեղի չի ունեցել, այդ պատճառով էլ մեծ ուշադրություն չենք դարձրել»։

Համայնքապետից փորձեցինք ճշտել, թե ինչ զորքեր են հսկում Նախիջեւանի հետ սահմանը, մե՞ր զինված ուժերն են, կամավորնե՞ր են, թե՞ սահմանապահներ, սակայն համայնքապետն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին․ «Ներողություն եմ խնդրում, որ այսպես եմ պատասխանում, բայց դա պաշտպանության նախարարությանն առնչվող հարց է, խնդրում եմ՝ իրենցից ճշտեք»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image